Թրամփը նոյեմբերի 27-ը սահմանել է վերջնաժամկետ՝ Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 27-ը անվանել է վերջնաժամկետ՝ Ուկրաինայի կողմից իր խաղաղության ծրագրի պայմաններն ընդունելու համար: Այս մասին նա ասել է Fox News ռադիոյի եթերում։
«Մենք կարծում ենք, որ հաջորդ հինգշաբթին բավականին հարմար ժամանակ է», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Ուկրաինան անխուսափելիորեն կկորցնի Դոնբասի այն շրջանները, որոնք մնում են իր վերահսկողության ներքո:
The Washington Post-ի տվյալներով՝ Վաշինգտոնը սպառնացել է դադարեցնել ռազմական աջակցությունը, եթե Կիևը չստորագրի խաղաղության համաձայնագիրը:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է բոլոր ուկրաինացիներին՝ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ այժմ երկիրը կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:
«Այժմ մեր պատմության ամենաբարդ պահերից մեկն է: Այժմ Ուկրաինայի վրա ճնշումն ամենաուժեղներից մեկն է: Ուկրաինան կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել: Կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկ», - ասել է Զելենսկին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Թրամփի խաղաղության ծրագրին, ասել է, որ այն կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղության կարգավորման համար։ Այս մասին նա ասել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանը հաստատել է, որ չնայած դժվարություններին՝ Մոսկվան համաձայն է կարգավորման ամերիկյան առաջարկների հետ։
Ի՞նչ կետեր է պարունակում Թրամփի խաղաղության ծրագիրը
Չնայած նախագծի կետերը պաշտոնապես հրապարակված չեն, բայց Associated Press-ը գրում է, որ ձեռք են բերել այն 28 կետերը, որը Թրամփը ներակայացրել է Ուկրաինային։ Դրանցից հիմնականներն են․
-Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը ճանաչվելու են որպես ռուսական, Խերսոնը և Զապորիժյեն՝ սառեցվելու են ճակատագծով: Ուկրաինական ուժերը պետք է հեռանան Դոնեցկի մարզի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից:
-Ուկրաինական բանակը սահմանափակվելու է 600,000 անձնակազմով:
-Ուկրաինան պետք է Սահմանադրությունում ամրագրի, որ չի միանա ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն չի տեղակայի զորք Ուկրաինայում:
-Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն:
-100 միլիարդ դոլար սառեցված ռուսական ակտիվներ կներդրվեն Ուկրաինայի վերակառուցման մեջ: ԱՄՆ-ն կստանա շահույթի 50%-ը: Ռուսաստանը կվերաինտեգրվի գլոբալ տնտեսության մեջ և կհրավիրվի G8:
-Զապորոժյեի ատոմակայանը կգործարկվի ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) վերահսկողությամբ, էլեկտրաէներգիան կբաշխվի հավասարաչափ՝ 50:50:
-Բոլոր ռազմագերիները կփոխանակվեն, ընտանիքների վերամիավորման ծրագիր կիրականացվի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի 100 օրում, պատերազմի ժամանակ կատարված գործողությունների համար ամբողջական ներում կտրվի:
Civilnet










