Գլխավոր Լրահոս

Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը Մոնումենտում

Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը Մոնումենտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում հայտարարել է, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում։

Ավինյանը այս պնդումն արեց՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթին, որը հիշեցրել էր իշխանությունների՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին նախկին հայտարարությունները և դրա համատեքստում ներկայացրել «Հետքի» հետաքննությունից լուսանկար, որում Տիգրան Ավինյանի հոր՝ Սևանում կառուցվող առանձնատունն էր։

«Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածենք այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք։ Այդ հարցն ինձ շատ հուզում է»,- հայտարարեց Ավինյանը։

Էկրանապատկերում՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում կառուցվող՝ Տիգրան Ավինյանի հոր առանձնատունը, Hetq.am

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամ էր ընտրվել՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը և հետագայում դառնալով խմբակցության ղեկավար, սակայն 2024-ի փետրվարին նա զրկվեց ավագանու մանդատից։

#CivilNetCheck-ը գնացել է Հայկ Մարությանի՝ Մոնումենտում «բազմաբնակարան շենքի» հետքերով։

Ի՞նչ է կառուցում Մարությանը Մոնումենտում

Երևանում շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է նախագծման և շինարարության թույլտվություն, որը տրամադրում է քաղաքապետարանը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իսկապես Արաբկիր վարչական շրջանում կառուցում է բնակելի տուն, որը, սակայն, պարզվում է բազմաբնակարան շենք չէ, ինչպես նշում է Ավինյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցության անդամ Հայկ Մարությանը եռահարկ տուն է կառուցում։ Թորոսյանի խոսքով՝ Մարությանն այն կառուցում է ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ իր երեխաների համար։

Խմբակցությունից #CivilNetCheck-ին են տրամադրել տան շինթույլտվության փաստաթուղթը, որում ևս նշվում է, որ կառուցվող շինությունը բնակելի տուն է, ոչ թե բազմաբնակարան շենք։ Ըստ փաստաթղթի՝ շինթույլտվությունը տրամադրվել է այս տարվա ապրիլին։

Էկրանապատկերը՝ Հայկ Մարությանին տրված շինթույլտվության փաստաթղթից

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ պարզաբանում ստանալու համար։ Նա նշեց, թե փաստաթղթային տրամաբանությունից այն համարվում է բնակելի տան կառուցում, բայց էությամբ բազմաբնակարան է։ 

«Հնչեցված շենք կառուցելու հայտարարությունը բխում է այն տրամաբանությունից, որ նշված շինությունն իրենից ներկայացնում է մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկեր։ Վերգետնյա հարկերում, ըստ նախագծի, կառուցվելու է 2-ական բնակարան, ընդհանուր՝ վեց բնակարան»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հայկ Մարությանի գույքն ու եկամուտները մինչև քաղաքապետ դառնալը և դրանից հետո

Հայկ Մարությանն առաջին անգամ պաշտոն զբաղեցրել է 2018-ին հեղափոխությունից հետո։ Մինչ այդ երկար տարիներ նա եղել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր՝ նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում և մանրապատումներում։ 2018-ին, ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, նա ներկայացրել էր գույքի և եկամուտների հայտարարագիր՝ նշելով 21 անշարժ գույք, որոնք բոլորը համատեղ սեփականություն են՝ գնված 2006-2018-ին։ Նրա անշարժ գույքերից չորսը Հայաստանում էին, 17-ը՝ Չեխիայում (հայտնի է, որ Մարությանի կինը չեխ է)։

Մարությանի եկամուտները բարձր են եղել․ նա շուրջ 1 միլիոն չեխական կրոն (15-16 մլն դրամ) էր հայտարարագրել՝ գույքի վարձակալության դիմաց ստացած և այլն։ Բացի այդ, նա բաժնեմասեր ուներ մի շարք ընկերություններում։ 2019-ի տարեկան հայտարարագրում նա նշել էր՝ 100% բաժնեմաս «Կարգին Թի Վի» ՍՊԸ-ում, 50 %` «Հայկո Ընդ Մկո կարգին» և 15%` «Կարգին Ստուդիա» ընկերություններում։

«16 տարեկանից իրոք գիշեր-ցերեկ աշխատում եմ, և հասցրել եմ այս տարիքիս ինձ բերել այն իրավիճակի, որ բավականին ապահոված մարդ եմ։ Եվ այստեղ իմ գտնվելը միայն մեր հեղափոխության [...] սկզբունքները պահելու համար եմ»,- ասել էր դեռ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մարությանը։

Քաղաքապետ եղած տարիներին Մարությանը ձեռք է բերել ևս հինգ անշարժ գույք, սակայն վաճառել է իր ունեցած գույքերից երկուսը։

Էկրանապատկերը՝ Հայկ Մարությանի 2021-ի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրից

2023-ին, Երևանի ավագանու ընտրություններին կրկին մասնակցած Հայկ Մարությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել էր համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 24 անշարժ գույք։

Այսպիսով, Տիգրան Ավինյանի պնդումը, թե Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում, մոլորեցնող է․ իրականում նա կառուցում է եռահարկ բնակելի տուն, որը, ըստ Մարությանի թիմակիցների, նախատեսված է ընտանիքի համար, ոչ թե կոմերցիոն նպատակով։

Տես նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում