Մադուրոյի կնոջ՝ դատարանում արված լուսանկարը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում հունվարի 7-ից ակտիվորեն շրջանառվում է վնասվածքներով մի կնոջ պատկեր, որը օգտատերերը ներկայացնում են որպես Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի՝ ԱՄՆ-ի «դատարանում արված» լուսանկար։
Պատկերում կնոջ ճակատը վիրակապված է, իսկ աչքի հատվածում առկա է կապտուկ: Գրառումներում պնդվում է, թե Ֆլորեսին «այս վիճակում բերել են դատարան», իսկ ամերիկացի պաշտոնյաներն իբր հայտարարել են, թե նա «ինքն է իրեն վնասել»։Պատկերը տարածել են թե՛ անհատ օգտատերեր, թե՛ լրատվական կայքեր ու հանրային գործիչներ: Մասնավորապես, քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը, որին կցված է հիշյալ նկարը, հավաքել է շուրջ 400 հավանում և ունեցել ավելի քան 50 տարածում: Պատկերը տարածել են նաև «Ազգ» օրաթերթը, «Armat Media» էջը և այլ օգտատերեր։

Տարածվող հրապարակումների համատեքստը վերաբերում է ԱՄՆ հատուկ ուժերի կողմից հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաքից Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալությանը, որի ընթացքում, ըստ պնդումների, վերջիններս վնասվածքներ են ստացել։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածվող պատկերը և պարզել, որ այն իրական չէ ու ստեղծվել է արհեստական բանականության միջոցով:
AI դետեկտորների արդյունքներն ու վիզուալ վերլուծությունը
Մասնագիտացված գործիքների միջոցով իրականացված պատկերի հետազոտությունը փաստում է, որ այն գեներացված է արհեստական բանականության (AI) կողմից: Hive Moderation ծրագիրը 91 տոկոս հավանականությամբ հաստատել է, որ նկարը ստեղծվել է AI-ի միջոցով: Նմանատիպ այլ գործիքները ևս հաստատում են նկարի կեղծ լինելը։

Բացի այդ, լուսանկարում նաև առկա են ակնհայտ վիզուալ անհամապատասխանություններ: Տարածվող պատկերում կնոջ մազերը մուգ են, մինչդեռ իրականում Սիլիա Ֆլորեսը շիկահեր է: Էական տարբերություններ են նկատվում նաև դիմագծերում ու կազմվածքում, որոնք չեն համընկնում Վենեսուելայի առաջին տիկնոջ արտաքին տվյալների հետ:

Ինչու լուսանկարը չէր կարող լինել դատարանից
Թեև լուսանկարը կեղծ է, սակայն տեղեկությունն այն մասին, որ Սիլիա Ֆլորեսը վնասվածքներ է ստացել ձերբակալության ընթացքում, համապատասխանում է իրականությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ին հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալել են «թմրաահաբեկչության» (narco-terrorism) մեղադրանքով։ Ըստ Թրամփի վարկածի՝ հատուկ գործողության ընթացքում ամուսինները փորձել են թաքնվել պողպատե դռան հետևում, սակայն չեն կարողացել այն փակել։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանական կողմի հայտարարություններին, հաղորդել են, որ Սիլիա Ֆլորեսը ձերբակալության ժամանակ ստացել է վնասվածքներ. նրա փաստաբանը դատարանում նշել է կողոսկրերի շրջանում առկա կապտուկների մասին։
Միջազգային հեղինակավոր CNN-ի և Reuters-ի հրապարակած իրական կադրերը, որոնք արվել են դատարան տեղափոխվելու ճանապարհին, ցույց են տալիս զույգի արտաքին տեսքը։ Դրանցում երևում է, որ Վենեսուելայի առաջին տիկինը այդ ժամանակ իսկապես ունեցել է ճակատային հատվածում վիրակապ։
Պատկերում՝ Մադուրոն և կինը՝ ձեռնաշղթաներով, ամերիկյան գործակալների ուղեկցությամբ: Աղբյուր՝ Reuters / Getty Images
Քանի որ ԱՄՆ դաշնային դատարաններում լուսանկարահանումն, որպես կանոն, խստիվ արգելված է, հունվարի 5-ին կայացած նիստից լրատվամիջոցներում հրապարակվել են միայն էսքիզներ (սքեչեր): Դրանք հեղինակել են նիստին մասնակցած հավատարմագրված հատուկ դատական նկարիչները։
Այդ պատկերներում Սիլիա Ֆլորեսն իսկապես ներկայացված է վիրակապերով, սակայն, ի տարբերություն սոցցանցերում տարածվող կեղծ նկարի, էսքիզներում նկարիչները պահպանել են նրա բնական շիկահեր մազերը։

Այսպիսով, թեև Վենեսուելայի նախագահի կինը ձերբակալության ընթացքում իրականում վնասվածքներ է ստացել, համացանցում շրջանառվող լուսանկարը չի համապատասխանում իրականությանը և ամբողջությամբ գեներացված է արհեստական բանականության միջոցով։
CivilNetCheck










