Լրատվամիջոցներում դեկտեմբերի 2-ին հրապարակվել էր տեղեկություն, թե Բաքվի խանութներում «հայկական Snickers է վաճառվում»:
Մասնավորապես, auroranews. am-ը տարածել է ադրբեջանցի բլոգեր Քամրան Ռազմովարի տեսանյութը՝ նշելով, թե վերջինս իբր պնդում է, թե Բաքվի խանութների դարակներում հայտնվել են Հայաստանում արտադրված Snickers շոկոլադներ։
«Տեսանյութում երևում է, թե ինչպես է օգտատերը պոկում պիտակը և ցույց տալիս, որ բաղադրությունը գրված է ամբողջովին հայատառ»,- գրել է auroranews.am-ը։
Մինչդեռ, «Սնիկերս» ապրանքանիշի շոկոլադ Հայաստանում ընդհանրապես չի արտադրվում։
Ինչու հայերեն գրությամբ «Սնիկերսը» հայկական չէ
Թեև auroranews.am-ի հոդվածում նշվում է, թե օգտատերը հայտնել է Հայաստանում արտադրված «Սնիկերսների» մասին, սակայն Ռազմովարը տեսանյութում խոսում է միայն դրանց վրա եղած հայերեն գրությունից։
«Ընկերներ, Բաքվում հայերեն գրությամբ «Սնիկերսներ» կան։ Եթե հետևի պիտակը հանեք, կարող եք տեսնել այդ գրությունները։ Ով հայերեն գիտի նայեք, բոլորը հայերեն լեզվով են»,- տեսանյութում ասում է Ռազմովարը։
«Սնիկերս», «Մարս», «Բաունտի» կոնֆետներն արտադրում է «Մարս» ընկերությունը։ Հայաստանում դրանց վաճառքը ապահովվում է ներմուծող տարբեր ընկերությունների միջոցով։
«Սնիկերս» ապրանքանիշի շոկոլադ ներմուծող ընկերություններից մեկից՝ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից, #CivilNetCheck-ին հայտնեցին, որ «Սնիկերս» շոկոլադ Հայաստանում երբևէ չի արտադրվել, իսկ ամենամոտ գործարանը գտնվում է Ռուսաստանում։
Ինչ վերաբերում է շոկոլադի վրա հայերեն գրությանը, «Դերժավա-Ս» ՓԲԸ-ից նշում են, որ երբեմն արտադրող գործարանն ինքն է ապրանքի վրա հայերեն նշումներ անում։
#CivilNetCheck-ը ևս ուսումնասիրել է սուպերմարկետներում վաճառվող «Սնիկերս» շոկոլադները․ դրանց վրա առկա են գործարանային հայերեն գրություններ։

Իսկ Հայաստանի սուպերմարկետների օնլայն ծառայությունների կայքերում «Սնիկերս» շոկոլադի արտադրող երկիրը նշվում է Ռուսաստանը։

Ի դեպ, Հայաստանում էլ պարբերաբար լինում են բողոքներ հայկական խանութներում ադրբեջաներեն գրությամբ ապրանքների առկայության մասով։ Բանն այն է, որ ԱՊՀ և մասնավորապես Հարավային Կովկաս մատակարարվող ապրանքների վրա տեղեկությունները, որպես կանոն, գրվում են տարածաշրջանի բոլոր երկրների լեզուներով, այդ թվում հայերեն կամ ադրբեջաներեն։
Այսպիսով, «Սնիկերս» ապրանքանիշի շոկոլադը Հայաստանում չի արտադրվում, հետևաբար հայկական արտադրության «Սնիկերս» չի կարող հայտնվել ադրբեջանական խանութներում։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











