Հոկտեմբերի սկզբին ԵՊՀ-ում կայացավ «Կովկասյան-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի «Մոդուս Վիվենդի» կենտրոնը: Գիտաժողովի և Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ հարաբերությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Արա Պապյանի հետ:
— Պրն Պապյան, ի՞նչ նպատակ ուներ գիտաժողովը։
— ՀՀ-ն սահմանակից է չորս երկրի, բայց մեր հարևանությամբ ապրում են առնվազն մի քանի տասնյակ ժողովուրդներ, պետականազուրկ ժողովուրդներ, որոնք իրենց թվաքանակով բավական զգալի են։ Հետևաբար՝ հարաբերությունների մշակումը նրանց հետ մեզ համար՝ որպես պետություն և ազգ, ունի կենսական նշանակություն։
— Այսինքն՝ սեպարատ հարաբերություննե՞ր՝ անկախ այն պետություններից, որտեղ նրանք ապրում են։
— Բնականաբար, այսինքն՝ միջպետական հարաբերությունը պետության ոլորտն է, թող պետությունը շարունակի զարգացնել։ Բայց գիտենք, որ մեր պետությունը առնվազն մեր հարևաններից երկուսի հետ հարաբերություններ չունի, ունեցածն էլ հարաբերություն չէ, այսինքն՝ շատ ավելի թշնամական շրջապատում է այդ, բայց, օրինակ, նույն Ադրբեջանի մեջ, բացի օղուզ թուրքերից, ապրում են լեզգիներ, ավարներ, թալիշներ, թաթեր, ուդիններ և բազմաթիվ այլ ժողովուրդներ, որոնք այդ երկրի բնիկ ժողովուրդներն են։
— Այդ ազգերի ներկայացուցիչները, փաստորեն ի հեճուկս Ադրբեջանի, եկել էին երևանյան գիտաժողովին:
— Այդ ազգերը ապրում են և՛ Ադրբեջանի տարածքում, և՛ Իրանում ու Ռուսաստանում, որովհետև նրանց ճակատագրերը շատ բանով նման են մեր ճակատագրին՝ որպես ժողովրդի, այսինքն՝ նրանք կիսվել են տարբեր պետությունների միջև։ Կային նաև ադրբեջանցի լեզգիներ, թալիշներ, ավարներ, բայց հիմնականում այն խումբն էր, որն այսօր վտարանդի է և ապրում է երկրի սահմաններից դուրս, որովհետև Ադրբեջանի մեջ այս ժողովուրդները ենթարկվում են խտրականության, անգամ հալածանքի։ Ամեն մի փոքր ազգային ինքնության դրսևորում լեզվի, մշակույթի առումով դիտարկվում է որպես սեպարատիզմ, որպես լրտեսություն օտար երկրների համար՝ Իրան, Հայաստան, Ռուսաստան, շատերը ձերբակալվում են։ Մեր առաջնային խնդիրը եղել և մնում է մշակութային-գիտական հարաբերությունների զարգացումը…
— Հարաբերությունները, օրինակ, Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ սահմանափակվում են միայն գիտաժողովներո՞վ, թե՞ այլ ծրագրեր էլ կան։
— Մենք ավելի մեծ ծրագրեր ունենք և նրանց հետ համագործակցելով՝ արդեն սկսել ենք դրանցից մի քանիսը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այդ ազգերի, ազգությունների լեզուներով ռադիո և առցանց հեռուստատեսային հաղորդումներ կազմակերպելուն։
— Հայաստանի՞ց։
— Այո՛, Հայաստանից, որովհետև Ադրբեջանի մեջ նրանք դրա իրավունքը չունեն, ոչ միայն չունեն, այլև ձերբակալվում են։ Ամենահայտնի դեպքը թալիշ Հալիլովի ձերբակալությունն էր «Դավայ, դո սվիդանիյա» հայտնի պատմությունից հետո։ Այսինքն՝ բավական էր, որ մի թալիշ մի փոքր (որովհետև մուղամը թալիշական արվեստ է և ոչ թե թուրքական) անուն ձեռք բերի, արդեն դա դիտարկվեց որպես վտանգ։
— Սեպարատի՞զմ։
— Թեև մեծ մասը անջատվելը որպես խնդիր չի դիտարկում, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր մարդատյաց քաղաքականությամբ կստիպի այդ բոլոր ազգերին ի վերջո ավելի լուրջ քայլերի գնալ։ Հիմա մենք ուզում ենք օգնել այս ազգերին, որպեսզի նրանք պահպանեն իրենց ինքնությունը, այսինքն՝ լեզուն, մշակույթը… Բնականաբար, այդտեղ մենք մեր շահը ունենք, որովհետև երբ այդ ազգային խմբերը մնում են իրենց ինքնության մեջ, նրանք արդեն մեզ չեն դիտարկում որպես իրենց թշնամի, և դա նպաստում է ընդհանրապես տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը, այսինքն՝ մեր խնդիրն է ամեն գնով պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։
— Հայաստանում արվող այս քայլը Ադրբեջանի կողմից բնականաբար դիտարկվում է որպես Ադրբեջանի ինքնիշխանությանը միտված վտանգ։ Եթե սրան ավելացնենք Արցախում օդանավակայանի բացման հետ կապված դժգոհությունները Ադրբեջանում և Թուրքիայում, կարծես թե հակառակ պրոցեսը պետք է տեղի ունենա, այսինքն՝ այս քայլերով խրախուսվում է պատերազմը Ղարաբաղում։
— Նախ պիտի ասեմ, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած քայլ, որ անում է Հայաստանը կամ հայերը, միշտ էլ դիտարկում են ինչ-որ հակաադրբեջանական, և դրա համար հիմքեր պետք չեն: Դա կարող է անհիմն լինել։ Սա առաջին։ Երկրորդ՝ օտար լեզուներով հաղորդումները շատ տարածված են աշխարհում, և շատ երկրներ այդպիսի հաղորդումներ ունեն, ու դա չի դիտարկվում որպես ինքնիշխանության խախտում, օրինակ՝ նույն Ադրբեջանում կան հայալեզու հաղորդումներ, հեռուստահաղորդումներ:
— Նույնիսկ հայերեն լրատվական կայքեր կան։
— Այո՛, այսինքն՝ դա բնական է, ամեն մի կողմ իր տեսակետն է ուզում հայտնել կամ իրազեկ դարձնել մյուս կողմին։ Մեր խնդիրն է այդ մարդկանց հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրենց մասին իրենց իսկ ազգակիցներին իրազեկեն։ Ադրբեջանի կողմից ահավոր խեղաթյուրումներ կան պատմական, մշակութային առումով, որովհետև Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն են յուրացնում, այլև այդ բոլոր ազգերինը։ Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա եթե չասենք, որ կենսական նշանակություն ունի, ապա գոնե կարևոր է հայության համար, որն ապրում է Արցախում:
Կոնֆլիկտներ կան, որ տասնամյակներ են տևել, և ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը ևս տասնամյակներ կտևի, բայց այդ մարդիկ պետք է ապրեն: Եթե մենք զուգահեռներ ենք տանում չլուծված այլ հակամարտությունների հետ, տեսնում ենք, որ այդ տարածքներում և՛ օդանավակայաններ են կառուցվում, և՛, ավելին ասեմ, հակամարտության գոտիները միջազգային օգնություն են ստանում: Սա էլ խտրականություն է Ղարաբաղի դեմ. չգիտես ինչու միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը օգնություն չի տրամադրում զուտ այն պատճառով, որ հակամարտությունը չի լուծվել: Պաղեստինի հակամարտությունն էլ չի լուծվել, բայց Պաղեստինը տարեկան հարյուրավոր-միլիոնավոր դոլարների օգնություն է ստանում: Այսինքն՝ ինչու Պաղեստինի արաբը պետք է ավելի արտոնյալ լինի, քան Ղարաբաղի հայը: Հետևաբար՝ օդանավակայանի հարցը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, այն մարդասիրական ծրագիր է: Ինչ վերաբերում է դրա հնարավոր ռազմական կիրառությանը, ապա, իհարկե, ամեն ինչ էլ կարող է ռազմական կիրառություն ունենալ: Ուրեմն նշանակում է՝ որևէ բան չպիտի՞ կառուցվի:
— Հիմա շատ են խոսում պատերազմի վերսկսման մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը:
— Ես դեռ տարիներ առաջ, որոշ ուսումնասիրություններ կատարելով, եկել էի այն եզրակացության, որ պատերազմի վերսկսման տեսանկյունից ամենավտանգավոր փուլը 2013-2014 թթ. են, որովհետև ադրբեջանական նավթի արտահանումը արդեն իսկ սկսվել է կրճատվել, օրինակ՝ անցած տարվա համեմատ՝ 6 տոկոսով: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի միակ առավելությունը նավթն է: Այսինքն՝ Ադրբեջանը գնալով պետք է թուլանա, հետևաբար պետք է փորձի մինչև թուլանալը որևէ հարց լուծել: 2014-ից հետո նրա շանսերը քիչ են: Պատերազմի հավանականությունը ես տեսնում եմ, բայց եթե Ալիևների վարչակազմը չգնա արկածախնդրության, պատերազմ չի լինի: Ադրբեջանը երաշխավորված հաղթանակի որևէ շանս չունի, որքան հավանական է, որ նա կհաղթի, այնքան ավելի հավանական է, որ կպարտվի:
Զրուցեց Դերենիկ Մալխասյանը
Civilnet



