Գլխավոր Լրահոս

Ինչ է իրականում տեղի ունեցել Մոլդովայում և Ռումինիայում

Ինչ է իրականում տեղի ունեցել Մոլդովայում և Ռումինիայում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Եվրամիության՝ Հայաստանին հիբրիդային պատերազմներին հակազդելու հնարավոր աջակցությանը՝ այն համեմատելով Մոլդովայի և Ռումինիայի օրինակների հետ։

«Նույն սցենարով, պատերազմի (հիբրիդային պատերազմի – խմբ.) անվան տակ, Եվրամիությունը բավական լուրջ աջակցություն էր ցուցաբերում Մոլդովայի իշխանություններին ընտրությունների ընթացքում․ արգելվել էին նաև որոշ կուսակցություններ, որպեսզի չմասնակցեն ընտրություններին»,– հայտարարել է Դանիելյանը։

Խոսելով ընտրություններում հնարավոր կեղծիքներից խուսափելու Եվրամիության «փորձի» մասին՝ Դանիելյանը որպես օրինակ հիշատակել է նաև Ռումինիան՝ պնդելով, թե այնտեղ նախագահի ընտրությունների արդյունքները չեղարկվել են այն պատճառով, որ հաղթած թեկնածուն դրական վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է, թե ինչ գործընթացներ և իրադարձություններ են նախորդել Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև՝ ինչ պատճառներով և ինչ հանգամանքներում են Ռումինիայում չեղարկվել ընտրությունների արդյունքները։

Ի՞նչ էր նախորդել Մոլդովայում կուսակցությունների մասնակցության արգելմանը

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2025-ի սեպտեմբերի 28-ին։ Դրանից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, իսկապես արգելվել է «Մոլդովայի սիրտ» (Inima Moldovei) կուսակցության մասնակցությունը ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)  կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ արձանագրել էր հիմնավոր կասկածներ, ինչի հիման վրա դատարանը 12 ամսով սահմանափակել էր կուսակցության գործունեությունը, իսկ ԿԸՀ-ն՝ արգելել մասնակցությունը ընտրություններին։ Կուսակցության գործունեությունը դադարեցվել էր ընտրողներին կաշառելու, անօրինական ֆինանսավորման և փողերի լվացման մեղադրանքների հիմքով։

Լուսանկարը՝ Մոլդովայի ընտրություններից, աղբյուրը՝ iri.org

Նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել է նաև «Մեծ Մոլդովա» (Moldova Mare) կուսակցության մասնակցությունը ընտրություններին՝ չհայտարարագրված ֆինանսական միջոցների և ընտրողներին կաշառելու կասկածների պատճառով։ Կասկածներ կային նաև, որ կուսակցությունը գործել է որպես օլիգարխ Իլան Շորի՝ Սահմանադրական դատարանի կողմից արգելված «Շոր» («Șor») կուսակցության փաստացի իրավահաջորդ։ Շորը 2019-ից լքել է Մոլդովան և հետագայում հաստատվել Ռուսաստանում։ Նա 2023-ին հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բանկային խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։ Նույն թվականին Մոլդովայի Սահմանադրական դատարանը «Շոր» կուսակցությունը ճանաչել է հակասահմանադրական և արգելել դրա գործունեությունը՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում երկրի սահմանադրական կարգի համար։

Լուսանկարում՝ Իլան Շորը, աղբյուրը՝ rferl.org

Ի՞նչ բացահայտումներ էին նախորդել

Ընտրություններին այս երկու կուսակցությունների մասնակցության արգելքին նախորդել էին մի շարք խոշոր բացահայտումներ։ Դեռ օգոստոսին Մոլդովայի ոստիկանությունը հայտարարել էր, որ ձեռք է բերել ընտրողների կաշառման վերաբերյալ ապացույցներ։ Իրավապահների տվյալներով՝ մի խումբ անձինք կասկածելի գումարներ էին բաժանում ռուսական «Պրոմսվյազբանկ» (PSB) բանկի բջջային հավելվածի միջոցով։ Ըստ ոստիկանության՝ այդ անձինք գործել են Իլան Շորի կազմակերպության օգտին։

Սեպտեմբերի 11-ին իրավապահ մարմինները մի շարք անձանց բնակարաններում իրականացրել են խուզարկություններ՝ ընտրական գործընթացին ապօրինի միջամտության վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Իրավապահների հաղորդմամբ՝ այդ գործողությունների ընթացքում արձանագրվել են կապեր արգելված «Շոր» կուսակցության հետ, ինչպես նաև նույն ֆինանսավորման մեխանիզմների կիրառման կասկածներ։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել են տարբեր արժույթներով կանխիկ գումարներ, վճարային փաստաթղթեր, ինչպես նաև բողոքի ցույցերին մասնակցող անձանց և օգտագործված մեքենաների ցուցակներ։

Շաբաթներ անց՝ սեպտեմբերի 22-ին, իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարեցին 74 անձի ձերբակալության մասին։ Ըստ իրավապահների՝ վերջիններս կասկածվում էին Սերբիայում ռուս հրահանգիչների մասնակցությամբ անցկացված վարժանքներին ներգրավված լինելու մեջ՝ ընտրություններից առաջ հնարավոր անկարգություններ հրահրելու նպատակով։ Նշվել էր, որ այդ գործով հետաքննությունը սկսվել է դեռևս հունիսին։

Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի սեպտեմբերի 23-ի հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով ապօրինի գործողությունների համար օգտագործված ֆինանսական միջոցները, ենթադրաբար, փոխանցվել են Ռուսաստանից՝ կրիպտոարժույթների միջոցով, ապա փոխարկվել կանխիկի և սուրհանդակների միջոցով փոխանցվել շահառուներին։ Ըստ կենտրոնի՝ արձանագրվել է շուրջ 9 միլիոն լեյի (մոտ 2 միլիոն դոլար) չափով կանխիկ գումարի մատակարարում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 800,000 լեյ (մոտ 185,000 դոլար), ինչպես նաև տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։

Ընտրություններից օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին, արդեն արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Մեծ Մոլդովա» կուսակցությունը ենթադրաբար ստացել է արտաքին ֆինանսավորում Ռուսաստանի Դաշնությունից՝ «Պրոմսվյազբանկի» միջոցով, որը, ըստ իշխանությունների, կապված է «Շոր» խմբի հետ։

Ռուսաստանում բնակվող մոլդովացիները հնարավորություն չե՞ն ունեցել քվեարկելու

Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե Ռուսաստանում ապրող մոլդովացիներին հնարավորություն չի տրվել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ Եվրոպայում ապրողների համար խոչընդոտներ չեն եղել։

Իսկապես, Եվրոպայի մի շարք երկրներում գործել են ավելի մեծ թվով ընտրատեղամասեր (Գերմանիա, Իսպանիա և այլն), մինչդեռ Ռուսաստանում բացվել է ընդամենը երկու ընտրատեղամաս։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերի սահմանափակ թիվը պատճառաբանել է անվտանգության նկատառումներով։

Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 28-ին, Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել էր, որ ՌԴ-ում ընտրատեղամասերը բացվել են միայն դեսպանատան տարածքում՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների և ընտրական հանձնաժողովի անդամների անվտանգությունը։

Ինչո՞ւ են չեղարկվել նախագահական ընտրությունները Ռումինայում 

Ինչ վերաբերում է Դանիելյանի պնդումներին Ռումինիայի մասով, թե ընտրությունները չեղյալ են համարվել, քանի որ ամենամեծ թվով ձայներ հավաքած թեկնածուն դրական վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նախագահի նկատմամբ, ապա դրանք չեն հաստատվում փաստերով։

Իրականում, Ռումինիայում 2024-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում Կալին Ջորջեսկուն հաղթել է միայն առաջին փուլում և չի համարվել ընտրված նախագահ։ 

Լուսանկարում՝ Կալին Ջորջեսկուն, աղբյուրը՝ politico.eu

Սակայն երկրորդ փուլի քվեարկությունից առաջ Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների գործընթացը՝ պատճառաբանելով, որ այն ենթարկվել է արտաքին ազդեցության։ Բացի այդ, պաշտոնական փաստաթղթերում նշվել է, որ ընտրական գործընթացը ուղեկցվել է լուրջ թերություններով, այդ թվում՝ թեկնածուների համար ոչ հավասար մրցակցային պայմաններով և ֆինանսավորման թափանցիկության խնդիրներով։

Ռումինիայի Գերագույն պաշտպանության խորհուրդը գաղտնազերծել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ նախընտրական շրջանում արձանագրվել է շուրջ 25,000 TikTok օգտահաշիվների համակարգված, ոչ օրգանական ակտիվություն, որը կարող էր ուղղված լինել Կալին Ջորջեսկուի տեսանելիության բարձրացմանը։ Ռումինիայի իշխանությունները այդ գործողությունները գնահատել են որպես տեղեկատվական ազդեցության փորձ և ազգային անվտանգության ռիսկ։

Արդեն 2025-ին TikTok-ն իր զեկույցում հայտնել է, որ 2024-ի դեկտեմբերին շուրջ 27,000 օգտահաշիվներից բաղկացած ցանցը փորձել է բարձրացնել Կալին Ջորջեսկուի վարկանիշը՝ մեծածավալ մեկնաբանություններ և ակտիվություն ապահովելով։

Էկրանապատկերը՝ TikTok-ի զեկույցից

Միջազգային կազմակերպությունները զեկույցներ և հետաքննություններ էին հրապարակել Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակման և Ռումինայի ընտրություններին միջամտության վերաբերյալ։ Այնուհետև Ջորջեսկուին արգելվեց մասնակցել նոր ընտրություններին։

Նախագահի թեկնածուն բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն 2025-ին վճռաբեկ դատարանը մերժել է նրա բողոքը։

Կալին Ջորջեսկուն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Ռումինիայի Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկելու որոշումը՝ այն համարելով անօրինական և քաղաքական միջամտության արդյունք։ ՄԻԵԴ-ը, սակայն, մերժել է նրա դիմումը՝ նշելով, որ նախագահական ընտրությունները չեն մտնում ազատ ընտրությունների իրավունքի պաշտպանության շրջանակի մեջ (արձանագրություն Հ1, հոդված 3)։

Այո, Ջորջեսկուն հայտնի է Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքով և հրապարակային ելույթներում Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «իր երկիրը սիրող մարդ», սակայն Ռումինիայի իրավապահ և պետական մարմինների արձանագրած խնդիրները վերաբերում էին ոչ թե թեկնածուի քաղաքական դիրքորոշմանը, այլ ընտրական գործընթացին առնչվող համակարգային խախտումներին և արտաքին ազդեցության կասկածներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում