Գլխավոր Լրահոս

Որտե՞ղ են ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի մատնանշած անդամավճարները

Որտե՞ղ են ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի մատնանշած անդամավճարները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ֆինանսական թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերին, պնդել է. «Կուսակցությունը (ՀՅԴ-ն-խմբ.) ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես՝ անդամավճարներից»։

Հատկանշական է, որ ՀՅԴ-ի վերջին երկու տարիներին՝ 2023-ի և 2024-ի ներկայացրած տարեկան ֆինանսական հաշվետվություններում անդամավճարներ ընդհանրապես հայտարարագրված չեն։ 

Արթուր Խաչատրյանն ու ՀՅԴ-ն հակասո՞ւմ են միմյանց

Արթուր Խաչատրյանից խնդրել էինք պարզաբանել՝ ինչու էր հայտարարել, թե ՀՅԴ-ն ֆինանսավորվում է անդամավճարներից, այն դեպքում, որ վերջին տարիներին կուսակցությունն անդամավճար չի հայտարարագրել։ 

Պատգամավորը մեզ գրել է, որ այդ հարցով պետք է դիմել Գերագույն մարմնին՝ նշելով, որ «ինքը շարքային անդամ է»։

Մեր դիտարկմանը, որ մեկնաբանություն ենք ակնկալում հենց իրենից, քանի որ անդամավճարների մասին հայտարարությունն ինքն է արել, Խաչատրյանը պատասխանեց. «Ես օրենքը մեջբերեցի և, որպես պարտաճանաչ կուսակցական, անդամավճար վճարելու հանգամանքը»։ 

Փաստացի Արթուր Խաչատրյանը պնդում է, թե պարտաճանաչ անդամավճաները վճարում է։  

ՀՅԴ-ն հաշվետվություններում անդամավճարների բացակայության վերաբերյալ հարցին պատասխանեց միայն շաբաթներ անց։

Կուսակցությունից պնդում են, թե անդամավճարներ վերջին երկու տարիներին չեն գանձել։

«2023-ին և 2024-ին անդամավճարներ չեն գանձվել՝ պայմանավորված ինչպես սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներով, այնպես էլ  օրենսդրական որոշ կարգավորումների անհստակ լինելու հանգամանքով»,- նշված է գրավոր պատասխանում։ 

Էկրանապատկերը՝ ՀՅԴ ԳՄ-ի պատասխանից

Կուսակցությունը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ կարգավորումների մասին է խոսքը։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում այլ կուսակցությունների հաշվետվություններում անդամավճարներն առկա են։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչ Տիգրան Մուղնեցյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ 2022-ից հետո փոփոխություններ չեն եղել անդամավճարների հետ կապված, ուստի հասկանալի չէ, թե ինչը կարող էր սահմանափակել կուսակցությանը։

Արդյունքում ստացվում է, որ Խաչատրյանը պնդում է, որ պարտաճանաչ վճարում է անդամավճարը, մինչդեռ կուսակցությունը հայտարարում է, թե 2023-ին և 2024-ին անդամավճարներ ընդհանրապես չի գանձել։ Բացի այդ, ՀՅԴ-ի 2021-ին և 2022-ին ներկայացրած ֆինանսական հաշվետվություններում անդամավճար վճարողների ցանկում Արթուր Խաչատրյանի անունը առկա չէ։

Հայտարարագրված վերջին անդամավճարները՝ 2022-ին

Ուսումնասիրելով ՀՅԴ-ի՝ 2016-2024 թվականների ֆինանսական հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները՝ պարզ է դառնում կուսակցությունը վերջին անգամ անդամավճարներ հայտարարագրել է 2022-ին։ Այդ տարի ՀՅԴ-ն հայտարարագրել է մոտ 1․3 մլն դրամի անդամավճար, որոնք, ըստ նշվածի, փոխանցել են երեք անձ։ 

Ընդ որում, 2022-ին նախորդ տարիների համեմատ հայտարարագրված անդամավճարների գումարը զգալիորեն քիչ է։ Եթե 2022-ին կուսակցությունը հայտարարագրել է ընդամենը 1.3 միլիոն դրամ, ապա 2021-ին՝ շուրջ 24 միլիոն դրամ, 2020-ին՝ շուրջ 39.3 միլիոն դրամ և այլն։

ՀՅԴ-ի՝ 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022,  2023 , 2024 (արխ․ 2024) թվականներին հայտարարագրած անդամավճարների չափը

Այսպիսով, ՀՅԴ-ի հրապարակած հաշվետվություններն ու Խաչատրյանի պնդումները շարունակում են անհամապատասխան մնալ․ վերջինս վստահեցնում է, որ վճարում է անդամավճարը, մինչդեռ կուսակցությունը 2023-2024 թվականներին նման մուտքեր չի արձանագրել, և նախկին հաշվետվություններում ևս Խաչատրյանի անունը բացակայում է։

ՍիվիլՆեթը OCCRP-ի հետ համատեղ ուսումնասիրել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պարզվել է, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ հանդիսացող տասնյակ անձինք խոշոր նվիրատվություններ են փոխանցել իշխող կուսակցությանը։ Լրագրողները խոսել են ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, որոնց կեսը ասել է, որ չի հիշում նման փոխանցում կատարելու մասին։

Տես՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում