Նախորդ մի քանի օրերին ներքաղաքական լրահոսի ուշադրության կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հրապարակային վեճն է: Ակտիվացել են քննարկումները, որ երկու կուսակցությունների դաշինքը արդեն փլուզման եզրին է: Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պրն Մարտիրոսյան, բոլորը ուշի ուշով հետևում են՝ ինչ է կատարվելու «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» առաջնորդների միջև սկանդալի արդյունքում: Տպավորություն կա, որ Ազգային ժողովի 5-հոգանոց այդ խմբակցությունն արդեն պառակտված է: Ձեր կարծիքով՝ գործընթացը դեպի ո՞ւր է գնում:
-Այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ որ ուղղությամբ կգնա գործընթացը, քանի որ ինչպես նկատել եք, պրն Հովհաննիսյանի հայտարարությունը վերաբերել է բացառապես Խաչատուր Քոքոբելյանին, և այնտեղ նույնիսկ ափսոսանք է եղել «Ազատ դեմոկրատների» այս խանդավառության համար, երիտասարդների համար, այդ նվիրումով աշխատանքի, և ասել, որ պրն Հովհաննիսյանի հայտարարությունը վերաբերում է միայն «Ազատ դեմոկրատներին», շատ սխալ կլինի:
-Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի որակումները շատ կոշտ էին, ընդհուպ՝ մինչև ստախոս:
-Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, նրա ղեկավարն է, ես չեմ կարող ասել՝ պատասխան ինչպիսի ռեակցիա կարող է լինել «Ազատ դեմոկրատների»՝ մեր գործընկերների կողմից ընդհանրապես: Ուստի կարծում եմ՝ մոտակա ժամանակները այս ամեն ինչի հետ կապված պարզեցում կլինի:
-Ձեր կանխատեսումը ավելի շատ ի՞նչ է՝ դաշինքի պահպանո՞ւմ, թե՞ այնուամենայնիվ պառակտում:
-Կանխատեսում չեմ ցանկանում անել: Կարող եմ ասել իմ ցանկությունը: Իմ ցանկությունը «Ազատ դեմոկրատների» հետ գործընկերային հարաբերությունները պահպանելն է, ինչ-որ ուղի գտնելը: Բայց ինչպիսին կլինի նրանց պատասխանը, չեմ կարող ասել:
-Սա առի՞թ էր թե՞ պատճառ, որ ինչ-որ գործընթաց սկսվի այս երկու կուսակցությունների միջև, քանի որ դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ կանխատեսումներ էին հնչում, որ Րաֆֆի Հովաննիսյան – Խաչատուր Քոքոբելյան դաշինքը երկարատև չէ և մեկ խնդիր է լուծում՝ հաղթահարել 5-տոկոսանոց շեմը և մտնել խորհրդարան: Կարծես այդպես էլ լինում է:
-Ես Ձեզ հետ չեմ համաձայնի, որովհետև Դուք ինքներդ հաղորդումներից մեկի ժամանակ ասացիք՝ արդյոք «Ազատ դեմոկրատների» հետ միավորվելով ձեր ձայները չնվազեցի՞ն, և նմանատիպ այլ վերլուծություններ: Անկախ նրանից՝ ճիշտ էր դա, թե ոչ՝ ես մեկ բանում համոզված եմ՝ եթե «Ժառանգությունը» միայնակ մասնակցեր ընտրություններին ոչ միայն կհաղթահարեր 5-տոկոսանոց շեմը, այլև հնարավոր է՝ նույնիսկ ավելի շատ ձայներ ստանար: Ես նաև այս թեզի կողմակիցն եմ եղել, թեև ինքս ողջունել եմ «Ազատ դեմոկրատներին»՝ մեր ցուցակ ներառելը, քանի որ դա դաշինք չէ և դա «Ժառանգության» ցուցակն է՝ «Ժառանգության» խորհրդի կողմից հաստատված: Բայց եթե մենք միայնակ էլ մասնակցեինք, համոզված եմ՝ «Ժառանգությունը» այսօր բավական ներկայանալի կմասնակցեր խորհրդարանի աշխատանքներին: Ինչ վերաբերում է խմբակցությանը, կարծում եմ՝ մենք մի փոքր էլ կհամբերենք, և կերևա, թե ինչպիսի իրավիճակ է:
-Երբ «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» բանակցում էին ընդհանուր գործ անելու շուրջ, «Ժառանգության» ներսում ընդդիմացողներ եղան՝ թեկուզ ոչ հրապարակային՝ ներկուսակցական շրջանակներում:
-Ընդդիմացողները կուսակցության ներսում հրապարակային ընդդիմացան, խորհրդի նիստի ժամանակ ևս մտահոգություններ հնչել են, և այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է ընթացել: Մենք ևս մեր կուսակցական ընկերներին համոզելու, փաստարկներ բերելու խնդիր ունեցել ենք, բայց ցանկացած դեպքում ընդունվեց այն որոշումը, որն ընդունվեց, և այն ցուցակը, որը կա այժմ:
-Եթե հիմա վերլուծելու լինենք իրավիճակը, նախագահական ընտրություններից հետո մեկ միավորում, որ գործում է ընդդիմադիր դաշտում, ճաքեր է տալիս, եթե չասենք՝ փլուզվում է: Ձեր կարծիքով՝ սա ինչպե՞ս կազդի «Ժառանգության» կամ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի վրա: Արդյոք այս ամենից հետո պե՞տք է մասնակցել նախագահական ընտրարշավին:
-Իհարկե, ես ճիշտ չեմ լինի, եթե ասեմ՝ սա որևէ ձևով չի ազդի: Հնարավոր է՝ մի փոքր բացասական ձևով ազդի, բայց կարծում եմ, եթե մեր քաղաքացիները ուշադիր կարդացել են այդ հայտարարությունը, մեկ հանգամանք ևս կշեշտեին, որ Րաֆֆի Հովհաննիսյան անձի և քաղաքական գործչի համար ճշմարտությունը ամենից բարձրն է: Եվ հենց հայտարարության վերնագիրը դա էր՝ «Ճշմարտությունը՝ ամենից բարձր», և այնտեղ մի նախադասություն կա, որ «քաղաքական տեսանկյունից նպատակահարմար է, որ այս պահին այսպիսի հայտարարություն չլինի, բայց քանի որ կա ճշմարտության խնդիրը, ես չեմ կարող ճշմարտությունը անցնել»: Եթե մեր քաղաքացիները չեն ուզում ունենալ նախագահ, որը ճշմարտությունը ամեն ինչից բարձր է դասում, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք արժեքային համակարգի հարցում:
-Տեսեք, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց մանդատը վայր դնելու ցանկության մասին, նշվում էր, որ դա արվում է նախագահական ընտրություններին պատրաստվելու համար…
-Նաև…
-Ճի՞շտ է: Հիմնականը դա էր սկզբի շրջանում: Սակայն երբ հայտնի դարձավ Քոքոբելյանի գործը, նշվեց, որ մանդատը Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը պատրաստվել են վայր դնել երիտասարդների համար ճանապարհ բացելու նպատակով: Այստեղ Դուք հակասություն չե՞ք տեսնում: Մեկ դեպքում՝ նախագահականի պատրաստվելու, մյուս դեպքում՝ երիտասարդներին ճանապարհ տալու համար:
-Հակասություն բացարձակ չեմ տեսնում: Այդ երկուսը իրար հետ արդեն զուգադիպել են: Մի փոքր գաղտնիք բացեմ: Երևի թե Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատ չվերցնելը, ոչ թե վայր դնելը, հենց մայիսի 6-ի ընտրություններից է սկսվում, և այս պրոցեսը կարծեք թե մի փոքր երկարեց՝ ամառային հանգիստ և այլն:
-Այդ ժամանա՞կ ասացիք՝ սպասենք ամառային հանգիստը անցնի, որոշենք՝ դնի, թե չէ:
-Այո, և եկավ արդեն աշնանային նստաշրջանին ընդառաջ, պարոն Հովհաննիսյանն իր հայտարարությունն արեց, որ մանդատը չի վերցնում: Սա և՛ նախագահականի հետ էր կապված, և՛ այս պրոցեսի հետ:
-Իսկ կուսակցության վարչությո՞ւնն էր որոշել Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը:
-Մանդատ չվերցնելը պարոն Հովհաննիսյանի անձնական որոշումն է եղել, և վարչությունը հարգել է նրա այդ որոշումը:
-Իսկ ե՞րբ են որոշել Քոքոբելյանն ու Հովհաննիսյանը, որ մանդատը միասին են վայր դնելու: Դա եղել է ընտրություններից առա՞ջ, ընտրություններից անմիջապես հետո՞, թե՞ աշնանը:
-Անձամբ ես այդ խոսակցությանը ներկա չեմ եղել, բայց եղել են անձինք, որոնց հետ ես զրուցել եմ, այդ թվում՝ պարոն Հովհաննիսյանի հետ, և տեղյակ եմ, որ այն իրականությանը համապատասխանում է: Այդպիսի խոսակցություն եղել է և՛ ընտրություններից առաջ, և՛ ընտրություններից հետո:
-Խաչատուր Քոքոբելյանը, ըստ Ձեր տեղեկությունների, համաձայնություն տվե՞լ է, որ անպայման վայր է դնելու մանդատը:
-Այո՛: Արդեն այս պահին ունենք նաև Ռուբեն Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված կարճ հարցազրույցը, որտեղ ասում է, որ ինքը ևս անձամբ լսել է այդ մասին: Այսինքն՝ ինքը անձամբ է լսել այդ խոսքերը:
-Դուք ե՞րբ իմացաք այդ խոսակցության մասին:
-Մի փոքր վաղ:
-Այսինքն՝ հրապարակային հայտարարություններից հետո՞ միայն, թե՞ առաջ:
-Դրանից առաջ:
-Այսքանից հետո, երբ անգամ փոքր հարցերում չի պահպանվում պայմանավորվածությունը, Դուք՝ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, հարմար գտնո՞ւմ եք դաշնակցել կամ ընդհանուր ճանապարհ անցնել մի կուսակցության կամ մի ղեկավարի հետ, որը, Ձեր պնդմամբ, չի պահպանում պայմանավորվածությունները:
-Իհարկե, շատ դժվար է կուսակցությունը կուսակցության ղեկավարից տարանջատելու հարցը լուծելը, բայց ցանկացած դեպքում յուրաքանչյուր կուսակցության մեջ ազնիվ մարդիկ բավական կան, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատներում», և՛ որպես կուսակցականներ, և՛ որպես հարգարժան անձինք, ու իրենք այս պահին կան: Եթե ինչ-որ հնարավորություն լինի համագործակության շարունակության, իհարկե, դա ողջունել կարելի է, սակայն եթե չստացվեց, ապա ընդամենը պետք է ցավենք այս ամենի համար:
Զրուցեց Դերենիկ Մալխասյանը
Civilnet



