Գլխավոր Լրահոս

Դիփֆեյք հաղորդումներով նոր խարդախության թիրախում բրոքերների զոհերն են

Դիփֆեյք հաղորդումներով նոր խարդախության թիրախում բրոքերների զոհերն են

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնք ներկայացվում են իբր լրատվական հաղորդումներ՝ միջազգային խարդախների ձերբակալության և տուժածներին գումարների վերադարձի մասին։ Գովազդներում առաջարկվում է իրավաբանական օգնություն՝ խոստանալով վերադարձնել բրոքերների զոհ դարձած քաղաքացիների կորցրած գումարները։

Facebook-ում և Instagram-ում «Vektor - Юридическая помощь» և համանման անվամբ էջերը տեղադրում են գովազդներ, որոնք թիրախավորում են նաև հայաստանցի օգտատերերին։ Գովազդներում նշվում է, որ ընկերությունն օգնում է վերադարձնել խարդախ բրոքերների կողմից գողացված գումարները՝ «առանց կանխավճարի, միայն արդյունքի դիմաց վճարմամբ»։

Էկրանապատկերում՝ Facebook-ում տարածվող գովազդները՝ դիփֆեյք տեսանյութերով

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդային արշավը՝ պարզելով, որ տարածվող տեսանյութերը կեղծ են և իրականում ֆինանսական խարդախության նոր սխեմա։

Արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրեր

Գովազդներին կցված տեսանյութերում ներկայացվում են իբր ռուսական խոշոր հեռուստաալիքների լրատվական թողարկումներ։ Դրանցում հաղորդավարները պատմում են իրավապահների կողմից միջազգային խարդախների ձերբակալության մասին։

Տեսանյութում ներառված է նաև հորինված «տուժածի» վկայությունը, որն իբր վերադարձրել է ներդրումային սխեմաներում կորցրած իր գումարները գովազդվող ընկերության միջոցով։

Խարդախներն օգտագործել են դիփֆեյք տեխնոլոգիաներ՝ ստեղծելու ռուսական հեռուստաալիքների հաղորդավարների՝ Եկատերինա Բերեզովսկայայի («Первый канал») և Արտյոմ Պառնակի («ТВ Центр») սինթեզված ձայները և շուրթերի շարժումները։ 

Էկրանապատկերում՝ կեղծ տեսանյութի հակադարձ որոնման արդյունքը

Կարևոր է նշել, որ նման ռեպորտաժ երբևէ չի հեռարձակվել որևէ հեռուստաալիքի եթերում։ Զեղծարարներն ուղղակի վերցրել են հրապարակված իրական հաղորդումներից հատվածներ և արհեստական բանականության միջոցով փոփոխել դրանք։ 

Խարդախության մեխանիզմը և կարմիր դրոշակները

Գովազդներին կից հղումները տանում են կասկածելի կայք, որի դոմեյնը գրանցվել է ամիսներ առաջ։ Սեփականատերերի տվյալները թաքցված են, իսկ կայքում բացակայում են իրավաբանական ընկերության պաշտոնական տվյալները՝ գրանցման համարը, հասցեն, լիցենզիաները։

Էկրանապատկերում՝ vektor-exclick.com դոմեյնի WHOIS տվյալները

Կայքում պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն, հեռախոսահամար և կորցրած գումարների մասին տեղեկություններ։ Տվյալները լրացնելուց հետո խարդախները զանգահարում են՝ ներկայանալով որպես իրավաբաններ կամ ֆինանսական խորհրդատուներ։

Նրանք սկզբում խոստանում են «անվճար հետաքննություն» իրականացնել, այնուհետև պնդում, թե գտել են կորցրած գումարները և դրանց վերադարձի համար անհրաժեշտ է վճարել միջնորդավճար կամ այլ հորինված վճարներ։ Գումար ստանալուց հետո խարդախներն անհետանում են։

Էկրանապատկերում՝ խարդախների կայքի գլխավոր էջը

Սա նման է նախկինում #CivilNetCheck-ի բացահայտած խարդախություններին, երբ օգտագործվել էին ոստիկանության անունից տարածվող կեղծ գովազդներ կամ հայտնի անձանց դիփֆեյքեր։ Բոլոր դեպքերում խարդախները փորձում են շահել տուժածների վստահությունը՝ օգտագործելով հեղինակավոր կազմակերպությունների կամ անձանց անունները։

Վերջին ամիսներին նմանատիպ դիփֆեյք տեխնոլոգիաներ են օգտագործվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործարար Ռուբեն Վարդանյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերում։

Այսպիսով, լրատվական թողարկումների տեսքով տարածվող տեսանյութերը, որոնք խոստանում են վերադարձնել բրոքերների զոհերի գումարները, կեղծ են և հանդիսանում են ֆինանսական խարդախություն։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում