Հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։
Այդ մասին գրում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական աղբյուրները։
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը, որն էլ ծանուցել է սպացվող կլոր սեղանի մասին։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման շարժառիթը օգոստոսի 8-ին Վաշինգտնում կայացած հայ-ադրբեջանական համաձայնություններն են, որոնց մաս է կազմել նաև Միացյալ Նահանգները։ Հետևաբար՝ Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկում են խաղաղության օրակարգը, տնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաև փոխվստահության ամրապնդման քայլերը։ Բացի այդ, քննարկվելու է քաղհասարակության միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հարցը։
Հանդիպման մասին գրում են նաև արդբեջանական լրատվամիջոցները․ առաջիններից մեկը ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևն է, որն ընդգծել է՝ երկար տարիների ընդմիջումից հետո ադրբեջանական ինքնաթիռ է ժամանել Երևան։
Ըստ այդ տեղեկությունների՝ ադրբեջանցի փորձագետներին հատուկ տրամադրվել է ադրբեջանական պետական ընկերության՝ AZAL-ի ինքնաթիռ, որը Երևան է ժամանելհոկտեմբերի 21-ի ցերեկը։
Առաջիկայում հայկական մտակենտրոնը հանդես է գալու նոր հաղորդագրությամբ։
Civilnet




