Գլխավոր Լրահոս

Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Նեթանյահուն սխալվում է

Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Նեթանյահուն սխալվում է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգոստոսի 26-ին ամերիկյան հայտնի փոդքասթեր Փաթրիք Բեթ-Դավիդի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը, որպես վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, սխալ տեղեկություն է հայտնել, թե Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, արդեն ընդունել է բանաձև այս հարցի շուրջ։

Հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Փաստացի, կարծում եմ, որ ճանաչել ենք, որովհետև կարծում եմ՝ Քնեսեթը բանաձև է ընդունել այդ մասին»։ 

Երբ հաղորդավարը հարցրել է՝ արդյոք երբևէ եղե՞լ է ճանաչում Իսրայելի վարչապետի կողմից, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, հենց նոր արեցի»:

Տեսանյութում՝ Փաթրիք Բեթ-Դավիդի հարցազրույցի նշված հատվածը

#CivilNetCheck-ը ստուգել է Նեթանյահուի հայտարարությունները և պարզել, որ Քնեսեթը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նեթանյահուի պնդումը, թե Քնեսեթը բանաձև է ընդունել, սխալ է

Իսրայելի խորհրդարանը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք կամ պարտադիր բանաձև։ Այս թեմայով առաջին բաց խորհրդարանական լսումները Քնեսեթում տեղի են ունեցել դեռ 2011-ի դեկտեմբերի 26-ին, սակայն որևէ որոշում կամ հայտարարություն չէր ընդունվել։

Միակ առարկայական քայլը եղել է 2016-ի օգոստոսի 1-ին, երբ Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով կառավարությանն ու խորհրդարանի խոսնակին հետևել իր օրինակին։ Սակայն հանձնաժողովի հայտարարությունը պարտադիր ուժ չունի և չի համարվում Քնեսեթի պաշտոնական դիրքորոշումը։

Իսրայելի խորհրդարանում բազմիցս փորձեր արվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունելու ուղղությամբ, սակայն բոլորն էլ ձախողվել են Բենյամին Նեթանյահուի կառավարության դիմադրության պատճառով։ 2018-ի փետրվարի 14-ին Քնեսեթի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախաձեռնած օրենքի նախագիծը մերժվել է նախնական քվեարկության փուլում։ 

Ավելի ուշ Քնեսեթը, այնուամենայնիվ, հավանություն տվել է այս հարցի քննարկմանը լիագումար նիստում, սակայն 2018-ի հունիսին նախատեսված քվեարկությունը հետաձգվել է և վերջնականապես չեղարկվել՝ կառավարության աջակցության բացակայության պատճառով։ 2021-ի նոյեմբերի 9-ին ընդդիմադիր պատգամավորների խումբը կրկին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ Ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր սահմանելու մասին, սակայն այն ևս չի ընդունվել։

Արդյո՞ք Նեթանյահուի հայտարարությունը նշանակում է, որ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թեև Նեթանյահուի կողմից Ցեղասպանության ճանաչումը որոշակի քաղաքական նշանակություն ունի՝ որպես Իսրայելի վարչապետի հայտարարություն, միջազգային իրավունքի տեսանկյունից այն չի համարվում պետության պաշտոնական ճանաչում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, Իսրայելի Բեն Գուրիոն համալսարանի դոկտոր, իսրայելագետ Արման Խաչատրյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ Իսրայելի վարչապետի՝ լրագրողի հետ զրույցում արտահայտած դիրքորոշումը չի կարող համարվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում պետության կողմից։

«Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը պահանջում է հատուկ ընթացակարգ։ Այն պետք է անցնի տվյալ երկրի իրավական կամ քաղաքական բարձրագույն ինստիտուտներով։ Տվյալ դեպքում, քանի որ Իսրայելը խորհրդարանական երկիր է, օրինագիծը պետք է քննարկվի և քվեարկությամբ ընդունվի Քնեսեթում։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Խաչատրյանը՝ հաստատելով, որ, ի հակառակ Նեթանյահուի պնդման, Քնեսեթը նման բանաձև երբեք չի ընդունել։Խաչատրյանը Նեթանյահուի գործողությունները բնութագրեց որպես «երեսպաշտություն» և ընդգծեց, որ իր իշխանության շուրջ 20 տարիների ընթացքում նա մի քանի անգամ արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նմանատիպ օրինագծեր։

Համեմատության համար՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց նախ 2019 թվականին՝ Կոնգրեսի երկու պալատների կողմից, ապա 2021 թվականին նախագահ Ջո Բայդենի պաշտոնական հայտարարությամբ։ 

Ներկայում 34 երկիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Թուրքիայի գործոնը և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը

Իսրայելը երկար տարիներ խուսափել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ վախենալով վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը կտրականապես ժխտում է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության փաստը։

Սակայն Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացել են։ 2024-ի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին՝ մեղադրելով վերջինիս Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։

Ուշագրավ է, որ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի կողմից 2024-ի հունիսին Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելուց հետո։ 

Այսպիսով, թեև Բենյամին Նեթանյահուն՝ որպես Իսրայելի վարչապետ, առաջին անգամ անձամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նրա պնդումը, թե Քնեսեթը բանաձև է ընդունել այդ մասին, չի համապատասխանում իրականությանը։ Իսրայելի խորհրդարանը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և առկա է միայն 2016-ի հանձնաժողովի ոչ պարտադիր որոշումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում