2021 թվականին հավաքին մասնակցելուն հարկադրելը հանցագործությո՞ւն էր

Հայկ Հովհաննիսյան
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք հոգևորականների կալանավորման շուրջ ծավալված քննարկումներում հնչում են պնդումներ, թե իրավապահ մարմինները կիրառել են քրեական օրենսգրքի այնպիսի հոդված, որը 2021-ին չէր գործում։
Քրեական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի՝ սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որում նա պատմել էր, որ 2021-ին եկեղեցական ծառայողներին, այդ թվում՝ իրեն, վերադասը «հրահանգել էր» մասնակցել ընդդիմադիրների ցույցերին։
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հոկտեմբերի 16-ի հայտարարությամբ քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ քրեական նոր օրենսգրքի՝ կիրառված 236-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտել միայն 2022-ի հուլիսին։ Կուսակցությունը եզրակացրել է, որ իշխանությունների մեղադրանքները հակասում են Սահմանադրությանը։ Հոկտեմբերի 19-ի լրացուցիչ հայտարարությամբ ՀԱԿ-ը պարզաբանել է, որ 2021-ին գործող հին օրենսգիրքը քրեականացնում էր միայն բռնությամբ կամ դրա սպառնալիքով կատարված հարկադրանքը։

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Սոս Հակոբյանն էլ հոկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ նույնպես պնդել է, որ 2021-ին նման հանցակազմ գոյություն չուներ և ավելացվել է միայն նոր օրենսգրքով։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Արդյոք 2021-ին քրեականացվա՞ծ էր հավաքին մասնակցելու հարկադրանքը
2021 թվականի սկզբին գործող քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի երկրորդ մասը պատիժ էր նախատեսում միայն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հավաքին մասնակցելուն հարկադրելու համար։ Սա նշանակում է, որ եթե որևէ հանրահավաքի մասնակցելու հարկադրանքը տեղի չէր ունեցել բռնությամբ կամ դրա սպառնալիքով, ապա արարքը քրեորեն հետապնդելի չէր։

Սակայն 2021-ի ապրիլի 28-ին օրենքում իրականացվել են լրացումներ և փոփոխություններ, ըստ որոնց՝ 163-րդ հոդվածից հանվեց բռնության կամ բռնության սպառնալիքի պայմանը։ Փոխարենը՝ քրեական պատասխանատվություն սահմանվեց պարզապես «հավաքին մասնակցելուն հարկադրելու» համար։ Փոփոխված հոդվածը ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 7-ին։
Այսինքն՝ 2021-ի մայիսի 7-ից սկսած ցանկացած ձևով հարկադրանքը, ինչպես նաև նյութապես շահագրգռելը՝ ուղղված հավաքին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն, դարձավ քրեորեն պատժելի արարք։ Միաժամանակ, բռնությունը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև արարքի կատարումը մի քանի անձանց նկատմամբ կամ նախընտրական ժամանակահատվածում, սահմանվեցին որպես ծանրացուցիչ հանգամանքներ։

Քրեական նոր օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 1-ին, նախկին 163-րդ հոդվածի փոխարեն առկա է 236-րդ հոդվածը, որը պահպանել է հին հոդվածի տրամաբանությունը, սակայն ընդլայնել է հանցակազմը։
Եթե հին օրենսգրքի 163-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում էր միայն այն դեպքերին, երբ հարկադրանքը կատարվել էր հանրային պաշտոն զբաղեցնող կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ, ապա նոր՝ 236-րդ հոդվածի 3-րդ մասը ընդլայնել է այդ շրջանակը՝ այն դարձնելով կիրառելի բոլոր այն դեպքերում, երբ հարկադրանքը կատարվում է իշխանական կամ ծառայողական դիրքից բխող ազդեցության միջոցով։

Որտե՞ղ է սխալը
Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին (աշխարհիկ անունը՝ Հայկ Պռոշյան) մեղադրանք է ներկայացրել քրեական նոր օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է պատիժ այն դեպքերում, երբ հավաքին մասնակցելու հարկադրանքը կատարվում է «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»։

Այս հատուկ ծանրացուցիչ հանգամանքը իսկապես գործում է բացառապես 2022-ի հուլիսի 1-ից՝ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այն հին օրենսգրքում փաստացի բացակայում էր, և 2021-ի մայիսի 7-ից գործող տարբերակը վերաբերում էր բացառապես հանրային պաշտոնյաներին և հանրային ծառայողներին։ Ուստի 2021-ին տեղի ունեցած ենթադրյալ հարկադրանքի համար 236-րդ հոդվածի երրորդ մասի կիրառումը սխալ է, քանի որ այդ ժամանակ համարժեք ծանրացուցիչ դրույթ առկա չի եղել։
Բացի այդ, եկեղեցականները հանրային պաշտոնյա կամ հանրային ծառայող չեն, ինչի հետևանքով հին օրենսգրքի 163-րդ հոդվածի 4-րդ մասը նրանց նկատմամբ կիրառելի չէր։ Այս դեպքում կարող էր կիրառելի լինել հին օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը՝ կախված, թե ենթադրյալ հանցագործությունը երբ տեղի էր ունեցել։
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի այն պնդումը, թե 2021-ին առանց բռնության հարկադրանքը քրեականացված չէր, չի համապատասխանում իրականությանը։ 2021-ի մայիսի 7-ից հետո նման արարքը արդեն համարվում էր քրեական հանցագործություն։
Հարկ է նշել, որ Տեր Արամ քահանան չի մանրամասնել, թե իրեն երբ են հարկադրել մասնակցել ընդդիմության հանրահավաքներին՝ հիշատակելով միայն, որ մասնակցել է «2021-ի գրեթե բոլոր ցույցերին»։ Այդ շրջանում ակտիվ բողոքի ակցիաները տեղի են ունեցել ինչպես 2021-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ դրան նախորդած շրջանում, հետևաբար ենթադրյալ հարկադրանքի դեպքը կարող էր տեղի ունենալ ինչպես մինչև 2021-ի մայիսի 7-ի օրենսդրական փոփոխությունը, այնպես էլ դրանից հետո։
Այսպիսով, եթե ենթադրյալ հարկադրանքը եղել է 2021-ին, ապա իրավապահները սխալվել են՝ կիրառելով քրեական նոր օրենսգրի 236-րդ հոդվածի 3-րդ մասը, որը այն ժամանակ դեռ չէր գործում։ Միաժամանակ քաղաքական ուժերի պնդումները, թե 2021-ին հավաքներին մասնակցելու հարկադրանքը քրեականացված չէր, նույնպես սխալ է։
Փաստերի ստուգում
CivilNetCheck










