Հայաստանում հաստատվել պատրաստվող 100,000 ադրբեջանցիների և ID քարտերի վերաբերյալ լուրերի հետքերով

Համացանցում և լրատվամիջոցներում մեծ տարածում է ստացել մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի սեպտեմբերի 3-ի ֆեյսբուքյան գրառումը, որը վերաբերում է նրան, թե ինչպես են Ադրբեջանում մարդկանց պատրաստում Հայաստանում բնակության։
«Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100,000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և այն շարունակվում է»,- գրել է նախկին ՄԻՊ-ը։
Թաթոյանը արձանագրել է, որ ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։
«Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը»,- գրել է Թաթոյանը կցելով նման վկայականի օրինակ։
Նախկին օմբուդսմենի գրառումը ստացել է ավելի քան 650 տարածում, և #CivilNetCheck-ի ընթերցողները խնդրել էին ստուգել այս տեղեկությունը։

Հասարակական միավորման հին հայտարարությունը
Այն, որ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում՝ նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունից հետո, հաստատվում է վերջին ամսվա ընթացքում «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների ելույթներով։ Դրանցում շարունակում են պնդել՝ ««արևմտյան ադրբեջանցիներին» իրենց «բնօրրան»՝ Հայաստանի ներկայիս տարածք, վերադարձնելու իրավունքը»։
Համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին, օրինակ, սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ նախաձեռնությունը շարունակվում է և հետապնդում է նույն նպատակները։
Միաժամանակ, #CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել որևէ թարմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուր, որը կհաստատեր Արման Թաթոյանի պնդումը, թե Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են՝ Հայաստան բնակության գալու համար 100,000-ից ավելի «արևմտյան ադրբեջանցիների» գրանցման ավարտի մասին։ Նման հայտարարություն եղել էր ավելի քան երկու տարի առաջ՝ 2023-ի հունվարին, երբ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մամուլի խոսնակը նշել էր. «Մեր՝ արևմտյան ադրբեջանցիների համայնքի ավելի քան 100,000 հայրենակիցների ցուցակ է կազմվել, և գործընթացը շարունակվում է»։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց Արման Թաթոյանի գրասենյակի հետ՝ խնդրելով տրամադրել վերջին շրջանում հնչեցված նման պաշտոնական հայտարարության աղբյուր։ Գրասենյակից ուղարկեցին նույն՝ 2023-ի հունվարի մամուլի խոսնակի հայտարարության հղումը։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հասարակական կազմակերպություն է և ակնհայտորեն աջակցություն է վայելում Ադրբեջանի նախագահի ու իշխանությունների կողմից, սակայն պետական մարմին չէ և չունի նման լիազորություններ:
Ո՞վ է տրամադրում նույնականացման քարտերը
Հայ հանրության շրջանում հատկապես մեծ տարածում ու անհանգստություններ են առաջացրել ID քարտերը։ Նախկին ՄԻՊ-ը գրել է, որ դրանք տրամադրում են ադրբեջանական իշխանությունների կողմից՝ որպես ապագա անձնագրեր։
Այնումանեյնիվ, մինչ օրս ադրբեջանական պետական մարմինները ID-ներ (նույնականացման քարտեր) չեն տրամադրել, որտեղ ծագման վայրը նշված է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։ Թաթոյանի՝ գրառմանը կցված լուսանկարում ոչ թե պետության կողմից տրամադրված փաստաթուղթ է, այլ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից տրվող վկայական՝ որպես համայնքի անդամության թուղթ: Դրա մասին գրված է նաև կցված քարտին՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք. անդամակցության վկայական» (ադրբեջաներեն՝ Qərbi Azərbaycan İcması üzvlük vəsiqəsı)։
Սոցցանցերում, օրինակ, կա հրապարակում, որտեղ ադրբեջանցի օգտատերերից մեկը կցել է իր անդամակցության վկայականը՝ նշելով, որ դարձել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամ։
Արման Թաթոյանը հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, մեկ այլ գրառում է արել, որում հստակեցրել է, որ ID քարտերը տրամադրում է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող կազմակերպությունը։ «Երբ ասում եմ, որ աբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արևմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, ևս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից»,- պարզաբանել է նա։
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական միավորման մասին
1989-ին ստեղծված «Ադրբեջանի փախստականների միությունը» 2022-ի օգոստոսին վերանվանվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական միավորում։ Վերանվանումից հետո տնօրենների խորհրդի նախագահ է դարձել Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիսի) պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Կազմակերպության կայքում նշվում է, որ այն զբաղվում է «ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ»։ 2024-ի հոկտեմբերին համայնքը դիմել էր Միլի Մեջլիսին՝ առաջարկելով խորհրդարանում ստեղծել ««Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցերով զբաղվող մարմին»։ Առաջարկը բավարարվել է և խորհրդարանում պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի ղեկավարությամբ ստեղծվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ։ Իսկ 2024-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ այցելեց հասարակական միավորում՝ ծանոթանալու կազմակերպության շենքային պայմաններին։ Այցի ընթացքում Ալիևը ասել էր․ «Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանից մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հողեր՝ Արևմտյան Ադրբեջան»։

2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրից հետո ադրբեջական, ապա հայկական լրատվական դաշտում տարածվեցին տեղեկություններ, թե «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական միավորումը լուծարվել է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահը հերքել է այդ լուրերը։ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, թե միավորումն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ դա պայմաններ է ստեղծելու «Արևմտյան ադրբեջանցիների համար Հայաստան վերադառնալու»։
#CivilNetCheck-ը անդրադարձել էր տարարված այդ տեղեկություններին:
Տես նաև՝
Պաշտոնական Ադբեջանի հայտարարությունները ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին
Պաշտոնական Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի դեմ քաղաքական օրակարգում պարբերաբար խոսում է ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք վերադարձի «իրավունքի» մասին։ 2024-ի հունվարին ռուսական Ria Novosti-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն ասել է, թե շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: 2025-ի մայիսին Անկարայում Ալիևը հայտարարել է. «Այս հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել»։
Ստեփանակերտում 2025-ի հունիսին տեղի ունեցած «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը դարձյալ խոսել է «Հայաստանից արտաքսված «Արևմտյան ադրբեջանցիների» իրավունքների ապահովման մասին»։ Օգոստոսի 8-ից հետո ադրբեջանական իշխանությունները՝ ի դեմս նախագահի, դեռևս այս մասով հրապարակային որևէ հայտարարություն չեն արել։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










