Գլխավոր Լրահոս

«WhatsApp AI» և շաբաթական 300 հազար դրամ․ Խաչատուր Սուքիասյանի դիփֆեյքով նոր խարդախություն

«WhatsApp AI» և շաբաթական 300 հազար դրամ․ Խաչատուր Սուքիասյանի դիփֆեյքով նոր խարդախություն

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իբր գովազդում է ներդրումային նոր հարթակ։ 

Հայաստանցի օգտատերերին ակտիվ գովազդի միջոցով թիրախավորող տեսանյութում խոստանում են շաբաթական խոշոր գումարներ վաստակելու հնարավորություն՝ օգտագործելով արհեստական բանականության (AI) գործիքներ։

Էկրանապատկերում՝ Սուքիասյանի պատկերով կեղծ տեսանյութերով գրառումները

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է համացանցում շրջանառվող տեսանյութը և պարզել, որ այն դիփֆեյք է, իսկ դրա հետևում կանգնած է ֆինանսական տվյալների հափշտակությամբ զբաղվող խարդախների խումբ։

Կեղծված ձայն՝ ռուսերենով 

Տարածվող տեսանյութում Խաչատուր Սուքիասյանն իբրև ռուսերեն պատմում է, թե իր ընտանիքը եկամուտ է ստանում «WhatsApp AI» կոչվող հարթակից և այժմ բացում է դրա հասանելիությունը նաև հայաստանցիների համար։ Իրականում տեսանյութում Սուքիասյանի դիփֆեյքն է, և նրա ձայնը գեներացված է արհեստական բանականությամբ։ 

Խաչատուր Սուքիասյանի կեղծ տեսանյութը

Տեսանյութի սցենարը կառուցված է դասական ֆինանսական խարդախության տրամաբանությամբ։ Հնչում են խոստումներ, թե արհեստական բանականությունը շուրջօրյա վերլուծում է շուկան և տալիս ճշգրիտ ազդանշաններ։ Բացի այդ, պնդվում է, որ յուրաքանչյուր գրանցվողի կցվում է «անձնական մենեջեր», որը հեռախոսազանգի միջոցով ուղղորդում է քաղաքացուն մինչև «կայուն եկամուտ» ստանալը։

Իրականում տեսանյութի սկզբնաղբյուրը Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի մայիսին հեռարձակված «Առանց թեմայի» հաղորդաշարի թողարկումն է։ Բնօրինակ հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը խոսում է իր կենսագրության և գործարար գործունեության մասին։ Հաղորդման ընթացքում որևէ ներդրումային հավելվածի մասին պատգամավորը չի հիշատակում: Կեղծված տարբերակում պատգամավորի շուրթերի շարժումը արհեստականորեն հարմարեցվել է ռուսերեն տեքստին։

Կայքը պարբերաբար օգտագործվում է տարբեր խաբեությունների համար

Տեսանյութին կից տեղադրված «Իմանալ ավելին» (Learn more) կոճակը օգտատերերին տանում է ledgionavera[.]top հասցեով կայքը։ Վերջինս ներկայանում է որպես «WhatsApp AI» հարթակ և պարունակում է ֆինանսական խարդախությանը բնորոշ բոլոր տարրերը։ Կայքում տեղադրված են վիճակագրական կեղծ տվյալներ, անիրատեսական խոստումներ և գոյություն չունեցող օգտատերերի «հաջողության պատմություններ»։

Էկրանապատկերում՝ «WhatsApp AI» անունով կայքը

Կայքի գլխավոր նպատակը քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումն է։ Մուտք գործելու և «շաբաթական 300-600 հազար դրամ» աշխատելու համար պահանջվում է լրացնել անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո խարդախները կապ են հաստատում քաղաքացիների հետ և հոգեբանական ճնշման միջոցով փորձում կորզել գումարներ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ledgionavera[.]top դոմենը նոր չէ։ Ըստ Whois տվյալների՝ այն գրանցվել է 2025 թվականի հունիսի 23-ին։ URLquery հարթակի տվյալներով՝ կիբերանվտանգության միջազգային մի շարք համակարգեր (այդ թվում՝ Cloudflare-ն ու OpenDNS-ը) դոմենը դասակարգում են որպես «վնասակար» և «ֆիշինգային»։

Էկրանապատկերում՝ Ledgionavera[.]top կայքի գրանցման տվյալները

#CivilNetCheck-ն ավելի վաղ արձանագրել էր, որ նույն այս դոմենը օգտագործվել է այլ հայտնի անձանց անունից կեղծիքներ տարածելու համար։ 

Մասնավորապես, նախկինում այս հասցեով գովազդվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից ներկայացվող կեղծ ներդրումային ծրագրերը։ Փաստացի սա կազմակերպված խումբ է, որը պարբերաբար փոխում է միայն «դեմքը»՝ թիրախում պահելով հայաստանյան լսարանը։

Տես՝ Աննա Հակոբյանի ու «Արուսյա Կավկազի» դիփֆեյքերով տարածում են կեղծ ներդրումային հարթակ

Այսպիսով, սոցիալական ցանցերում Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ տարածվող՝ «WhatsApp AI» հարթակի գովազդը կեղծ է և ֆինանսական խարդախության փորձ է։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ օգտագործելով հին հարցազրույցի կադրերը։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում