Գլխավոր Լրահոս

Թոշակառուների հետվճարների «հետաձգման» մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը

Թոշակառուների հետվճարների «հետաձգման» մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը

«Հրապարակ» օրաթերթը դեկտեմբերի 17-ին հոդված է հրապարակել՝ պնդելով, թե թոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումների դիմաց նախատեսված հետվճարների կիրառումը հետաձգվել է մինչև ապրիլ, ինչի հետևանքով մոտ 600,000 շահառու իբր կկորցնի մինչև 30,000 դրամ։

Լրատվամիջոցը նաև մեջբերել է տնտեսագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանի խոսքը.«Հիմա սրանք որոշել են, որ նրանք, ովքեր որ նոր քարտեր են ունենալու ու մտնելու են անկանխիկ գործարքների մեջ, դա անեն ապրիլի 1-ից: Ցույց են տալիս, որ դրանով լավություն են անում մեր ժողովրդին, որպեսզի իբր ցնցումներ չլինեն, սահուն կերպով հետվճարի մուծումը սկսեն ապրիլից: Այսինքն, ամեն թոշակառու կկորցնի ամսական 10 հազար, այսինքն՝ 3 ամսում 30 հազար դրամ»։ 

Մինչդեռ իրականում թոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումների դիմաց հետվերադարձի համակարգը ներկայումս գործում է, և թոշակը կամ նպաստը քարտով ստացող յուրաքանչյուր շահառու, կարող է օգտվել հետվճարից՝ առանց որևէ հետաձգման։

Ի՞նչ որոշում էր կայացրել կառավարությունը. ինչո՞ւ է հիշատակվում ապրիլի 1-ը 

Կառավարությունը նոյեմբերի 27-ի նիստում որոշեց, որ 2026-ի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 տոկոս հետվճար՝ գործող 12 տոկոսի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները և նպաստառուները կկարողանան բարձրացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000 դրամի փոխարեն։

Միևնույն ժամանակ որոշվել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով։ Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստանում են կենսաթոշակառուների և նպաստառուների 10 տոկոսից էլ պակաս քաղաքացիներ՝ շուրջ 58,000 անձ, որոնք մինչև ապրիլի 1-ը պետք է անցնեն կենսաթոշակն ու նպաստը անկանխիկ եղանակով ստանալուն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանեց, որ մինչև ապրիլի 1-ը ժամանակ է տրամադրվել, որպեսզի այն քաղաքացիների համար, որոնք ներկայումս չունեն կենսաթոշակ կամ նպաստը անկանխիկ եղանակով ստանալու հնարավորություն, օրինակ՝ առողջական վիճակի պատճառով չեն կարող տնից դուրս գալ կամ ունեն այլ տեխնիկական խոչընդոտներ, մշակվեն համապատասխան մեխանիզմներ՝ նրանց ևս համակարգում ներառելու համար։

Նա նաև հստակեցրեց, որ եթե այդ քաղաքացիները դեռ դեկտեմբերին անցնեն կենսաթոշակը կանխիկից անկանխիկ եղանակով ստանալուն, ապա անմիջապես կսկսեն օգտվել հետվճարի ծրագրից, և դրա համար ապրիլի 1-ին սպասելու անհրաժեշտություն չկա։

Ինչ վերաբերում է տարածվող պնդումներին, թե կառավարությունը պատրաստվում է արգելել թոշակների կանխիկացումը, Նվեր Կոստանյանը նշեց, որ դրանք ապատեղեկատվություն են։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է թոշակների վճարման եղանակին, մինչդեռ թոշակառուները լիովին ազատ են իրենց ստացած գումարի տնօրինման հարցում։

«Դա տեխնիկապես էլ անհնար է․ այսինքն՝ ամեն բանկոմատի մոտ մարդ պետք է կանգնի, որպեսզի կանխիկացում թույլ չտա»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ նախարարությունը խրախուսում է անկանխիկ գործարքները, քանի որ այդ դեպքում թոշակառուները կարող են նաև օգտվել հետվճարի ծրագրից։

Այսպիսով, թոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումների դիմաց հետվճարի համակարգը գործում է, և յուրաքանչյուր շահառու, որը անցնում է կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով ստանալուն և կատարում է գնումները անկանխիկ, կարող է անմիջապես օգտվել հետվճարի ծրագրից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում