Գլխավոր Լրահոս

Սուպերմարկետների չվաճառված սնունդը աղքատներին տրամադրելու վերաբերյալ լուրը կեղծ է

Սուպերմարկետների չվաճառված սնունդը աղքատներին տրամադրելու վերաբերյալ լուրը կեղծ է

Սոցցանցերի տարբեր հարթակներում հունվարի 6-ից տարածվում է հրապարկում, թե իբր Հայաստանը պարտադրում է բոլոր սուպերմարկետներին չվաճառված սնունդը տրամադրել աղքատներին։ Տեղեկության աղբյուրը MSmedia անունով էջն է, որը գրանցված է Ֆեյսբուքում, Ինստագրամում և Տիկտոկում։

«Նախագիծը պաշտոնապես ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը՝ առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ուտելու համար պիտանի սննդի ոչնչացումը և այն կուղղորդեն կարիքավորներին», - ասվում է էջի տարածած կարճ տեսանյութում (reel)։

Էջը շաբաթներ առաջ տարածել էր առնվազն 2008-ից շրջանառվող մեկ այլ կեղծ լուր, ըստ որի՝ իբր Ֆինլանդիայում ոստիկանությանը հաջողվել է բացահայտել գողին մեքենայում գտնված մոծակի միջոցով, որը սնվել էր նրա արյունով։

Նման գրառումները լայն տարածում են ստանում և բազմաթիվ մեկնաբանություններ են հավաքում, մինչդեռ դրանք կեղծ են կամ չեն հաստատվում պաշտոնական աղբյուրներով։

Նախարարությունը չի քննարկել չվաճառված սննդի բաշխման վերաբերյալ նախագիծը

Սուպերմարկետներում չվաճառված սնունդը աղքատներին տրամադրելու վերաբերյալ գրառման մեջ Հայաստանը ներկայացվում է որպես տարածաշրջանում առաջին երկիր, որը նման նախագիծ է պատրաստվում իրականացնել։ Նշվում է, որ այս նախաձեռնությունը, ինչպես նաև անվճար մթերքների խանութների բացման ծրագիրը, իրականացվում են «Հայկական պարենային բանկի» միջոցով։

Նախագիծը, ըստ տեսանյութի, արդեն պաշտոնապես ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ դրա վերաբերյալ որևէ քննարկում, օրենսդրական նախաձեռնություն չկա նախարարությունում։ Հատկանշական է, որ թեև տեսանյութում հիշատակվում է սոցապնախարարության անունը, սակայն օգտագործված կադրերում Գլխավոր դատախազության շենքն է։

Էկրանապատկերը՝ MSmedia-ի ինստագրամյան էջից

Չհաստատված և հին տեղեկություններ՝ MSmedia-ի գրառումներում

MSmedia-ն տարածում է նաև հին և չհաստատված լուրեր, հիմնական շեշտը դնելով՝ ընթերցողների շրջանում առավել մեծ հետաքրքրություն առաջացնող թեմաների վրա, ինչպիսիք են՝ եղանակը, արտակարգ իրավիճակները կամ արտասովոր դեպքերը։  

Էկրանապատկերը՝ MSmedia-ի ինստագրամյան էջից

Գրառումները զուգահեռաբար տարածվում են MSmedia-ի նույնանուն ֆեյսբուքյան, ինստագրամյան և Տիկտոկի էջերում։ MSmedia-ի ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2025-ի մայիսին, ինստագրամյան էջը ավելի հին է՝ ստեղծված 2022-ին։ Երկու էջերն էլ կառավարվում են Հայաստանից։ Իսկ Տիկտոկում առաջին հասանելի հրապարակումները 2025-ի հունիսից են։ Ընդ որում՝ հրապարակումներում օգտագործված է vsmedia.am անվանումը։ Տիկտոկի էջը, ըստ հասանելի հրապարակումների, սկսել է տեսանյութերում օգտագործել MSmedia անվանումը 2025-ի օգոստոսի 18-ից։

Էկրանապատկերը՝ MSmedia-ի Տիկտոկի էջից

MSmedia-ի տարածած գրառումներից մեկում նշվում է, որ Ֆինլանդիայի ոստիկանները սատկած մոծակի միջոցով կարողացել են բացահայտել մեքենայի գողությունը։ 

Իրականում այս լուրը տարածվում է դեռևս 2008-ից։ Այս լուրը, սակայն, չի հաստատվել վստահելի աղբյուրներով կամ պաշտոնական տվյալներով։

Ավելի վաղ՝ հունվարի 4-ին, MSmedia-ն գրառում էր արել այն մասին, թե իբր Չինաստանի Հայկոու քաղաքի նախկին քաղաքապետը դատապարտվել է մահապատժի, երբ իրավապահ մարմինները նրա տանը հայտնաբերել են 13.5 տոննա ոսկի և 23 տոննա կանխիկ գումար։ 

Այս լուրը ևս հին է։ 2019-ին Չինաստանի իրավապահ մարմինները Հայկոուի նախկին քաղաքապետի տանը հայտնաբերել էին տոննաներով ոսկի և միլիոնների հասնող կանխիկ միջոցներ։ Չինաստանում մինչ օրս կիրառվում է մահապատիժը, բայց 2020-ին նախկին քաղաքապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

 MSmedia-ն գրառում է արել նաև Ալբանիայի արհեստական բանակության նախարարի` կաշառքի գործով ձերբակալության մասին։ #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է թեմային՝ պարզելով, որ լուրը հումոր է, որի սկզբնաղբյուրը երգիծական կայք է։

Այսպիսով, տարածվող լուրը, թե Հայաստանում սուպերմարկետներում չվաճառված սնունդը աղքատներին են տրամադրելու, կեղծ է։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում