Գլխավոր Լրահոս

Չկատարված խոստումներ․ չորս մարզում չկա ցերեկային խնամք, ճգնաժամային կենտրոնները չեն ստեղծվել

Չկատարված խոստումներ․ չորս մարզում չկա ցերեկային խնամք, ճգնաժամային կենտրոնները չեն ստեղծվել

Մարիա Խաչատրյան

Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ արձանագրված էր տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքահեն ծառայությունների ներդրումն ու զարգացումը։

Դրա շրջանակում նախատեսվել էր մինչև 2023թ. ՀՀ բոլոր մարզերում ստեղծել տարեցների համար ցերեկային կենտրոններ, երեք ճգնաժամային կենտրոն, և ընդլայնել տնային խնամքի ծառայությունները հանրապետության բոլոր մարզերում՝ ներդնելով ամենօրյա խնամքի ծառայություններ տնային պայմաններում։

 #CivilNetCheck-ն ուսումնասիրել է՝ արդյոք նախատեսված միջոցառումներն իրականացվել են։ Պարզվում է՝ այս հանձնառության իրականացումը ոչ միայն չի ավարտվել 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չի կատարվել։

Ծառայությունների մատուցման նպատակը

Ջերմուկ համայնքի բնակիչ, 69-ամյա Անդրեասյան Զաբելլան միայնակ է ապրում և ասում է՝ օրվա ընթացքում զբաղմունք չունի։

«Եթե մեզ մոտ լինի ցերեկային կենտրոն, իհարկե կայցելեմ։ Գոնե օրվա մեջ 1-2 ժամ կշփվեմ, ժամանակ կանցկացնեմ։ Հիմա այլևս առողջությունս չի ներում, որ աշխատեմ, ամբողջ օրը միայնակ եմ տանը, Վայոց ձորում նման կենտրոն չկա»,- պատմում է նա։

Մինչդեռ, Վայոց ձորը այն մի քանի մարզերից մեկն էր, որտեղ ցերեկային կենտրոնի ստեղծումը համարվել էր առաջնահերթ։   

Բացի Վայոց ձորից, կառավարության 2021թ. ապրիլի 8-ի որոշմամբ ցերեկային կենտրոններ առաջնահերթ պետք է ստեղծվեին Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում՝ հիմնվելով այդ մարզերում տուն-ինտերնատներում խնամվողների թվի համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի վրա։

Ծրագրերի իրականացման նպատակը տարեցների համար համայնքահեն ծառայությունների ներդրումը և զարգացումն է, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն հանրային կյանքին, ապահովվի նրանց սոցիալական, ֆիզիկական, մտավոր կարողությունների զարգացումը և ստանան իրենց կարիքներին համապատասխան աջակցություն։ 

Կենտրոններում տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվի օրական մեկանգամյա սնունդ, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, կրթա-ուսումնական և մի շարք այլ ծառայություններ՝ հիմնվելով նրանց հետաքրքրությունների վրա։

Չորս մարզերում կենտրոններ չեն ստեղծվել 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2025թ. դեկտեմբերի դրությամբ տարեցների համար նախատեսված ցերեկային կենտրոններ գործում են Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում։ Ընդհանուր ստեղծվել է 11 կենտրոն․ Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում գործում է երկուական, իսկ Սյունիքում ու Արարատում՝ մեկական կենտրոն։ Կենտրոններից 10-ը շահագործվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (բհկ) կողմից, իսկ Շիրակում գործող կենտրոններից մեկն աշխատացնում է «Հայկական Կարիտաս» բհկ-ն։

Էկրանապատկերը՝ նախարարության տված պատասխանից

2025թ․ ծրագրից օգտվում է 600 շահառու։ Ցերեկային կենտրոնների եկամտի մի մասը տրամադրում է պետությունը, իսկ մնացածը՝ կազմակերպությունները հայթայթում են դոնոր կազմակերպություններից։ Այս տարի պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվել է 78 մլն 846 հազար դրամ։ 

Ինչ վերաբերում է Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի և Արագածոտնի մարզերին, ապա նախարարությունից հայտնում են, որ այստեղ ցերեկային խնամքի ծառայություններ չեն ներդրվել, քանի որ մինչ 2023թ. և դրանից հետո պարբերաբար հայտարարված դրամաշնորհային մրցույթներում մասնակցության հայտեր չեն ներկայացվել։ Նշում են, որ այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումն կիրականացվի 2027թ. բյուջետային հայտի շրջանակում։ Իսկ 2026թ. բյուջետային հայտով էլ նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդրնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։

Տնային խնամքի ծառայություններ

2025թ. տնային խնամքի ծառայությունները գործում են բոլոր մարզերում, բացի Վայոց ձորից։ Նախարարության փոխանցմամբ՝ 2021-2023թթ. ընթացքում այս ծառայությունները ներդրված չեն եղել բոլոր մարզերում՝ ամենամյա դրամաշնորհային մրցույթներին հայտերի բացակայության պատճառով։ 2026-ի համար արդեն հայտարարվել է դրմաշնորհային նոր մրցույթ բոլոր մարզերում։

Այս տարի պետբյուջեից տրամադրվել է 239 մլն դրամ տնային խնամքի ծառայությունների իրականացման համար։ Հանրապետությունում այս ծառայությունները մատուցվում են 6 ՀԿ-ի կողմից։ Դրանք են՝ «Առաքելություն Հայաստան» բհկ-ն, «Հայկական Կարիտաս» բհկ-ն, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հկ, «Համագործակցության-Կամար» հկ, «Հուսո տուն» բարեգործական կենտրոն հկ-ն։

Էկրանապատկերը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ

Ճգնաժամային կենտրոններ չեն ստեղծվել

Կառավարության կողմից ընդունված նույն ծրագրով՝ 2021-2023թթ. ընթացքում ճգնաժամային իրավիճակում հայտնված (համաճարակ, պատերազմ, բնական աղետ և այլն), հրատապ կացարանի կամ սոցիալական այլ ծառայությունների կարիք ունեցող անձանց կացարանով, սննդով, հագուստով, առաջին բուժօգնության և սոցիալական տարբեր ծառայություններով ապահովելու համար նախատեսվում էր Երևանում և հանրապետության երկու մարզում մեկական կենտրոն ստեղծել՝ յուրաքանչյուրը նախատեսված 20 անձի համար։ 

Մինչ օրս ոչ մի ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հավաստիացնում են, որ ներկայում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար ճգնաժամային կենտրոնների ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ առկա ծրագրերը բավարար են։ Չնայած դրան, մինչ օրս Վայոց ձորում ներդրված չէ՝ ոչ տնային խնամքի, ոչ էլ ցերեկային կենտրոնների ծառայությունը։ 

Էկրանապատկերում՝ նախարարությունից ստացված գրությունը

Այսպիսով՝ 2021-2023թթ. ընթացքում և մինչ օրս Վայոց ձորի, Տավուշի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ չեն ներդրվել։ Երեք ճգնաժամային կենտրոններնի ծրագիրը ևս կյանքի չի կոչվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում