Գլխավոր Լրահոս

ԱԲ-ով ստեղծված նկարներ և կեղծ պատմություններ՝ Լոպեսի համերգին զուգահեռ

ԱԲ-ով ստեղծված նկարներ և կեղծ պատմություններ՝ Լոպեսի համերգին զուգահեռ

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում կայացած համերգին զուգահեռ սոցցանցերում շրջանառվում են արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված լուսանկարներ, որոնք ուղեկցվում են կեղծ պատմություններով։

Օրինակ, գրառումներից մեկի համաձայն՝ երգչուհին իբր բնակարան է նվիրել 55-ամյա մի կնոջ, մեկ այլ գրառմամբ՝ Երևանում խոշոր թեյավճար է թողել 21-ամյա մատուցողին։

Այս գրառումները հարյուրավոր մեկնաբանություններ ու տարածումներ են հավաքել սոցցանցերում։ Մինչդեռ դրանց հիմնական նպատակը հայտնի երգչուհու անունը շահարկելն ու դրա հաշվին դիտումներ հավաքելն է։ 

Մուրացիկ կնոջից մինչև խոշոր թեյավճար․ ի՞նչ էին գրում սոցցանցերում

«Երևանում Լոպեսին մոտեցավ մուրացիկ կինը։ Երգչուհու այս քայլը ցնցել է բոլորին» և «Լոպեսը բնակարան է նվիրել 55-ամյա Աստղիկին» վերնագրերով գրառումներին կցված է yerevanblog.com կայքի հոդվածը։ Թեև վերնագրում նշվում է 55-ամյա կնոջ մասին, սակայն կից տեսանյութում ներկայացված կնոջ տարիքն այլ է։

Էկրանապատկերը՝ yerevanblog.com կայքից

#CivilNetCheck-ը ստուգել է գրառմանը կից լուսանկարը ԱԲ պատկերների հայտնաբերման մի շարք գործիքներով, որոնք եզրակացրել են, որ այն 99% հավանականությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։ Ըստ վերլուծության՝ պատկերը գեներացվել է OpenAI ընկերության GPT-4o մոդելի միջոցով, որը տեքստային նկարագրության (prompt) հիման վրա իրականությանը մոտ, բարձրորակ պատկերներ է ստեղծում։ Հարկ է նշել, որ հոդվածում հիշատակված կնոջը հնարավոր չէ նույնականացնել, իսկ տեղեկությունը չի հաստատվում վստահելի այլ աղբուրներով։

Էկրանապատկերը՝ sightengine.com-ից

Թեև լուսանկարն իբր արվել է Հանրապետության հրապարակում, ԱԲ տեխնոլոգիան ստեղծել է հրապարակի ոչ ճշգրիտ պատկերը. մասնավորապես, պատկերի ետնամասում բացակայում են շատրվանները, իսկ ճանապարհը սխալ տեղում է։

Օգոստոսի 3-ին Լոպեսի երևանյան համերգի ժամանակ սոցցանցերում տարածվեց նաև կեղծ տեղեկություն, թե իբր հայազգի երգչուհի Մալենան անակնկալ բեմ է բարձրացել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը. համերգի ժամանակ նման դեպք չի գրանցվել։

Մատուցողին խոշոր թեյավճար տալու մասին գրառումները ևս ուղեկցվում են ԱԲ-ով ստեղծված լուսանկարով։ Ստուգումը ցույց է տվել, որ այս պատկերը նույնպես գեներացվել է GPT-4o մոդելի միջոցով։

Էկրանապատկերը՝ sightengine.com-ից

Նմանատիպ կեղծիքների հիմնական նպատակը կից հղումներով կայքերի այցելություններ ապահովելն է՝ գովազդից եկամուտ ստանալու համար։ Օգտատերերին հղումով անցնելու համար հաճախ օգտագործվում են «այս քայլը ցնցեց բոլորին», «շոկային», «վերջապես լավ լուր» և նմանատիպ այլ գրավիչ ձևակերպումներ։

Կարդա նաև՝ Զգուշացե՛ք քլիքբեյթ թակարդից․ ինչպես են «սունկ» կայքերը թիրախավորում հայերին սոցցանցերում

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում