Գլխավոր Լրահոս

Պարզ պայմաններ, վտանգավոր հետևանքներ․ կեղծ խաղարկություններ՝ տարբեր ընկերությունների անունից

Պարզ պայմաններ, վտանգավոր հետևանքներ․ կեղծ խաղարկություններ՝ տարբեր ընկերությունների անունից

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների ցանցերի, ինչպես նաև «Լադա» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե այս ընկերությունները մրցանակներ են խաղարկում։ Խաղարկության պայմանները չափազանց պարզ են․ օրինակ, «Երևան Սիթիի» անունից տարածված գրառման մեջ օգտատերերից պահանջվում է ընդամենը գուշակել լուսանկարում պատկերված թվերի գումարը։

«Յուրաքանչյուր ոք, ով հաջողությամբ կգուշակի նկարում պատկերված թվերի գումարը, կստանա մեզանից հատուկ մրցանակ»,– նշված է գրառման մեջ։

Գրառմանը կցված լուսանկարում պատկերված է ավտոմեքենա, իսկ թվերը, ըստ պնդման, «մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել գուշակել»։

Այս գրառումները հավաքում են հարյուրավոր տարածումներ (share) և մեկնաբանություններ։ Մինչդեռ դրանք կեղծ են, որոնց հիմնական նպատակը օգտատերերի անձնական ու բանկային տվյալները կորզելն է։

Խարդախության սխեման 

«Երևան Սիթիի» անունից գրառումը տարածվում է yerevan Ci’ty ֆեյսբուքյան էջով, որի միակ ակտիվությունն այս հրապարակումն է։ Գրառումը մեկնաբանելուց հետո օգտատերերին ուղարկվում է կայքի հղում, որտեղ առաջարկվում է գրանցվել՝ իբր «մրցանակը» ստանալու համար։ Ուղարկված կայքը նմանակում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքին։

Էկրանապատկերում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի իրական և նմանակող կեղծ էջերը

Կայքն այնուհետև ավտոմատ կերպով վերահասցեագրում է (redirecting) մեկ այլ՝ d.cazoonuxer[.]top դոմեյնային անվանումով կայք։ Այստեղ արդեն օգտատերերից պահանջվում է որոշ ֆայլեր ներբեռնել, որոնք իրականում պարունակում են վիրուսային ծրագրեր։

Այս կայքերից ֆայլեր ներբեռնելու դեպքում օգտատերերի համակարգիչները կարող են վարակվել վնասակար ծրագրերով, որոնք հնարավոր է գողանան անձնական տվյալներ կամ մուտքի գաղտնաբառեր (infostealer):

Էկրանապատկերը՝ վիրուսային ծրագրեր պարունակող d.cazoonuxer[.]top կայքից և վիրուսային ծրագրեր հայտնաբերող virustotal.com-ից

«Երևան Սիթիի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝ yerevan-city.am-ը։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է օգտատերերին՝ խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից և կայքից։

Նույն սխեման՝ «Սաս» սուպերմարկետների ցանցի դեպքում

Նույնաբովանդակ գրառում տարածվում է նաև «Սաս» սուպերմարկետների ցանցի անունից՝ կրկին հատուկ մրցանակի խոստումով։ 

Այս դեպքում օգտատերերից պահանջվում է ընդամենը ընտրել անակնկալ պարունակող «հաջողակ ծրարներից» մեկը։

Էկրանապատկերը՝ «Սաս» սուպերմարկետի անունից գրառումներ տարածող կեղծ ֆեյսբուքյան էջից

Ինչպես «Երևան Սիթիի» դեպքում, «Սաս» սուպերմարկետի անունից տարածվող գրառումը մեկնաբանելուց հետո օգտատերերին ուղարկվում է կայքի հղում, որը նմանակում է սուպերմարկետների ցանցի իրական կայքը և կեղծ է։ Այնուհետև այս կայքը ավտոմատ կերպով վերահասցեագրում է մեկ այլ կայք, որը ևս պարունակում է վիրուսային ծրագրեր։

Էկրանապատկերում՝ «Սաս» սուպերմարկետի իրական և նմանակող կեղծ էջերը

Նշենք, որ «Սաս» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը SAS Supermarkets-ն է, կայքը՝ sas.am-ը։

«Նվերներ»՝ Լադա-ից 

Սուպերմարկետներից բացի, կեղծ գրառումներ են տարածվում նաև «Լադա» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե այն ավտոմեքենա է նվիրում երեք հաջողակ հաղթողներին։

«Մուտքագրեք @ և սեղմեք «ընդգծել»։ Երբ այն կապույտ դառնա, դուք հաղթել եք»,– նշված է գրառման մեջ։

Այս գործողությունները կատարելու դեպքում օգտատերերը գրառումը տեսանելի են դարձնում իրենց բոլոր ընկերների համար՝ նպաստելով դրա տարածմանը։ Դրանից հետո գրառումը ավտոմատ կերպով կապույտ է դառնում։

Գրառմանը կցված լուսանկարում առկա է ղազախերեն գրություն։ Գրառումը հրապարակվել է հունվարի 8-ին՝ ընդամենը ժամեր առաջ, և դրա տակ առկա են ղազախ օգտատերերի մեկնաբանություններ։ Լուսանկարում երևացող «Լադա» կենտրոնը Հայաստանում չէ, քանի որ շենքը չի համապատասխանում այստեղ գործող «Լադա» կենտրոնի արտաքին տեսքին։

Էկրանապատկերը՝ «Լադա» ընկերության անունից գրառումներ տարածող կեղծ ֆեյսբուքյան էջից

Հայաստանում «Լադայի» պաշտոնական ներկայացուցիչը «Մեգնա» ընկերությունն է։ Ընկերության պաշտոնական կայքը lada.am-ն է, ֆեյսբուքյան էջը՝ Lada Armenia-ն։

Այսպիսով, «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների, ինչպես նաև «Լադա» ընկերության անունից տարածվող գրառումները կեղծ են։ Դրանց նպատակը օգտատերերի անձնական և բանկային տվյալներ կորզելն է՝ վնասաբեր ծրագրերի միջոցով կամ օգտատերերին ուղղորդելով դրանք ինքնուրույն մուտքագրել։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում