Գլխավոր Լրահոս

Կորցրած գումարները «վերադարձնելու» խոստում. ինչպես է աշխատում խարդախությունը

Կորցրած գումարները «վերադարձնելու» խոստում. ինչպես է աշխատում խարդախությունը

Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում գովազդների միջոցով կրկին ակտիվորեն տարածվում է խարդախության ալիք, որը թիրախավորում է առցանց ներդրումներում և զեղծարարներից արդեն իսկ տուժած քաղաքացիներին։ 

Ինտերպոլի, Եվրոպոլի աշխատակիցներ կամ «միջազգային իրավաբաններ» ներկայացող զեղծարարներն առաջարկում են աrցանց օգնություն։ Այս սխեման, որը հայտնի է որպես «վերադարձի խարդախություն» (Recovery scam), գործում է պարզ տրամաբանությամբ. զեղծարարները թիրախավորում են մարդկանց, որոնք արդեն իսկ գումար են կորցրել առցանց խարդախությունների՝ հատկապես կրիպտոարժույթների և կեղծ ներդրումային հարթակների պատճառով։ Նրանք խոստանում են օգնել վերականգնել կորուստը, սակայն իրականում նպատակ ունեն զոհերից լրացուցիչ գումարներ հափշտակել:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել և ներկայացնում է ներկայում հայաստանցիներին թիրախավորող նմանատիպ խարդախությունները։

Ինտերպոլի և Եվրոպոլի անունից՝ կեղծ տեսանյութեր

Meta-ի հարթակներում, այդ թվում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, ակտիվորեն տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնք թիրախավորում են Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների օգտատերերին։ Օրինակ, «Securing in Asia» անվամբ ֆեյսբուքյան էջը սեպտեմբերի 28-ին հրապարակել է տեսանյութ՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի տարբերանշանով։

Տեսանյութում մի կին ներկայանում է որպես Եվրոպոլի ներկայացուցիչ Ասիայի երկրներում և ռուսերենով պատմում, թե իբր իրենք ակտիվորեն պայքարում են առցանց խարդախների, բրոքերների և կեղծ ներդրումային հարթակների դեմ։ Եվրոպոլի համազգեստով նա կոչ է անում տուժածներին դիմել «Ինտերպոլի պաշտոնական կայքի» միջոցով՝ գումարները վերադարձնելու համար։

Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեսանյութը կեղծված է։ Իրականում տեսանյութում Եվրոպոլի քրեական հետախուզության նախկին սպա Բերենժեր Դրենոն է, իսկ կադրերը վերցված են Եվրոպոլի պաշտոնական էջում 2012-ի դեկտեմբերին հրապարակված տեսանյութից։

Եվրոպոլի բնօրինակ տեսանյութում խոսվում է կեղծ ապրանքների դեմ պայքարի, այլ ոչ թե բրոքերներից գումարների վերադարձի մասին։ Զեղծարարները պարզապես վերցրել են պաշտոնական տեսանյութը և դրա վրա դրել արհեստական բանականութամբ գերենացված կեղծ ձայն։

Այս գրառումներին կից «Ինտերպոլի պաշտոնական կայքի» հղում առկա չէ, փոխարենը օգտատերերին առաջարկվում է լրացնել հարցաշար և վերջում թողնել կոնտակտային տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամարը։ Դրանից կարճ ժամանակ անց զեղծարարները զանգահարում են՝ ներկայանալով որպես կիբերոստիկանության աշխատակիցներ կամ իրավաբանական խորհրդատուներ։

Զեղծարարները մանրամասն հարցուփորձ են անում կորցրած գումարների, հարթակների մասին, պահանջում են բանկային փոխանցման անդորրագրեր և այլ ապացույցներ՝ իբր հետաքննություն սկսելու համար։

Մի քանի օր կամ շաբաթ անց զեղծարարները կրկին կապ են հաստատում և հայտնում «լավ լուր», որ գումարները գտնվել են, անգամ՝ ավելացել։ Նրանք խոստանում են անվճար օգնել վերադարձնել այդ գումարները՝ պնդելով, որ իրենց ծառայությունների դիմաց պետք է վճարել միայն գումարը ստանալուց հետո։ Սակայն գումարի փոխանցման պահին հայտնում են, որ այն «սառեցվել է», և փոխանցումն ավարտելու համար անհրաժեշտ է վճարել որոշակի միջնորդավճար, հարկ կամ այլ հորինված վճար։

Ավելին՝ «Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները»

Եթե տուժածը փոխանցում է պահանջվող գումարը, զեղծարարները տարբեր պատրվակներով փորձում են կրկին գումարներ կորզել, իսկ երբ զոհը հրաժարվում է այլևս վճարել՝ անմիջապես անհետանում են։ Արդյունքում զոհը ոչ միայն չի ստանում «առցանց ներդրումներում» կորցրած գումարը, այլևս կրկին մեծ գումար է կորցնում։

Կեղծ լրահոս և գողացված լուսանկարներ

Խարդախները չեն սահմանափակվում միայն իրավապահ մարմինների անունների շահարկմամբ։ Նրանք ստեղծում են իրավապահների և փաստաբանական կազմակերպությունների կեղծ կայքեր և հրապարակումներ՝ վստահություն ներշնչելու համար։ Այսպես, ֆեյսբուքում «Quistit» անվամբ ֆեյսբուքյան էջը 2023-ի օգոստոսից ակտիվ գովազդներ է տարածում Հայաստանում՝ օգտագործելով BBC News-ի, այնպես էլ փաստաբանական ընկերությունների ոճով ձևավորված նկար։

Էկրանապատկերում՝ BBC News-ի անվան տակ տարածվող խարդախությունը

Նկարում պատկերված են դիմակավորված երեք տղամարդ, որոնք իբր ձերբակալել են խարդախ բրոքերի։ Լուսանկարի վրա գրված է. «Ոստիկանությունը ձերբակալել է 11 եվրոպացի խարդախ բրոքերների և իշխանությունները ձեռնամուխ են եղել վերադարձնել գողացված միջոցները»։

Սակայն լուսանկարի հակադարձ որոնումից պարզվում է, որ այն իրականում կապ չունի բրոքերների հետ։ Լուսանկարում Պանամայի նախկին նախագահի որդին է, որը 2021-ի նոյեմբերին Գվատեմալայից արտահանձնվել է ԱՄՆ-ին։ 

Էկրանապատկերում՝ պատկերի հակադարձ որոնումը Google Lens-ով

Զեղծարարները պարզապես վերցնում են համացանցից կադրեր և դրանք ներկայացնում հորինված պատմություններով՝ հայտնի լրատվամիջոցների անունից։ Հետաքրքիր է, որ այս գովազդին կից հղումը՝ justice-help[.]com, այլևս ակտիվ չէ, սակայն էջը շարունակում է տարածել գովազդներ։

Նորաստեղծ կայքեր և գողացված լուսանկարներ

Խարդախության մեկ այլ տարածված մեթոդ է նորաստեղծ կայքերի և սոցցանցերի էջերի միջոցով իրավաբանական ընկերությունների ներկայանալը։ «Юридический Возврат Денег» անվամբ ֆեյսբուքյան էջը օգտատերերին ուղղորդում է justice-law[.]click հասցեով կայք, որը համաձայն գրանցման WHOIS տվյալների՝ ստեղծվել է օրեր առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 29-ին։

Էկրանապատկերում՝ կեղծ իրավաբանների նորաստեղծ կայքը

Կայքում և էջում ներկայացված են իբր իրավաբանների լուսանկարներ, որոնք իրականում վերցված են համացանցի ֆոտոշտեմարաններից (stock photos), կամ պարզապես գողացված են այլ մարդկանց և մասնագետների սոցցանցերի էջերից։

Ավելին՝ «Սոցցանցերում կրկին տարածվում են կորցրած գումարների վերադարձ խոստացող կեղծ գովազդներ»

Այսպես, կայքում որպես «Ռազմիկ Մակյան» ներկայացված իրավաբանի լուսանկարը հակադարձ որոնմամբ պարզվում է, որ վերցված է Հայաստանում գործող իրական փաստաբանական գրասենյակներից մեկի կայքից, իսկ նկարում գրասենյակի գործող տնօրեն Արմեն Հակոբյանն է։

Էկրանապատկերում՝ կեղծ իրավաբանների նորաստեղծ կայքը

Գովազդներում հաճախ օգտագործվում են կեղծ «երախտապարտ հաճախորդների» մեկնաբանություններ կամ բանկային հավելվածների էկրանապատկերներ, որոնք իբր ցույց են տալիս հաշվին վերադարձված մեծ գումարները։ Այս ամենը նպատակ ունի ստեղծել հաջողության և վստահության պատրանք՝ զոհին դրդելով կիսվել իր անձնական և ֆինանսական տվյալներով։

Զեղծարարները ներկայանում են նաև փորձագետների անունից

Նմանատիպ մեկ այլ սխեմայում օգտագործվում է նաև փորձագետների և բլոգերների պատկերները և դիփֆեյք տեխնոլոգիաներով կեղծված տեսանյութերը։ Օրինակ՝ «Next Step Legal» անվամբ ֆեսբուքյան էջը Հայաստանի օգտատերերին թիրախավորող գովազդով տարածում է տեսանյութ, որտեղ օգտագործվել է առցանց խարդախությունների մասին պատմող իրավաբան-բլոգերներից մեկի դիփֆեյքը։ 

Տեսանյութում պնդում է արվում, թե Visa-ի, Mastercard-ի հետ համագործակցելով նրանք կարող են օրերի ընթացքում վերադարձնել զեղծարարներին փոխանցված գումարները։ 

Տեսանյութը վերցված է 2024-ի սեպտմեբերին բլոգերի էջում հրապարակված տեսանյութից, որտեղ նա խոսում է ռուսական բանկային քարտերի բլոկավորումներից, ոչ թե կորցրած գումարների վերադարձից։ Զեղծարարները պարզապես վերցրել և կեղծել են տեսանյութը՝ ավելացնելով արհեստական բանականությամբ գեներացված ձայն։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող՝ կորցրած ներդրումները վերադարձնելու խոստումով գովազդները, որոնք ներկայանում են իրավապահ մարմինների կամ իրավաբանական ընկերությունների անունից, կեղծ են և ֆինանսական խարդախության վտանգավոր փորձեր են, որոնք թիրախավորում են արդեն իսկ գումար կորցրած քաղաքացիներին՝ նրանցից կրկին գումար կորզելու նպատակով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում