Գլխավոր Լրահոս

Կանխիկի դեմ վարչապետի հայտարարություններն ու իշխանավորների կանխիկ միլիոնները

Կանխիկի դեմ վարչապետի հայտարարություններն ու իշխանավորների կանխիկ միլիոնները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում  կոշտ հայտարարություններով անդրադարձավ կանխիկ գումարի կիրառմանը։ 

«Կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կարո՞ղ եք բացատրել։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշա՞ռք են տալիս, ստվերային առևտո՞ւր են անում, ի՞նչ դրական բան կա, որ հնարավոր չէ անել անկանխիկ փողով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ 

Այս հայտարարության ֆոնին #CivilNetCheck-ը ուսումնասիրել է, թե որքան կանխիկ միջոցներ են հայտարարագրել հենց իշխանության ներկայացուցիչները։

Միլիոնավոր դրամների կանխիկ. ինչ են ցույց տալիս կառավարության անդամների հայտարարագրերը

Կանխիկ վճարումները քննադատող Նիկոլ Փաշինյանն ինքը 2024-ին հայտարարագրել է 700,000 դրամ և 500 դոլար կանխիկ միջոցներ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կանխիկ մեծ գումարներ է հայտարարագրել։  

2024-ի հայտարարագրով նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն դրամ, իսկ կանխիկը՝ 50 մլն դրամ։ Մյուս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է՝ 10,000 դոլար կանխիկ (շուրջ 3,8 մլն դրամ)։

Միակ նախարարը, որը կանխիկ միջոցներ չի հայտարարագրել 2024-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Իսկ, օրինակ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 37,000 դոլար և 2,7 մլն դրամ կանխիկ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024-ի հայտարարագրում նշել է 1 մլն դրամ, 20,000 դոլար և 10,000 եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կանխիկ միջոցներն էլ գերակշռում են անկանխիկին. նա հայտարարագրել է 1,5 մլն դրամ, 34,000 դոլար և 500 եվրո կանխիկ։

Եթե որպես շեմ դիտարկենք 1 մլն դրամը, ապա նախարարներից միայն երկուսն են հայտարարել այդ չափից պակաս կանխիկ միջոցներ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Վերջինիս 2024-ի սկզբի ունեցած 1,5 մլն դրամը տարեվերջին նվազել է՝ կազմելով 250,000 դրամ։

Ամեն երրորդ պատգամավորը՝ մեկ միլիոնից ավելի կանխիկով

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերին, ապա պատկերը հետևյալն է․ 69 ՔՊ-ական պատգամավորներից միայն 12-ը որևէ կանխիկ դրամական միջոց չի հայտարարագրել։

Միաժամանակ, 9 պատգամավոր հայտարարագրել է 10 մլն դրամ և ավելի կանխիկ միջոցներ, իսկ 25 պատգամավոր՝ 1 մլն դրամ և ավելի։ Այսինքն՝ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր երրորդ պատգամավորը 1 մլն դրամը գերազանցող կանխիկ միջոցներ ունի։

10 միլիոնից ավելի կանխիկ միջոցներ հայտարարագրողների թվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2024-ին նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդամենը 209 դոլար և 1 972 դրամ, մինչդեռ կանխիկ միջոցները՝ 26,1 մլն դրամ։

Նույն խմբում են նաև պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը՝ 19,000 դոլար և 14 մլն դրամ, և Նարեկ Գրիգորյանը՝ 12 մլն դրամ կանխիկ։

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նույնպես խոսել է կանխիկի կիրառման խնդիրների մասին՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի լավագույն միջոցը անկանխիկ վճարումներն են։

Սակայն նրա հայտարարագրած տվյալները այլ պատկեր են ցույց տալիս։ 2024 թվականին տարեսկզբին Սուքիասյանը ունեցել է 6,693 միլիարդ դրամ, 1,913  մլն դոլար (շուրջ 730 մլն դրամ) և 185,000 եվրո կանխիկ միջոցներ։ Միաժամանակ, տարեվերջին նրա հայտարարագրում կանխիկ դրամական միջոցները նշված են ընդամենը 7 մլն դրամ։

Էկրանապատկերը՝ Սուքիասյանի 2024-ի հայտարարագրից

Առաջին հայացքից կարող էր թվալ, թե նա հետևել է վարչապետի՝ կանխիկից հրաժարվելու հորդորներին։ Սակայն պարզվում է, որ դա այդպես չէ։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հայտնեց, որ հայտարարագրում պետք է նշված լիներ 7 միլիարդ դրամ, ոչ թե միլիոն, և տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ։

Այսպիսով, փաստացի Սուքիասյանի կանխիկ դրամական միջոցները ոչ թե նվազել, այլ ավելացել են։ Ավելացել են նաև նրա եվրոյով միջոցները՝ 185,000-ից հասնելով 700,000 եվրոյի (մոտ 313 մլն դրամ)։

Այսպիսով, կանխիկի քննադատության ֆոնին իշխանության ներկայացուցիչների մեծ մասը պահում է միլիոնավոր և անգամ միլիարդավոր դրամների կանխիկ միջոցներ։

Ի դեպ, կանխիկից անկանխիկի անցնելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ 2019-ին

«Կանխիկ գումարի շրջանառությունն ընդհանրապես պետք է զրոյանա։ [...] Դրանով կոռուպցիայի դեմ պայքարի հարցն ենք լուծում առանց աղմուկ աղաղակների»,- ասել է Փաշինյանը։

Տես՝

Փաստացի, վեց տարվա ընթացքում իշխանության ներկայացուցիչների ֆինանսական վարքագծում էական փոփոխություն չի արձանագրվել, և կանխիկ միջոցները շարունակում են զգալի տեղ զբաղեցնել նրանց հայտարարագրերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում