Գլխավոր Լրահոս

Սասուն Միքայելյանի Սևանի գույքն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի

Սասուն Միքայելյանի Սևանի գույքն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսին Ազգային ժողով միջնորդություն ներկայացրեց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ 

Միջնորդությունը բավարարվեց, և համաձայնություն տրվեց պատգամավորների նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։ Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը մեղադրվում է Սևանի ափին պետական հողատարածք զավթելու և առանց կառուցապատման իրավունքի առանձնատուն կառուցելու մեջ։ Իսկ բնապահպանության նախկին նախարար Մինասյանը՝ Օհանյանին վերագրվող՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։ 

Սեյրան Օհանյանին վերագրվող Սևանի առանձնատունը

Հակակոռուպցիոն դատարանում ներկայում քննվում է Օհանյանի և Մինասյանի, ինչպես նաև գործով անցնող այլ անձանց քրեական գործը։ 

Ուշագրավ է, սակայն, որ Սևանի ափին ինքնակամ շինությունների է տիրապետում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը, որի մասով քրեական գործ չի հարուցվել։

Սասուն Միքայելյանի տիրապետած տարածքի տնակները

Ի՞նչ տարածքներ ունի Սասուն Միքայելյանը Սևանի ափին

Կառավարության 2008-ի որոշման համաձայն՝ Սևանա լճի ջրային սահմանից մինչև 1905մ (նախկինում 1908մ) բացարձակ նիշերից ներքև գտնվող տարածքը պետք է ծանրաբեռնված լինի միայն ոչ հիմնական շինություններով, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել ջրի մակարդակը։

Դեռ 2010-ին Կադաստրի կոմիտեն հաշվառել էր 1905 մ-ից ցածր գտնվող ապամոնտաժման ենթակա շինությունները։ Այդ տվյալներով՝ Սևանի ափին առկա են Սասուն Միքայելյանի կողմից օգտագործվող ինքնակամ քարե բնակելի տարածքներ, վագոն տնակներ, ծածկ և այլն։ Դրանք գտնվում են 1900-1901 բացարձակ նիշում, այսինքն՝ դրանց թվում առկա քարե շինությունները ենթակա են ապամոնտաժման։ 

Աղյուսակը՝ 2010-ին արված գույքագրման ցուցակից

Միքայելյանին է պատկանում Սևան համայնքի մեջ ներառված «Վանատուր» լողափը, որտեղ առկա են հանգստյան տնակներ։ 

Լուսանկարում՝ «Վանատուր» լողափը

Ո՞վ է պատասխանատու ինքնակամ շինությունների ապամոնտաժման համար

Դատախազությունից հարցրել էինք՝ արդյոք զբաղվո՞ւմ են նաև իշխանական նախկին պատգամավորի՝ Սևանի ափին գտնվող ինքնակամ շինություններով։ Հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Սևանի համայնքապետարանին ուղարկվել են գրություններ՝ այդ թվում Միքայելյանի վարձակալած տարածքում գտնվող չգրանցված շինությունների ապամոնտաժման համար։ Պատասխանի համաձայն՝ ուսումնասիրվում է վարձակալության տրամադրման հիմքերի իրավաչափությունը։ 

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցների քանդման կատարումն ապահովում է համայնքի ղեկավարը։

Էկրանապատկերը՝ arlis.am-ից

Ուստի, #CivilNetCheck-ը դիմել է նաև Սևանի համայնքապետարան, որտեղից պատասխանել են, որ Սասուն Միքայելյանին ուղարկել են ծանուցումներ և հրավիրել համայնքապետարան պարզաբանումներ տալու, սակայն վերջինս չի ներկայացել։

Համայնքապետարանից նշել են, թե ներկայում շարունակվում են ուսումնասիրությունները, և միայն դրանց ավարտից հետո կընդունվի որոշում։ Այսինքն՝ ինքնակամ շինությունները դեռևս չեն ապամոնտաժվել։

Լուսանկարում՝ «Վանատուր» լողափի տնակները

Միքայելյանը նախկինում ունեցե՞լ է վարձակալության պայմանագիր

Սասուն Միքայելյանի և «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջև միայն 2021-ին է պայմանագիր կնքվել, որով կառուցապատման իրավունքով նրան է տրամադրվել 10,000 քմ հողատարածք Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի հանգստի գոտի 2-րդ փողոցի 49 հասցեում, այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Մինչև 2021-ը՝ 2010-2021թթ. ժամանակահատվածում, Միքայելյանը «Սևան» ազգային պարկի հետ վարձակալության կամ կառուցապատման իրավունք նախատեսող պայմանագիր չի ունեցել։ 

Այսուհանդերձ, համայնքապետարանից նշել են, որ չեն բացառում, որ Միքայելյանը նախկինում ունեցել է վարձակալության պայմանագիր, որը 2021-ին վերակնքվել է։ Այդ պատճառով էլ ծանուցում են ուղարկում, որպեսզի ստանան բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։

Ի՞նչ շինություններ կան տարածքում

#CivilNetCheck-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը պնդեց, որ իր կողմից օգտագործվող տարածքում քարե շինություններ չկան։ 

«Քարից տնակ իմ մոտ չի եղել ընդհանրապես, երկու հատ տնակ կա, որ դաշտի քարով շարել են սիրունության համար»,- ասաց Միքայելյանը։

Նա նաև համաձայնեց, որ անձամբ տեսնենք և նկարենք իր տարածքը։ 

Լուսանկարը՝ «Վանատուր» լողափից
Լուսանկարը՝ «Վանատուր» լողափից

Հարցին՝ երբ կառույցի միայն պատերն են քարից, արդյոք շինությունը ենթակա՞ է ապամոնտաժման, Շրջակա միջավայրի նախարարությունը հստակ չի պատասխանել։ Պատասխանում միայն նշվում է, որ 1905 մ-ից ցածր տարածքում գտնվող բոլոր շինությունները (հիմնական/ոչ հիմանական), որոնք չունեն շինթույլտվություն, ենթակա են ապամոնտաժման։

Միքայելյանը մինչև 2021-ը վճարումներ կատարե՞լ է 

Միքայելյանի խոսքով՝ ինքն այս տարիների ընթացքում, այդ թվում՝ մինչև 2021-ը, այսինքն՝ մինչև վարձակալության պայմանագիր կնքելը ևս,  կատարել է բոլոր պարտադիր վճարումները։ Չնայած դրան, Սևանի համայնքապետարանից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ Սասուն Միքայելյանի կողմից մինչև 2021-ը Սևանի համայնքապետարան որևէ վճարում չի արվել։ 

Գեղարքունիքի մարզպետարանում ևս վճարումների հետ կապված տեղեկություններ չկան։ Ուղղորդեցին «Սևան» ազգային պարկ, որտեղից էլ  նշեցին, որ 2010-2021-ը Միքայելյանը պայմանագիր չի ունեցել և որևէ վճարում չի իրականացրել։

Միքայելյանի հետ կապ հաստատելուց հետո վերջինիս ներկայացուցիչը որպես ապացույց ուղարկեց վճարման կտրոն, որտեղ նշված է, որ այս տարվա օգոստոսի 18-ին Մեխակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, շուրջ 6.5 մլն դրամի հողի վարձավճար է վճարել։

Էկրանապատկերը՝ տրամադրված վճարման կտրոնից

Պետական գերատեսչությունների պատասխաններից ստացվում է, որ Միքայելյանը շուրջ տասը տարի՝ 2010-2021-ը, օգտագործել է տարածք, որի հետ կապված որևէ վճարում չի կատարել։

Ի՞նչ նպատակով է օգտագործվում տարածքը

Միքայելյանը պնդում է, որ տարածքն առանձնապես չի շահագործվում։

«Վճարումներ միշտ արել ենք, բայց նենց չի՝ դրել-աշխատացրել ենք, էդտեղ չի էլ աշխատում»,- ասաց Միքայելյանը։

Այնուամենայնիվ, սոցցանցերում կան հրապարակումներ, որտեղ նշվում է, որ տնակները հանձնվում են վարձակալության։

Վերջին ամիսներին էլ տարածվել են հայտարարություններ տարածքը վաճառելու մասին, համաձայն որոնց՝ 1 քմ-ն վաճառվում է 25 դոլարով։

Էկրանապատկերը՝ սոցցանցերի հայտարարություններից

Ե՛վ Սասուն Միքայելյանը, և՛ Սեյրան Օհանյանը Սևանի գույքը չեն հայտարարագրել 

Սեյրան Օհանյանի հայտարարագրերում 2021-2023 թթ. որևէ նշում չի եղել Սևանի առանձնատան մասին։ Միայն 2024-ին՝ Օհանյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հայտարարագրում փոփոխություններ կատարելու համար և նշելու Սևանի առանձնատունը 90 օրից ավելի փաստացի տիրապետելու վերաբերյալ։ Ըստ միջնորդագրի՝ Օհանյանը հայտնել է, որ նախորդ տարիներին չի հայտարարագրել գույքը, քանի որ 90 օրից ավելի չի տիրապետել այն։ 

Սասուն Միքայելյանը 2018-2021թթ. եղել է պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից։ Պատգամավորության տարիներին (2018, 2019, 2020, 2021) ներկայացրած հայտարարագրերում ևս Սևանի շինությունների մասին տեղեկություն չկա։ Մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հստակ նշում է՝ նույնիսկ ինքնակամ շինությունները պետք է հայտարարագրվեն։

Այսպիսով, Սասուն Միքայելյանը ևս տարիներ շարունակ Սևանի ափին ունեցել է ինքնակամ շինություններ։ Միքայելյանը պնդում է, թե մշտապես կատարել է վարձավճարներ, մինչդեռ պետական գերատեսչությունների տվյալները հակառակն են ցույց տալիս։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում