Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ «Հայփոստ»-ի անունից` հայտարարությամբ, թե ընկերությունը 799 դրամով վաճառում է «հաճախորդների կորցրած, վերադարձված կամ մոռացված փաթեթները»։
«Ամեն տարի մեր պահեստներում կուտակվում են չվերցված առարկաներ, և ըստ կանոնների՝ կարող ենք դրանք հեռացնել, բայց փոխարենը մենք առաջարկում ենք ամբողջ արկղ՝ ընդամենը 799 դրամով»,- նշված է տարածված գրառումներից մեկում։
Իրականում այս գրառումները որևէ կապ չունեն «Հայփոստի» հետ։ Գրառումները տարածող էջը կեղծ է։ Ընկերությունից հայտնում են, որ «երբեք չեն վաճառում կորած ծանրոցները»։
Կեղծ էջի մասին
Գրառումները տարածվում են «Կորած փոստային ծանրոցներ» էջի կողմից, որը ստեղծվել է օրեր առաջ՝ հոկտեմբերի 24-ին։ Նույն օրը՝ րոպեների տարբերությամբ, յոթ գրառում է հրապարակել ծանրոցների տարբեր լուսանկարներով` 799 դրամով վաճառքի մասին։
Որպեսզի գովազդային առաջարկը ավելի վստահելի թվա, գրառումների տակ կեղծ օգտատերեր՝ այդ թվում վրացական և ադրբեջանական անուններով, հայերեն մեկնաբանություններ են թողել՝ պնդելով, թե արդեն օգտվել են առաջարկից և ստացել են իրենց ծանրոցները։

Գրառումներին կցված լուսանկարները «Հայփոստ»-ից չեն։ Դրանք խմբագրված են և վերցված համացանցից։ Ուշագրավ է, որ նույն լուսանկարները՝ այլ ընկերությունների անվանումներով, օգտագործվել են նաև այլ երկրներում նմանատիպ խարդախություններ տարածելու համար։

Ինչպես է գործում խարդախությունը
Գրառումներին կցված հղումը տանում է https://tecnihogar24[.]com կայքը։ Բացվող էջում օգտագործվում է «Հայփոստի» տարբերանշանը, սակայն այս կայքը որևէ կապ չունի «Հայփոստի» պաշտոնական կայքի հետ, որի հասցեն է՝ www.haypost.am։
Կայքի կեղծ լինելը նկատելի է նաև լեզվական առանձնահատկություններից․ տեքստերը հայերեն չեն հնչում և, հավանաբար, ավտոմատ կերպով են թարգմանված։

799 դրամով փաթեթ գնելու համար օգտատերը պետք է ընտրի «ճիշտ նվեր» փաթեթը, ինչի համար ունի երեք հնարավորություն։ Առաջին փորձից երբեք չի ստացվում, բայց երկրորդ փորձից հետո օգտատերը «հաջողում է»։ Այնուհետև խարդախները պահանջում են մուտքագրել մեծ քանակությամբ անձնական տվյալներ։ Եվ դա էլ անցնելուց հետո իբրև վճարումն իրականացնելու համար պահանջվում է քարտային տվյալները գրել, այդ թվում՝ CVV կոդը։ Հենց այս փուլում է, որ այցելուները կարող են ֆինանսական վնասներ կրել։

Առաջին անգամ չէ, որ նման խարդախություններով թիրախավորվում են հայ օգտատերերը։ Ամիսներ առաջ ևս «Հայփոստ»-ի, «Զվարթնոց» օդանավակայանի և էլեկտրոնիկայի մի շարք խանութների անունից տարածվում էին նմանատիպ գրառումներ։ #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է նման խարդախությունների։
«Զվարթնոց» օդանավակայանը կորած ճամպրուկներ չի վաճառում․ տարածվող գրառումները կեղծ են
Անի Գրիգորյան
CivilNetCheck











