Գլխավոր Լրահոս

Շինաշխատանքներ Ծիծեռնակաբերդում․ ի՞նչ է իրականում կատարվում

Շինաշխատանքներ Ծիծեռնակաբերդում․ ի՞նչ է իրականում կատարվում

Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում օգոստոսի 25-ից լայն տարածում է ստացել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող շինարարական աշխատանքներից լուսանկարներ և տեսանյութեր։ Մասնավորապես, հուշահամալիրի հավերժության տաճարի թեք մույթերի ապամոնտաժված սալաքարերի պատկերները տարբեր քննարկումների և մտահոգությունների առիթ են դարձել։ 

Կատարվող շինաշխատանքների վերաբերյալ տարածվել են նաև վիճահարույց պնդումներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը գնացել է այդ պնդումների հետքերով

Ի՞նչ պնդումներ են տարածվում

«Հուշահամալիրը քանդում են». ամենատարածված պնդումն այն է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը «ապամոնտաժում», «քանդում», «ավերում» կամ էլ փորձում են փոփոխել դրա տեսքը։

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «վերանորոգման» անվան տակ սկսվել է հուշահամալիրի քանդումը։ Նա գրել է. «Քանդելով հիշողության խորհրդանիշը՝ մեզ պարտադրում են հրաժարվել մեր պատմական շարունակականությունից»։ Այս պնդումը արտատպել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ News.am, Mamul.am, 24News.am, Times.am և այլն։ 

Էկրանապատկերում՝ ՊԵԿ նախկին ղեկավարի ֆեյսբուքյան գրառումը

Մինչդեռ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և հուշահամալիրի համահեղինակ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դեռ 2024-ի հոկտեմբերի 3-ի հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրել էին նախատեսվող երկփուլ հիմնանորոգումը։

Վերանորոգման առաջին փուլը՝ հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների  կաթիլային ոռոգման համակարգի կառուցումը իրականացվել է 2024 թվականին։ Այժմ ընթանում է աշխատանքների երկրորդ փուլը, որը, ինչպես հայտարարվել էր, մեկնարկել է 2025 թվականին։ 

Էկրանապատկերում՝ թանգարանի 2024-ի հոկտեմբերի պաշտոնական հայտարարությունը

Ավելին, հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը ներկայում ղեկավարում է աշխատանքները։ Օգոստոսի 25-ին 168.am-ին տված հարցազրույցում Քալաշյանը հաստատել է, որ հուշահամալիրի տեսքը չի փոփոխվելու. «բոլորը գիտեն, որ նույնությունը պետք է պահպանվի, ոչ մի բան չպիտի փոխվի»։

Ըստ Քալաշյանի՝ շուրջ 60 տարվա ընթացքում հուշահամալիրում այդպես էլ չի լուծվել ջրահեռացման խնդիրը, և ըստ նրա՝ արտաքին ճակատներից անձրևաջրերի ներթափանցումը դեպի ներս հանգեցրել է նրան, որ ներսի ճակատների քարերի մեծ մասը աղակալվել, երբեմն էլ քայքայվել են։ 

Էկրանապատկերը՝ ԿԳՄՍՆ-ի՝ հուշահամալիրի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթի հայտից

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը դեռ 2024-ի հոկտեմբերին նշել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է անցկացնել դրենաժային համակարգ և ջրամեկուսացնել հուշահամալիրի արտաքին շերտը։ 

«Հուշահամալիրը փակ է լինելու ապրիլի 24-ին». տարածվում է պնդումն, որ շինաշխատանքները դիտավորյալ չեն ավարտի մինչև 2026-ի ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշվում է. «Հավատում եք, չէ՞, որ էդ նորոգման աշխատանքները մինչև Ապրիլի 24 չեն ավարտի, որ [Թուրքիայի նախագահ] Էրդողանին նվեր անեն»։

Այս մտավախությունն անհիմն է։ Նախ՝ թանգարան-ինստիտուտը պաշտոնապես հայտարարել է, որ աշխատանքներն իրականացվում են հատվածաբար՝ երկուական մույթերով (հենասյուներով)։ Նպատակը հուշահամալիրը այցելուների համար բաց պահելն է, առավել ևս հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին։

Ճարտարապետ Քալաշյանն 168.am-ին ասել է. «Հիմա կհասցվեն էդ բոլոր մույթերը էս տարի, թե չեն հասցվի..տա Աստված հասցվի մինչև Ապրիլի 24-ը։ Բայց կարծում եմ՝ չի հասցվի, դրա համար մենք առաջարկել ենք աշխատանքը կատարել հատվածաբար [...], որպեսզի 24-ին մարդկանց հոսքը դեպի ներս, դեպի կրակը մնա ուժի մեջ»։

Թանգարան-ինստիտուտը 2025-ի օգոստոսի 25-ին տարածած պարզաբանման մեջ վստահեցրել է՝ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար»։

«Աշխատանքները կապված են Խաղաղության համաձայնագրի հետ». կատարվող աշխատանքները որոշ անձինք կապել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ բանակցությունների և նախաստորագված Խաղաղության համաձայնագրի հետ։ Այսպես, օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է, թե աշխատանքները սկսվել են պայմանագրի ստորագրման «անմիջապես հաջորդ օրը»։

Սակայն փաստերը ցույց են տալիս, որ վերանորոգումը պլանավորվել է շատ ավելի վաղ։ Այսպես, հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների բաց մրցույթը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր դեռ մեկ տարի առաջ՝ 2024-ի հուլիսի 24-ին։ Մրցույթին միակ հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված «Բիդեք» ՍՊԸ-ի հետ 2024-ի սեպտեմբերի 3-ին կնքվել է 743 միլիոն դրամի պայմանագիր։

Պայմանագրում նշված ժամանակագրությունը փաստում է, որ աշխատանքները ոչ մի կապ չունեն օգոստոսյան բանակցությունների հետ։ 

Կնքված պայմանագրի մասին

Պետական գնումների Armeps.am համակարգում տեղադրված են ԿԳՄՍ-ի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրն ու կից համաձայնագրերը (պայմանագրի ծածկագիրը՝ ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/12)։ Ըստ այս տարվա մարտին կնքված համաձայնագրի՝ հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները, որի մեջ էր մտնում նաև մույթերի սալաքարերի վերանորոգման աշխատանքները, պետք է մեկնարկեր 2025-ի մայիսի 1-ին և ավարտվի 210 օրացուցային օրում։ 

Էկրանապատկերը՝ պայմանագրին կից 2025-ի մարտի 10-ին կնքված համաձայնագրից 

«Բիդեք» ՍՊԸ-ն, ըստ պայմանագրի, պարտավոր է մույթերի թիկնամասերի բոլոր սալաքարերն ապամոնտաժել, անվնաս քարերը համարակալել և պահեստավորել։ Այնուհետև ջրամեկուսացման աշխատանքներն իրականացնելուց հետո պահեստավորված բազալտե եզրաքարերը վերականգնել մույթերի թիկնամասերին։ 

Ի դեպ, հիմնանորոգումը իրականացնող «Բիդեք» ՍՊԸ-ն պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Սեյսմշին» ընկերությունը, իսկ հեղինակային հսկողություն՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։

Այսպիսով, Ծիծեռնակաբերդում իրականացվում է հիմնանորոգում ջրահեռացման խնդիրը լուծելու նպատակով։ Աշխատանքները պլանավորվել էին դեռ 2024-ի կեսից, հուշահամալիրը կմնա բաց այցելուների համար, իսկ արտաքին տեսքը նախատեսված է թողնել անփոփոխ։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում