Ուկրաինան ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնեն խաղաղության համաձայնագրի շուրջ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Շվեյցարիայում խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությանը և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին:
«Այս օրերին Շվեյցարիայում սկսում ենք խորհրդակցություններ՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի վերաբերյալ»,- հայտարարել է Ումերովը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան այս գործընթացին մոտենում է իր շահերի հստակ պատկերացմամբ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հաստատել է ուկրաինական պատվիրակության կազմը և համապատասխան բանակցությունների հրահանգները:
Ուկրաինայից բանակցություններին կմասնակցեն՝
- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը.
- ԱՆԽՍ քարտուղար Ռուստեմ Ումերովը.
- Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը.
- Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը.
- Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն.
- Արտաքին գործերի նախարարության առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան.
- ԱՆԽՍ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին.
- Անվտանգության ծառայության փոխնախագահ Ալեքսանդր Պոկլադը.
- Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բեվզը:
Նոյեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 27-ը վերջնաժամկետ է՝ Ուկրաինայի կողմից իր խաղաղության ծրագրի պայմաններն ընդունելու համար: Նա 28 կետից բաղկացած Խաղաղության ծրագիր է ներկայացրել։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է բոլոր ուկրաինացիներին՝ ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ այժմ երկիրը կարող է շատ բարդ ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ ընդունել դժվարին 28 կետերը, կա՛մ մտնել ծայրահեղ ծանր ձմեռ՝ դիմակայելով հետագա ռիսկերին:
Civilnet










