Գլխավոր Լրահոս

Բաքվում «Իրևանի ադրբեջանական թատրոնի» «բացումը»․ ինչ է իրականում տեղի ունեցել

Բաքվում «Իրևանի ադրբեջանական թատրոնի» «բացումը»․ ինչ է իրականում տեղի ունեցել

Հայկ Հովհաննիսյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտարարեց, որ Ադրբեջանում բացվել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:

«…Բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»։ «Իրևանի», «ադրբեջանական», «թատրոն»... 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Կարապետյանը։ 

Նույն օրը այդ գրառմանը հակադարձեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, թե ընդդիմախոսների կողմից շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր թատրոնը բացվել է օրեր առաջ, սուտ է։

«Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին»,- նշել է Ռուբինյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է բաց աղբյուրները, պաշտոնական փաստաթղթերը և ադրբեջանական մամուլը՝ պարզելու, թե որքան են հիմնավոր կողմերի պնդումները։

Թատրոնը նոր չի ստեղծվել, բայց 2025-ին վերագործարկվել է դրա շենքը

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանավեճի երկու կողմերն էլ իրադարձությունը ներկայացնում են ոչ ամբողջական։ Իրականում 2025-ի դեկտեմբերի 24-ին Բաքվում տեղի է ունեցել ոչ թե նոր թատրոնի հիմնադրում կամ ստեղծում, այլ արդեն գոյություն ունեցող, այսպես կոչված, «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» հիմնանորոգված շենքի հանդիսավոր բացումը։

Էկրանապատկերում՝ ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակումը շենքի բացման մասին

Ադրբեջանցի դրամատուրգ Ջաֆար Ջաբարլիի անունը կրող այս թատրոնը Բաքվում հիմնական տեղակայման շենք է ստացել 2008-ի փետրվարի 8-ին։ Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ Բաքվում Բինագադի շրջանում գտնվող Ռասուլզադեի անվան մշակույթի պալատը փոխանցվել է թատրոնի հաշվեկշռին։

Ընդ որում՝ շենքի հիմնանորոգման համար պետական միջոցներ էին հատկացվել դեռ 2019-ին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2019-ի փետրվարի 20-ի կարգադրությամբ վերակառուցման աշխատանքները շարունակելու նպատակով հատկացվել է 2 միլիոն մանաթ (մոտ 1,2 մլն դոլար): Ուշագրավ է, որ այս մասին տեղեկություն առկա է նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կայքում։

Ըստ ադրբեջանական պաշտոնական նարատիվի՝ թատրոնը  Երևանում սկսել է գործել դեռ 19-րդ դարի վերջին (նշվում է 1882 թ.), այնուհետև գործել է ընդհատումներով։ 1980-ականների հայ-ադրբեջանական բախումների հետևանքով թատրոնի անձնակազմը տեղափոխվել է Բաքու։

Էկրանապատկերում՝  Իլհամ Ալիևի 2019-ի փետրվարի կարգադրությունը՝ թատրոնի կապիտալ վերանորոգման համար 2 մլն մանաթ հատկացնելու մասին

Ադրբեջանի պաշտոնական փաստաթղթերում նշվում է, որ թատրոնը «պետական» կարգավիճակ ուներ դեռևս 1928-ից՝ Երևանում գործելու տարիներին, այն ժամանակ՝ ԽՍՀՄ կազմում գտնվող Հայկական ԽՍՀ-ում։ 1994-ին արդեն Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ թատրոնի վրա տարածվել են պետական թատրոնների գործունեությունը կարգավորող պայմանները։

Քաղաքական ենթատեքստը. «Արևմտյան Ադրբեջան»

Ամենաուշագրավը դեկտեմբերի 24-ի միջոցառման քաղաքական բովանդակությունն է։ Շենքի բացմանը մասնակցել են Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալաքբերլին։ 

Պաշտոնական ելույթում Ադրբեջանի մշակույթի նախարարը նոր շենքն անվանել է «խորհրդանշական հասցե»՝ ուղղակիորեն կապելով այն «Արևմտյան Ադրբեջանի» հիշողության պահպանման հետ։ Նմանատիպ շեշտադրում է արել նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալաքբերլին՝ թատրոնը որակելով որպես «կենդանի հիշողություն»։

Էկրանապատկերում՝ հատված Ադիլ Քերիմլիի և Ազիզ Ալաքբերլիի ելույթներից ադրբեջանական մամուլում

Այս հռետորաբանությունը պատահական չէ։ OC Media-ի հրապարակած հետաքննությունը՝ հիմնված արտահոսած փաստաթղթերի վրա, փաստում է, որ այս նարատիվի միջազգային քարոզչությունը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի կողմից։

Տես՝ «Ինչպես է Ալիևի գրասենյակը ֆինանսավորել ու համակարգել «Արևմտյան Ադրբեջանի» արշավը․ OC Media»

Թատրոնի թեմայի` պետական մակարդակով ակտիվացումը նկատելի էր դեռ 2022-ի կեսերին։ Նույն թվականի հուլիսի 14-ին Իլհամ Ալիևը ստորագրել է կարգադրություն՝ «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը նշելու մասին», որտեղ թատրոնի պատմությունը ներկայացվում է քաղաքական և քարոզչական շեշտադրումներով։

Արդեն դրանից ամիսներ անց՝ 2022-ի դեկտեմբերի 24-ին, Ալիևը այցելել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գրասենյակ և հանձնարարել մշակել «Վերադարձի հայեցակարգը»։ Փաստաթուղթը պաշտոնապես հաստատվել է 2023-ի հունվարի 26-ին և որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել նաև ՄԱԿ-ում։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանը ճիշտ է բացման փաստի հարցում, սակայն խոսքը նոր թատրոնի հիմնադրման մասին չէ, այլ հիմնանորոգված շենքի վերաբացման։ Միաժամանակ, Ռուբեն Ռուբինյանը իրավացի է թատրոնի վաղեմության հարցում, սակայն անտեսում է իրադարձության քաղաքական ենթատեքստը և դրա կապը «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի հետ։

Կարդա նաև՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի լուծարման մասին լուրերը չեն հաստատվում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում