Արդեն յոթ տարի է, ինչ իշխանությունները չեն կարողանում կյանքի կոչել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից Սևանավանք ձգվող ճեմուղու կառուցումը։ Դեռ 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե կառուցվելիք ճեմուղին դառնալու է Հայաստանի այցեքարտերից մեկը։
«Առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»,- ասել էր Սարգսյանը։
Տարիներ անց խոստացված 10 կմ երկարությամբ ճեմուղու միայն փոքր մասը՝ 2,8 կմ հատվածն են սկսելու կառուցել։
#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է թեմային, սակայն նախորդ հրապարակումից տարիներ անց՝ ծրագիրը էական առաջընթաց չի ունեցել։
Տես նաև՝
Ի՞նչ է նախատեսվում ծրագրով
Շրջակա միջավայրի նախարարության՝ դեռ 2018-ի սկզբին մշակած «Սևան» ազգային պարկի 2018-2023 միջոցառումների ծրագրում ընդգրկվել էր Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցումը։ Ճեմուղու երկայնքով նախատեսվում էր ստեղծել քոթեջներ, հյուրանոցներ, առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտներ, զբոսայգիներ, զուգահեռ նախատեսվում էր ունենալ հեծանվուղի։ Դրա կատարման ժամկետ էր նշվել 2019-2023 թվականները։

Տարածքի վարձակալները դեմ են ծրագրին
Ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի «Արխիտոն» ընկերության հետ 2019-ի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն կնքել էր Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքների պայմանագիր, որն արժեցել է 43 մլն դրամ։ Ըստ դրա՝ ընկերությունն աշխատանքները պետք է իրականացվեր երեք փուլով։
«Արխիտոն» ՍՊԸ-ն իրականացրել էր առաջին և երկրորդ փուլերով նախատեսված աշխատանքները, սակայն երրորդ՝ հանրային լսումների փուլում խնդիրներ էին առաջացել։
Բանն այն է, որ ճեմուղու տարածքում կան վարձակալներ, որոնց հետ համաձայնության գալուց և փոխհատուցում տրամադրելուց հետո, վերջիններիս կողմից շահագործվող հանգստի գոտիները պետք է ապամոնտաժվեին։ Սակայն վարձակալները հանրային լսումների ժամանակ դեմ են արտահայտվել ծրագրին և հանգստի գոտիների ապամոնտաժմանը։
10 կմ-ից ներկայում նախատեսվում է 2,8 կմ-ը կառուցել
Շրջակա միջավայրի նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ճեմուղու նախագծման ընթացքում առաջացած խնդիրների պատճառով առաջարկվել է առաջնահերթությամբ մշակել Հարսնաքար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի՝ 2,8 կմ երկարությամբ և 6,5 մ լայնությամբ հատվածը։
Քաղաքաշինության կոմիտեն նույնպես հաստատում է, որ հիմնական ծրագրից որպես առաջնահերթություն առանձնացվել է ճեմուղու կառուցումը ցածր՝ 1902-1902.5 նիշում։
Այսինքն՝ ամբողջական 10 կմ-ից առայժմ կառուցվելու է 2,8 կմ-ն՝ 1902-1902,5 նիշում։ Կոմիտեի պատասխանի համաձայն՝ սրանից առաջին փուլով իրականացվելու է «Բոհեմյան» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի մոտավորապես 1,4 կմ երկարությամբ հատվածի կառուցումը։
Այս հատվածում ծրագիրն առնչվում է 20 տնտեսվարողի գույքի հետ, որոնք, ըստ պատասխանի, նախնական քննարկումների ժամանակ հիմնական դրույթների վերաբերյալ հայտնել են իրենց համաձայնությունը։
Կառուցվող հատվածը ներառելու է հետիոտնային ճեմուղի, հեծանվային շավիղ, դիտահարթակ, համայնապատկերային վերելակ և այլն։

Քաղաքաշինության կոմիտեն չի նշել կառուցվելիք 1.4 կմ հատվածի վերջնաժամկետը. ըստ պատասխանի՝ այն կհստակեցվի շինարարական աշխատանքների գնման ընթացքում՝ Սևանի զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո։
Այսպիսով, տարիներ առաջ հայտարարված Սևանի ճեմուղու կառուցումը դանդաղում է։ Ճեմուղին թեև ընդգրկված էր «Սևան» ազգային պարկի 2018-2023 միջոցառումների ծրագրում, սակայն նշված ժամկետում չի ավարտվել։ Առաջացած խնդիրների հետևանքով՝ նախատեսված 10 կմ-անոց ճեմուղու միայն 2.8 կմ-ի կառուցման աշխատանքներն են սկսվելու առաջիկայում։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











