Գլխավոր Լրահոս

«WhatsApp AI» և Ծառուկյանի դիփֆեյքը. խարդախները շարունակում են թիրախավորել հայերին

«WhatsApp AI» և Ծառուկյանի դիփֆեյքը. խարդախները շարունակում են թիրախավորել հայերին

Հայկ Հովհաննիսյան

Սոցիալական ցանցերում շարունակվում է հայտնի քաղաքական գործիչների և գործարարների կերպարների օգտագործմամբ իրականացվող ֆինանսական խարդախությունների շարքը։ Այս անգամ թիրախում կրկին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է․ խարդախները գործի են դրել «WhatsApp AI» անվամբ կեղծ նախագիծ։

Ֆեյսբուքյան «Богатые новости» (Հարուստ նորություններ) անունով էջը ակտիվորեն տարածում է գովազդային տեսանյութ, որտեղ Ծառուկյանն իբրև խոստանում է մեծ եկամուտներ և կոչ անում հայաստանցիներին միանալ «նոր ներդրումային հարթակին»։

Կեղծ խոստումներ՝ Ծառուկյանի ձայնով

Տեսանյութում Ծառուկյանի՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնը ռուսերենով հայտարարում է, թե «Հայաստանում սկսվում է հնարավորությունների նոր ալիք»։ Վստահություն ստեղծելու նպատակով տեսանյութում նշվում է, թե համակարգին միացել են գործազուրկներ, տաքսու վարորդներ, ուսուցիչներ և թոշակառուներ՝ ստանալով կայուն լրացուցիչ եկամուտ։

Ծառուկյանի կերպարով կեղծ տեսանյութը «Богатые новости» էջից

Իրականում սա deepfake տեխնոլոգիայով պատրաստված կեղծիք է։ Օգտագործվել են Ծառուկյանի իրական ելույթների կադրերը, իսկ ձայնը սինթեզվել է։ Կադրերը վերցված են 2024-ի սեպտեմբերին հրապարակված տեսանյութից, երբ նա հանդիպել էր Փարիզի օլիմպիական խաղերից վերադարձած մեդալակիրներին և մարզիչներին։

Գագիկ Ծառուկյանը երբեք նման հարթակ չի գովազդել, և նրա մամուլի խոսնակը բազմիցս հերքել է նմանատիպ տեսանյութերի իսկությունը։

«WhatsApp AI»-ի անվան տակ թաքնված վտանգը

Գովազդին կցված հղումը տանում է ledgionavera[.]top կայք, որը ներկայանում է որպես «WhatsApp AI» հարթակ։ Կայքը ձևավորված է հայտնի մեսենջերի ոճով և օգտագործում է նրա անվանումը՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Սակայն այս հարթակը որևէ կապ չունի «Մետա» ընկերության WhatsApp հավելվածի հետ։

Այստեղ օգտատերերից պահանջվում է լրացնել անուն և հեռախոսահամար՝ իբր «պասիվ եկամուտ» ստանալու համար։ Տվյալները լրացնելուց հետո քաղաքացիներին զանգահարում են «ֆինանսական խորհրդատուները» և հոգեբանական ճնշման միջոցով համոզում գումար փոխանցել անհայտ հաշիվների։

Էկրանապատկերում՝ WhatsApp-ին նմանակող կեղծ կայքը

Սա արդեն երրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ #CivilNetCheck-ն արձանագրում է Գագիկ Ծառուկյանի կերպարով նույնաբովանդակ խարդախությունը։ Զեղծարարները պարբերաբար փոխում են միայն ֆեյսբուքյան էջերի անունները և կայքերի հասցեները, սակայն մեխանիզմը մնում է նույնը։

Վերջին շրջանում զեղծարարները թիրախավորում են հայաստանյան օգտատերերին նույն «WhatsApp AI» միջոցով, սակայն կիրառելով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիփֆեյք տեսանյութը։

Ավելին՝ «WhatsApp AI» և շաբաթական 300 հազար դրամ․ Խաչատուր Սուքիասյանի դիփֆեյքով նոր խարդախություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում