Հայկ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերում հայաստանցի օգտատերերին թիրախավորող ֆինանսական խարդախության նոր ալիք է տարածվում։ Զեղծարարները կրկին կիրառում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութեր՝ դիփֆեյքեր, որոնցում այս անգամ օգտագործվում են օլիմպիական չեմպիոն, հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և լրագրող Թաթուլ Հակոբյանի կերպարները։
Facebook-ում և Instagram-ում գովազդային գրառումներով տարածվող տեսանյութերը առաջարկում են կասկածելի բաղադրությամբ «հրաշագործ» դեղամիջոցներ՝ շահարկելով ռուսաստանցի հայտնի բժիշկ Ալեքսանդր Շիշոնինի անունը և օգտագործելով նրա մասնակցությամբ խմբագրված կադրեր։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութերը և դրանցում գործող խարդախության սխեման։
«Սկանդալային բացահայտումներ»՝ հաշմանդամությունից փրկվելու և դիաբետը հաղթահարելու մասին
Զեղծարարների տարածած առաջին տեսանյութում Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հաղորդավար Լիլիթ Աղբալյանի կեղծված ձայնը ռուսերենով հայտնում է, թե իբր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը «բռունցքներով հարձակվել է դեղագործների վրա» այն բանից հետո, երբ նրանք փորձել են արգելել «դոկտոր Շիշոնինի դեղամիջոցը»։
Այնուհետև տեսանյութում հայտնվում է Արթուր Ալեքսանյանի դիփֆեյքը, որը պատմում է, թե այդ միջոցն իրեն «անձամբ փրկել է հաշմանդամի սայլակից»։ Նա նկարագրում է, թե ինչպես է տարիներ շարունակ տառապել «արթրիտից և նյարդերի ճզմումից», մինչև գտել է Շիշոնինի «հրաշագործ գելը», որը նրան ազատել է ցավերից։
Երկրորդ տեսանյութը նույնպես կառուցված է հարցազրույցի ձևաչափով, որտեղ հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանի դիփֆեյքն իբր հարցազրույց է վարում հենց դոկտոր Շիշոնինի հետ։ Բժիշկի կեղծված ձայնով դիփֆեքն իր հերթին հայտարարում է, թե դիաբետը հաբերով բուժող բժիշկները «ապուշներ և խարդախներ» են, քանի որ դեղահաբերը քայքայում են օրգանիզմն ու քաղցկեղ առաջացնում։
Փոխարենը նա գովազդում է իր «հեղափոխական մեթոդը», որն իբր յոթ օրում կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և վերականգնում ենթաստամոքսային գեղձը։
Իրական տեսանյութեր, կեղծ պատմություններ և գողացված էջեր
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երկու տեսանյութերն էլ ստեղծվել են իրական տեսանյութերից վերցված կադրերի մոնտաժի և արհեստական բանականության միջոցով ձայնի կրկնօրինակման միջոցով։
Այսպես, ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ կադրերը վերցված են 2021 թվականին հրապարակված տեսանյութից, որտեղ նա խոսում էր 44-օրյա պատերազմից հետո մարզական հաղթանակների կարևորության, այլ ոչ թե իրեն իբր բուժած «հրաշք դեղամիջոցի» մասին։
Թաթուլ Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութի համար օգտագործվել են կադրեր «Ազատություն» ռադիոկայանի 2022-ի օգոստոսի 8-ի եթերից։ Հակոբյանը հարցազրույցն էր տվել հաղորդավար Հրայր Թամրազյանին՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում այն ժամանակ տիրող իրավիճակի մասին: Հարցազրույցը որևէ առնչություն չուներ դիաբետի հետ։
Հարկ է նշել, որ բժիշկ Ալեքսանդր Շիշոնինը իրական բժիշկ է, սակայն նա հայտնի է որպես վերականգնողական բժշկության մասնագետ, որը հիմնականում առաջարկում է ֆիզիկական վարժություններ, այլ ոչ թե կասկածելի դեղամիջոցներ։ Զեղծարարները վերցրել բժշկի բլոգում հրապարակված տեսանյութերը և մոնտաժել դրանք` ավելացնելով կեղծված ձայնը։
Այս գովազդները տարածվում են «Favorite doctor» անունով ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջի «Թափանցիկություն» բաժնից պարզ է դառնում, որ այն ստեղծվել այլ անվամբ և վերանվանվել 2025-ի հուլիսի 17-ին, իսկ ադմինիստրատորները գտնվում են Ռումինիայում, ինչը խարդախության բնորոշ նշան է։

Կասկածելի կայքեր և ագրեսիվ մարքեթինգ
Գովազդային գրառումներին կից հղումները տանում են am.healthhaven.online կամ համանման կասկածելի հասցեներով կայքեր։ Այդ կայքերում օգտատերերին առաջարկվում է գնել «Dialux» անվանումով միջոցը՝ իբր 75% զեղչով՝ 32,000 դրամի փոխարեն 16,000 դրամով։
Կայքերի ստուգման Whois հարթակները հայտնում են, որ healthhaven.online դոմեյնը գրանցվել է 2024-ի նոյեմբերի 27-ին, իսկ սեփականատիրոջ տվյալները թաքցված են, ինչը բնորոշ է կարճաժամկետ խարդախությունների համար ստեղծված կայքերին։

Հատկանշական է, որ «Dialux» անվանումով միջոցը, որն իրականում տասնյակ անգամներ էժան արժե, առաջին անգամ չէ օգտագործվում խարդախության սխեմաներում։ #CivilNetCheck-ը դեռ 2024-ի հուլիսին անդրադարձել էր այս միջոցի վաճառքի խարդախ սխեմաներին։
Տես՝ «Շաքարախտը «բուժող» կեղծ դեղեր՝ սոցցանցերում»
Այն ժամանակ զեղծարարները բժիշկների անունից պնդում էին, թե «Dialux»-ը կարող է մեկ ամսում բուժել շաքարախտը։ Իրականում, «Dialux» անունով դեղամիջոց գրանցված չէ դեղամիջոցների ռեեստրերում։ Այն սննդային բնական հավելում է, որը չի կարող բուժել քրոնիկ հիվանդությունները։
Այսպիսով, սոցցանցերում Արթուր Ալեքսանյանի և Թաթուլ Հակոբյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութերը կեղծ են։ Դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով՝ կասկածելի արդյունավետությամբ միջոցներ վաճառելու և քաղաքացիների միջոցները հափշտակելու նպատակով։
Կարդա նաև՝
CivilNetCheck











