Խոստումներ, ծրագրեր ու կանխատեսումներ՝ 2025-ին շատ բան էր նախատեսված։ Սակայն տարվա ավարտին պարզվեց, որ դրանց մի մասը այդպես էլ չի իրագործվել։ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը հետաձգվեց, խոստացված 17 մանկապարտեզների մեծ մասը դեռևս շահագործման չի հանձնվել, իսկ նոր ատոմակայանի մոդելի ընտրությունը մնացել է անավարտ։ Չկատարված խոստումների կողքին չիրականացան նաև լրատվամիջոցների շատ կանխատեսումներ։ Պարզվեց, որ Կաթողիկոսի հրաժարականի, իշխանական «գրոհների» ու պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելու մասին «հավաստի տեղեկությունները» այդքան էլ հավաստի չէին։
#CivilNetCheck-ը ներկայացնում է 2025-ին չիրականացած խոստումներն ու կանխատեսումները։
Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը տեղափոխվել է 2026
Երևանի քաղաքի 2025-ի բյուջեով նախատեսված ծրագրերից մեկը Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումն էր՝ մայրաքաղաքը բեռնաթափելու ու երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով:
Ծրագիրը փաստացի չի իրականացել։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ, որ «այս անգամ արդեն հաջորդ տարի»՝ 2026-ին, քաղաքացիները կտեսնեն ճանապարհի շինարարությունը։
«Ունենք արդեն կայացած շինարարության մրցույթ և հաջորդ տարի սկսելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետարանն էլ ճանապարհահատվածի կառուցումը ներառել է 2026-ին իրականացվող նախագծերի մեջ։

Պարույր Սևակի անվան պուրակի բարեկարգումը հետաձգվել է
2025-ին բարեկարգվող այգիների շարքում էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Պարույր Սևակի անվան պուրակը։
Երևանի քաղաքապետարանը 2025-ի ապրիլին պայմանագիր էր կնքել «ՄԻԿՊՐՈ» ՍՊԸ-ի հետ, որը պետք է իրականացներ պուրակի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանից, սակայն, #CivilNetCheck-ին հայտնեցին, որ կազմակերպությունը խախտել է պայմանագրի կատարման ժամկետները։ Դրա հետևանքով քաղաքապետարանը լուծարել է պայմանագիրը, իսկ պուրակի բարեկարգման աշխատանքները տեղափոխվել են 2026-ին։

17 մանկապարտեզից քանի՞սն է հիմնանորոգվել
Քաղաքապետարանը 2025-ին նաև խոստանում էր Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգել 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով։ Այս ծրագիրն իրականացվում է առնվազն 2020-ից՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։
#CivilNetCheck-ի հարցմանը, թե ծրագրով այս տարի քանի՞ մանկապարտեզ է հիմնանորոգվել, քաղաքապետարանից պատասխանել են, որ շահագործման են հանձնվել Էրեբունի վարչական շրջանի թիվ 74, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 77 մանկապարտեզները, ևս հինգ մանկապարտեզ` թիվ 41, 95, 105, 140 և 156, նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ի 1-ին և 2-րդ եռամսյակում: Մնացած 9-ի մասով իրավիճակն անհայտ է։
Աղի լճի բարեկարգումը 2025-ից հետաձգվել է 2026-ը
Էրեբունի վարչական շրջանի Աղի լճի տարածքը ևս պետք է բարեկարգվեր 2025-ին։ Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին դեռ հոկտեմբերին հայտնել էին, որ տարածքի բարեկարգման աշխատանքները գտնվում են նախագծման փուլում և նախագծի պատրաստ լինելուց հետո պետք է հայտարարվի շինարարական մրցույթ։
Աղի լճի տարածքի բարեկարգումը ընդգրկվել է Երևան քաղաքի 2026-ի բյուջեում։
Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման մեկնարկը չտրվեց
Երևանի քաղաքապետարանից անցնենք գործադիրին։
Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը դեռ 2024-ին հայտնել էր՝ 2025-ին նոր քրեակատարողական հիմնարկի շինարարության մեկնարկի մասին։
«Եվ այս տարի (2024-խմբ.), եթե հատուկ ինչ-որ ֆորս-մաժորային դեպք չլինի, կհայտարարենք շինարարության մրցույթի մեկնարկի մասին։ Կարծում եմ, որ մյուս տարի կսկսվի շինարարությունը»,-ասել էր Գրիգոր Մինասյանը։
2024-ի հոկտեմբերին Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց, իսկ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման մեկնարկի շուրջ հստակություն չկա։
Արդարադատության նախարարությունը տվել է անորոշ պատասխան նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման վերաբերյալ՝ նշելով, որ ներկայում իրականացվում է ոլորտային քաղաքականության համապարփակ վերանայում։ Ըստ պարզաբանման՝ միայն այդ գործընթացի ավարտից և համապատասխան որոշումների կայացումից հետո կհաղորդեն նախատեսվող հետագա քայլերի մասին։
Ներդրումների խրախուսման համաձայնագրերը դեռևս ստորագրված չեն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2025-ի հունվարին՝ նախորդ տարին ամփոփող տարեկան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախատեսվում է կնքել համաձայնագրեր Իտալիայի, Բահրեյնի և Արգենտինայի հետ՝ ներդրումների խրախուսման և պաշտպանության վերաբերյալ։
Էկոնոմիկայի նախարարությունից #CivilNetCheck-ից հայտնեցին, որ Իտալիայի և Բահրեյնի հետ համաձայնագրերի նախագծերը շրջանառվել են և ներկայում արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվել են համապատասխան կողմերին փոխհամաձայնեցման գործընթացն իրականացնելու նպատակով։
Իսկ Արգենտինայի հետ համաձայնագրի մասով նախագիծը գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում, որից հետո այն տրամադրվելու է ԱԳՆ նախարարությանը։ Այսինքն համաձայնագրերը դեռևս չեն կնքվել։
Թրեյդ-ին համակարգը դեռևս օրենսդրական մշակման փուլում է
Գևորգ Պապոյանը խոստացել էր նաև, որ 2025-ին ներդրվելու է բջջային հեռախոսների և համակարգիչների թրեյդ-ին (trade in) առևտրի համակարգը։ Թրեյդ-ին առևտրի համակարգը բջջային հեռախոսի փոխանակման համակարգ է, որը թույլ է տալիս արտադրողների, մանրածախ վաճառողների, օպերատորների և այլ ընկերությունների մոտ փոխանակել հին հեռախոսը կանխիկի կամ նոր սարքի դիմաց։
#CivilNetCheck-ին էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նախարարության կողմից մշակվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։
Պատասխանի համաձայն՝ նախագծերի փաթեթը ներկայում գտնվում է լրամշակման փուլում, իսկ համակարգի վերահսկողությանը վերաբերող դրույթները համաձայնեցվում են Պետական եկամուտների կոմիտեի հետ։
Նոր ատոմակայանի մոդելը դեռևս չի ընտրվել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ 2025-ի մայիսին «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել էր նոր ատոմակայանի կառուցման մասին՝ նշելով, թե «ամեն ինչ արվում է, որ մինչև տարեվերջ ատոմակայանի մոդելի ընտրության հարցը ամբողջականացված լինի»:
2024-ին ստեղծվել էր «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված խորհրդատվական ծառայություն պետք է մատուցեր կառավարությանը: Մինչ օրս, սակայն, չի հայտարարվել ատոմակայանի նոր մոդելի ընտրության մասին։
Տես՝ Ո՞ր փուլում է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը․ զրույց փոխնախարարի հետ
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների խոստումը մնում է քննարկման փուլում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը 2024-ի սեպտեմբերին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում, անդրադառնալով ավիացիայի ոլորտին, ասել էր, թե 2025-ին Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթներ են լինելու:
«Հիմա ակտիվ աշխատանք ենք տանում դեպի Նյու Յորք և դեպի Լոս Անջելես ուղիղ կապի հաստատմանը: Կարծում եմ՝ 2025-ին նաև այդ ուղղությամբ մենք արդեն արդյունք կունենանք»,- ասել էր Սանոսյանը։
ԱՄՆ-Հայաստան ուղիղ կապ դեռևս չի հաստատվել։ 2025-ի նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ամերիկյան խոշորագույն «Delta Air Lines» և «United Airlines» ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է Երևան-Լոս Անջելես ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։
Կաթողիկոսի հրաժարականից մինչև Տիգրան Ավինյանին մեղադրանք․ լրատվամիջոցների չիրականացած կանխատեսումները
Տարվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ կոնկրետ ժամկետներ էր մատնանշում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման վերաբերյալ, սակայն այդ կանխատեսումները չեն իրականացել։
Հոկտեմբերի 17-ին օրաթերթը գրել էր, թե «իշխանական շրջանակներից» ստացել է տեղեկություն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել»: Հոկտեմբերի 27-ն անցավ Կաթողիկոսը գահընկեց չեղավ։
Տես՝ Կաթողիկոսի գահընկեցությունից մինչև վարչապետի հրաժարական․ կանխատեսումներն ու իրականությունը
Սակայն «Ժողովուրդ»-ը «չհանձնվեց» և դեկտեմբերի 3-ին հրապարակված հոդվածում պնդեց, թե իշխանությունները նպատակ ունեն մինչև Ամանոր հեռացնել կաթողիկոսին։
«Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել»,- գրել է թերթը։ Այս անգամ էլ «Ժողովուրդի» ահազանգը սխալ էր։
«Ժողովուրդ»-ից հետ չէր մնացել «24news.am»-ը՝ գրելով, թե դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ է գրոհելու Մայր Աթոռը։ Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանը «ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»»։
Սակայն դեկտեմբերի 28-ին վարչապետ Փաշինյանը մասնակցեց պատարագի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չգրոհվեց։
«Ժողովուրդ»-ի կանխատեսումները չիրականացան նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ։ Թերթը, հղում անելով «ուժային կառույցներին մոտ կանգնած իր իրազեկ աղբյուրներին», ապրիլի 1-ին գրել էր, թե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամում (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) շուրջ 25 միլիարդ դրամի փոշիացման գործով։ Սակայն նման մեղադրանք չի ներկայացվել։
Այսպիսով, 2025-ը ավարտվեց չիրականացված խոստումների ու չհաստատված կանխատեսումների երկար ցանկով։ Թե՛ պետական մարմինների հայտարարած ծրագրերը, թե՛ որոշ լրատվամիջոցների «հավաստի աղբյուրների» վրա հիմնված կանխատեսումները մնացին խոսքերի մակարդակում՝ տեղափոխվելով հաջորդ տարի կամ ընդհանրապես չիրականանալով։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











