Ջորջ Քլունին՝ Ֆրունզիկ Մկրտչյանի դիմանկարով շապիկով․ հին կեղծիքի նոր կյանքը

Հայկ Հովհաննիսյան
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի՝ հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմանկարով շապիկով լուսանկարները սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մեծ տարածում են ստացել։ Օգոստոսի 28-ին այս լուսանկարով ֆեյսբուքյան հրապարակումը հավաքել է ավելի քան 15,000 հավանում և 800 կիսում։
«Եթե ինչ-որ մեկը չհասկացավ, Քլունիի վրա Ֆրունզիկ Մկրտչյանի նկարով շապիկ է»,- նշել է օգտատերը՝ կցելով լուսանկարը։ Մեկնաբանություններում տասնյակ մարդիկ արտահայտել են իրենց հիացմունքը։

Թեև Ջորջ Քլունին ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և տարիներ առաջ այցելել է Երևան, այնուամենայնիվ, տարածվող պատկերը կեղծված է։ Ավելին՝ այս խմբագրված լուսանկարը շրջանառվում է առցանց հարթակներում արդեն ավելի քան տասը տարի։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է լուսանկարի ծագումը և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պարզ քայլերով ստուգել նմանատիպ պատկերների իսկությունը։
Տասնամյա պատմություն ունեցող խմբագրված լուսանկարը
Այս լուսանկարն առաջին անգամ հայկական մեդիա տիրույթում հայտնվել է ավելի քան տասը տարի առաջ՝ 2014-ի օգոստոսին։ Այն ժամանակ լուսանկարը հրապարակել էր նույնիսկ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը։
Լուսանկարների իսկությունը պարզելու համար գոյություն ունեն մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնք հասանելի են բոլորին։ Առաջին քայլը պատկերի հակադարձ որոնումն է։ Google Lens կամ Yandex Images հարթակներում, բեռնելով կասկածելի լուսանկարը, հնարավոր է գտնել բնօրինակը կամ նախկինում հրապարակված տարբերակները։

Հակադարձ որոնման արդյունքում պարզվում է, որ Քլունիի բնօրինակ լուսանկարը տեղադրված է լուսանկարների վաճառքի կայքերում։ Իրական պատկերում դերասանը կրում է պարզապես սպիտակ շապիկ՝ առանց որևէ պատկերի կամ գրության։
Ըստ կայքում լուսանկարի նկարագրության՝ այն արվել է 2011-ի հուլիսի 12-ին լուսանկարիչ Իսրայել Լիլի կողմից։ Հետևաբար, պատկերի խմբագրումը կատարվել է բնօրինակի հրապարակումից առնվազն երեք տարի անց։

Ինչպես հայտնաբերել նմանատիպ կեղծիքները
Հակադարձ որոնումից զատ, առկա են լուսանկարների թվային վերլուծության (photo forensics) մասնագիտացված համակարգեր։ Այս գործիքները զննում են պատկերի տեխնիկական բնութագրերը՝ սեղմման մակարդակը, մետատվյալները և այլ պարամետրեր, որպեսզի հայտնաբերեն խմբագրման նշաններ։
Երբ կասկածելի լուսանկարը ստուգում ենք թվային վերլուծության FotoForensics.com, InVID կամ Fakeimagedetector.com հարթակներով, համակարգը հստակ ընդգծում է շապիկի այն հատվածը, որտեղ ավելացվել է Մկրտչյանի դիմանկարը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերի այդ մասն ունի տարբեր սեղմման (պատկերի որակի) աստիճան, ինչն անմիջականորեն վկայում է խմբագրության մասին։
Արհեստական բանականությունը՝ որպես նոր մարտահրավեր
Եթե տասը տարի առաջ նման կեղծիքներ ստեղծելու համար անհրաժեշտ էր Photoshop-ի իմացություն և ժամանակ, ապա այսօր արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաները թույլ են տալիս դա անել րոպեների ընթացքում։
Փորձի համար Google-ի նոր AI մոդելի միջոցով ստեղծել ենք համանման լուսանկար՝ Քլունիի շապիկին ավելացնելով Ֆրունզիկի նկարը։ Արդյունքն ավելի համոզիչ է, քան 2014-ի տարբերակը։
Հետաքրքրական է, որ մեր խմբագրած այս լուսանկարը տասնյակից ավելի առաջատար գործիքներ, որոնք նախատեսված են ԱԲ պատկերների հայտնաբերման համար, չկարողացան բացահայտել որպես կեղծիք կամ արհեստականորեն գեներացված պատկեր։
Այնուամենայնիվ, պատկերների թվային վերլուծության գործիքները այս դեպքում ևս արդյունավետ են։ Դրանք կրկին բացահայտում են խմբագրման հետքերը շապիկի վրա՝ անկախ այն բանից, թե արդյոք փոփոխությունն արվել է Photoshop-ով, թե արհեստական բանականությամբ։

Այսպիսով, Ջորջ Քլունիի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի դիմանկարով շապիկով լուսանկարը կեղծված է։ Այն ստեղծվել է 2014-ին՝ խմբագրելով դերասանի 2011-ի իրական լուսանկարը։ Տասը տարի անց խմբագրված այս պատկերը շարունակում է վերահրապարակվել և հավաքել հազարավոր արձագանքներ։
Թեմա
CivilNetCheck










