Ֆեյսբուքյան մի քանի տասնյակ էջեր հունվարի 18-ից տարածում են «Գարեգինի հրաժարականը լսեցինք. այսօրվա ցնցող ելույթը. տեսանյութ» վերտառությամբ գրառումներ։ Մանրամասներին ծանոթանալու համար օգտատերերին առաջարկվում է բացել մեկնաբանության մեջ տեղադրված հղումը։
«Գարեգին Բ-ն մարդկանց առաջ դուրս եկավ առանց թղթի, առանց նախապես պատրաստված տեքստի։ Նրա հայացքը ծանր էր, կենտրոնացած։ «Այսօր դուք ինձնից մեկ բառ եք սպասում»,- սկսեց նա,- բայց ես իրավունք չունեմ սահմանափակվել միայն դրանով»։ Դահլիճում լարված լռություն տիրեց։ Թվում էր՝ բոլորը հասկանում էին․ հիմա ասվելու է մի բան, որը պարզապես հայտարարությունից ավելին է»,- գրված է մեկնաբանությունում տեղադրված հղման մեջ։
Մինչդեռ հրապարակված տեղեկությունը ամբողջությամբ կեղծ է․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժարականի մասին չի հայտարարել, նրան վերագրվել են խոսքեր, որոնք չեն հիմնվում որևէ իրական ելույթի կամ պաշտոնական հայտարարության վրա։
«Ցնցող ելույթ», որը երբեք չի եղել
Տեղեկությունը մեկ օրվա ընթացքում հրապարակվել է 47 ֆեյսբուքյան էջում։ Դրանց թվում են՝ Blogger.am (257 հազար հետևորդ), «Միասնական Հայաստան» (102 հազար հետևորդ), «Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ» (180 հազար հետևորդ), Arm Info 365 (196 հազար հետևորդ) էջերը և այլն։

Թեև գրառման մեջ նշվում է, թե առկա է տեսանյութ, սակայն ոչ մեկնաբանության մեջ, ոչ էլ կցված հոդվածում որևէ տեսանյութ չկա։ Բացի այդ, գրառմանը կցված նկարում պատկերված է նաև «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահագն Ալեքսանյանը, սակայն հոդվածում նրա վերաբերյալ որևէ հիշատակում չկա։
Գրառումները հիմնականում տարածվում են arm.armenianews[.]ru, yer.arminfonews[.]ru և lureronline[.]ru կայքերի հղումներով, որոնց բովանդակությունը հիմնականում ռուսալեզու է։ Այս դեպքում ևս կցված ռուսալեզու հոդվածում նշվում է, թե իբր Գարեգին Բ-ն հունվարի 18-ի կեսօրին դահլիճում ելույթ է ունեցել և հայտնել հրաժարականի մասին։
«Այս խոսքերը ակնթարթորեն տարածվեցին սոցիալական ցանցերում՝ վերածվելով մեջբերումների, վերնագրերի, հուզական քննարկումների։ Մարդիկ վիճում էին, աջակցում, վրդովվում, բայց անտարբերներ չկային»,- գրված է հոդվածում։
Սակայն այս հրապարակումն ամբողջությամբ հորինված է․ նշված պնդումները չեն հիմնավորվում որևէ պաշտոնական կամ վստահելի աղբյուրով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական էջերում նման տեղեկություն չկա, իսկ սոցցանցերում այն չի տարածվել կամ քննարկումների առիթ չի դարձել՝ բացի վերոնշյալ էջերից։
Այս հրապարակումն ամբողջությամբ հորինված է. այս ձևակերպումները որևէ պաշտոնական և վստահելի աղբյուրներով չեն հիմնավորվում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որևէ էջում նման տեղեկություն չկա։ Սոցցանցերում բացի վերոնշյալ էջերից, որևէ այլ տեղ չի տարածվել ու քննարկումների առիթ չի դարձել։
Հրապարակումների նպատակը
Առաջին անգամ չէ, որ ֆեյսբուքյան այս էջերը տարածում են ամբողջովին հորինված տեղեկություններ։ Նման կեղծ լուրերի հիմնական նպատակը սենսացիոն վերնագրերի միջոցով կցված կայքերի այցելությունների թիվը մեծացնելն է՝ գովազդից եկամուտ ստանալու համար։ Այդ նպատակով հաճախ օգտագործվում են հայտնի անձանց անունները, վախեցնող ձևակերպումներ և շտապ գործողության կոչեր։
Կեղծ լուրերի բիզնես․ ինչպես են հազարավոր հետևորդներ ունեցող էջերը մոլորեցնում օգտատերերին
Կեղծ լուրեր տարածող էջերից մեկի ստեղծողը՝ մեդիա-ձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ նման էջերի հրապարակումների պրոցեսը ավտոմատացված է, իսկ դրանց հիմնական նպատակը մեծ լսարան հավաքելն ու հետագայում էջերի վաճառքն է։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











