Կառավարությունը չի ուզում կամ խնդիր չի էլ դրել զբաղվել Հայաստանի Հանրապետության միջին քաղաքացուն հուզող հարցերով, «Օրակարգի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ 2013թ. բյուջեն վերջին տարիների ամենաանհաջող բյուջեն է, այն ապագային միտված որևէ քայլ չի պարունակում։
— Իշխանությունները պնդում են, որ այս բյուջեն մեկ քայլ առաջ է, և հաջորդ տարի մենք ավելի լավ ենք ապրելու։ 2013թ. ի՞նչ փոփոխություն կարելի է ակնկալել միջին վիճակագրական հայ քաղաքացու համար։
— Այսօր ամենակարևոր հարցերից մեկը հենց բյուջեն է։ Այն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է։ Ձեզ հետաքրքրող հարցը պետք է ուղղել կառավարությանը, չնայած նա չի ուզում կամ խնդիր չի էլ դրել զբաղվել Հայաստանի Հանրապետության միջին քաղաքացուն հուզող հարցերով։ Նման ծրագիր իր առաջ դրված չէ։
Եթե հարցն ինձ եք ուղղում՝ ապա ոչինչ էլ չի փոխվի, որովհետև նորից եմ կրկնում՝ կառավարությունը նման խնդիր չունի իր առջև: Այն ունի մեկ այլ կարևոր խնդիր՝ ինչպես պահել իշխանությունը, ինչպես օգնել, աջակցել այն մարդկանց, որոնք իրեն բերել են իշխանության, այսինքն՝ օլիգարխիայի ներկայացուցիչներին, բիզնեսի ներկայացուցիչներին, նրանց, ովքեր այսօր իշխանության մեջ են, պատգամավորներ են կամ կառավարության անդամներ:
— Այնուամենայնիվ, կառավարությունը հրապարակավ հայտարարում է, թե նվազազագույն աշխատավարձը, ասենք, բարձրացնում է 2500 դրամով։
— Ավելի լավ է չանեին: Եթե դա աներ աֆրիկյան կամ աշխարհի այնպիսի մի երկրի կառավարություն, որտեղ նվազագույն աշխատավարձը օրական 50 ցենտ է և դառնում է մեկ դոլար, որը նրանց համար էական նշանակություն ունի, այլ բան։ Աշխարհում մի տարի առաջ աղքատների թիվը երկու հարյուր միլիոնով պակասեց, երբ Չինաստանը այդպիսի քայլ արեց: Բայց երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 32 հազ. դրամ է, և ավելացնում են 2500 դրամով, ու մյուս կողմից էլ նշում են, թե նվազագույն սպառողական զամբյուղը պաշտոնապես 50 հազ. դրամ է, իսկ ոչ պաշտոնապես՝ իրական գներով՝ մոտ 110 հազ., կյանքի էական փոփոխություն տեղի չի ունենա այն մարդկանց համար, որոնք դրա կարիքը ունեն:
Այսօրվա իշխանությունները նրա համար չեն, որ նվազագույն աշխատավարձ բարձրացնեն։ Բյուջեն հենց դա էլ ասում է. բյուջեում ոչինչ չկա, աշխատավարձի բարձրացում չկա, այնտեղ ընդհակառակը՝ սոցիալական ծրագրերի հետ կապված կրճատումներ կան, կենսաթոշակների բարձրացում չկա: Նույնիսկ աշխատավարձի բազային թիվը մեծացնելու խոստումը, որը տրված էր բյուջետային աշխատիկցներին, դա էլ չի արվում: Սա վերջին տարիների ամենաանհաջող բյուջեն է, որը ապագային միտված որևէ քայլ չի պարունակում։
— Ի՞նչ ասել է ապագային միտված քայլ։
— Վերցնենք արդյունաբերության զարգացման քաղաքականությունը, որի մասին երկու տարի թմբկահարում են: Ի դեպ՝ մենք վերցրել ենք հինգ կամ վեց ճյուղ, դրա մեջ մտնում է ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն, տեղական արտադրություն, ես նկատի ունեմ կոնյակի բազայի վրա կոնյակագործության զարգացում: Այնտեղ էլի երկու ճյուղ կա, մոտ հինգ ճյուղ:
Հիմա երբ ես փորձում եմ այս բյուջեն նայելուց հասկանալ, թե որ քաղաքականության արդյունքում պետք է այդ ճյուղերը զարգանան, չկա: Ոչ մի ներդրում կամ պետական աջակցություն չկա, և, ընդհանրապես, թե ինչքանով է սա ազդելու մեր տնտեսական զարգացման վրա, բյուջեում որևէ ձևով արտահայտված չէ:
— Պարոն Խաչատրյան, շատ է խոսվում նաև տնտեսական ապակենտրոնացման մասին։ Բյուջեն ինչ-որ քայլ նախատեսո՞ւմ է այդ ուղղությամբ։
— Հայաստանի ապագայի մասին մտածող ցանկացած կառավարություն կամ իշխանություն առաջնահերթ խնդիր պետք է համարի Երևանից դուրս զարգացման խնդիր լուծելը։
Երբ նայում ենք բնակչության թվաքանակի տեղաբաշխմանը, արդյունաբերական թվաքանակի տեղաբաշխմանը, նայում եք գյուղատնտեսական բնագավառի տեղաբաշխմանը կամ հզորություններին, պարզվում է, որ այդ ամենը կենտրոնացված է Երևանում կամ Երևանի շուրջ։
Մի փոքր արդյունաբերական պոտենցիալ կա հարավում՝ Զանգեզուրում՝ կապված պղնձամոլիբդենային համալիրի կամ ընդհանրապես լեռնահանքային համալիրի հետ: Մնացած տեղերում գյուղերը, շրջկենտրոնները և ի վերջո մարզերը աստիճանաբար մարում են:
— Համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների ցուցանիշներով Հայաստանը տնտեսական առումով մեծ թռիչք է արձանագրում: Ի՞նչ է, միջազգային այդ կառույցներն էլ են կոռուպացվա՞ծ, սխալ գնահատականներ են տալիս։
— Ես ինքս այդպիսի մի ցանցի ներկայացուցիչ եմ, խնդիրը բազմիցս բարձրացվել է. չի կարող պատահել, որ Հայաստանի տնտեսական ազատության գործակիցն ավելի լավը լինի, քան Գերմանիայինը: Այս համատեքստում մեկ փաստ նշեմ՝ հետևությունը թողնելով Ձեզ: Doing bussines-ով ամենամեծ առաջընթացը Հայաստանում ապրել է, եթե չեմ սխալվում, ներդրումային գրավչության դաշտը: Բայց վեց ամսվա կտրվածքով միայն ԱՄՆ-ի ուղղակի ներդրումները Հայաստանում կրճատվել են 80%-ով, իսկ ընդհանուր առմամբ՝ 60%-ով: Ցուցանիշներով գրավիչ ենք, սակայն փաստացի ներդրումները կրճատվում են:
Զրուցեց Դերենիկ Մալխասյանը

«Զորավար Անդրանիկ» թանգարանը չի փակվում և չի վաճառվում․ տարածվող տեղեկությունը սխալ է
Ալիևը չի մասնակցի Անկարայի գագաթնաժողովին՝ Թուրքիայի հետ լարվածության ֆոնին

«Ուժեղ Հայաստանը» ցանկացած պահի պատրաստ է արտահերթ ընտրությունների․ Հովսեփյան

Կադիրովը հաստատել է փոխհրաձգության ժամանակ մեկ մարդու սպանությունը

Ինչպե՞ս Իսրայելի ընտրության արդյունքները կազդեն Իրանի դեմ պատերազմի վրա

«Աղի լճի» մոտ փորման աշխատանքների ընթացքում մեկ մարդ մահացել է
Civilnet