Հայկ Հովհաննիսյան
Հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում օգոստոսի 18-ին լայնորեն տարածվեց լուսանկար` «Եվրոպական առաջնորդները Սպիտակ տան միջանցքում սպասում են» վերտառությամբ։ Դրանում երևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք, որոնք նստած են Սպիտակ տան միջանցքում՝ իբրև սպասելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։
Լուսանկարը շրջանառվել է այն ժամանակ, երբ Սպիտակ տանը տեղի էր ունենում Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի մի շարք առաջնորդների հանդիպումը։ Այն ներկայացվում էր որպես հանդիպումից առաջ արված կադր, ինչի պատճառով էլ լայն տարածում ստացավ։
Լուսանկարը տարբեր վերնագրերով տարածել են Yerkir.am, Lurer.com, «Իրավունք» թերթի, Hraparak.am և այլ լրատվամիջոցներ, ինչպես նաև ֆեյսբուքյան բազմաթիվ էջեր։

#CivilNetCheck-ը ստուգել է լուսանկարի իսկությունը և պարզել, որ այն կեղծ է և ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
Լուսանկարում AI-ի ակնհայտ նշաններ կան
Լուսանկարի հետադարձ որոնումը թույլ է տալիս գտնել դրա բարձր որակով բնօրինակը, որտեղ առավել տեսանելի են արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներին բնորոշ աղավաղումներ և անճշտություններ։
Մասնավորապես, լուսանկարում Էմանուել Մակրոնին և Ուրսուլա ֆոն դեր Լայենին նմանվող կերպարների միջև երևում են ավելորդ զույգ ոտքեր առանց մարմնի։ Մյուս եվրոպական առաջնորդների կերպարներն առհասարակ նման չեն իրենց։

Լուսանկարում պատկերված է յոթ մարդ, այդ թվում՝ երեք կին, մինչդեռ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցել են միայն երկու կին առաջնորդներ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
Հետադարձ որոնումը հաստատում է կեղծիքը
Այս պատկերն առաջին անգամ օգոստոսի 17-ին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հրապարակել է @Greg4Patriot օգտատերը, որը հաճախ է տարածում արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ։
Արհեստական բանականության հայտնաբերման Hive գործիքը և մի շարք այլ նմանատիպ հարթակներ 99 տոկոս հավանականությամբ հաստատել են, որ պատկերը պարունակում է ԱԲ-ով ստեղծված բովանդակություն։

Հարկ է նշել, որ Սպիտակ տունը և եվրոպական առաջնորդների գրասենյակները չեն հրապարակել նմանատիպ պաշտոնական որևէ լուսանկար։ Որևէ միջազգային հեղինակավոր լրատվամիջոց չի հրապարակել եվրոպացի առաջնորդների՝ միջացնքում սպասելու մասին տեղեկություն կամ կադրեր։
Այսպիսով, եվրոպական առաջնորդների միջանցքի լուսանկարը արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ պատկեր է։
CivilNetCheck











