Գլխավոր Լրահոս

2023-ի չկատարված խոստումներն ու կանխատեսումները

2023-ի չկատարված խոստումներն ու կանխատեսումները

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck 

2023-ին տարբեր ոլորտներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իշխանությունները բազմաթիվ խոստումներ են տվել, դրանցից շատերը նախկինում դարձյալ հնչել են, բայց այդպես էլ իրականություն չեն դարձել։

Լրատվամիջոցներն ու ամենատարբեր փորձագետներ, հղում անելով իրենց աղբյուրներին, մի շարք իրադարձությունների հնարավոր հանգուցալուծումներ, պաշտոնանկություններ և այլ կանխատեսումներ են արել, որոնցից շատերը սակայն, իրականություն չեն դարձել։

Դատավորների վեթինգի վերաբերյալ խոստումը ձգձգվում է

Արդեն հինգ տարի է՝ կառավարությունը խոստանում է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնել, դատավորների վեթինգի կամ բարեվարքության ստուգման համակարգ ներդնել, սակայն, այս խոստումներն անընդհատ ձգձգվում են։ 

Վեթինգի և անցումային արդարադատության իրականացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2019-ին։

Տարիների ընթացքում դատավորներին վեթինգի ենթարկելու կոշտ հայտարարությունները փոխարինվեցին դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ներդրման խոստումներով։ 

#CivilnetCheck-ը մանրամասն անդրադարձել էր դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ներդրման ձգձգվող գործընթացին։ Մեղ հետ զրույցում արդարադատության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել էր, որ դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծը 2023-ի «ամռան ավարտին» Ազգային ժողով կներկայացվի հաստատման։

Նախագիծը Ազգային ժողով ներկայացվեց դեկտեմբերի 19-ին միայն՝ առաջին ընթերցմամբ ստանալով դրական եզրակացություն։ 

Միասնական տոմսային համակարգը կիսատ է ներդրվել

2021-ից Երևանի իշխանությունները խոստանում են անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը պետք է գործի և՛ մետրոյում, և՛ ավտոբուսներում, և՛ տրոլեյբուսներում։ Համակարգի միջոցով ուղևորները պետք է կարողանան ուղեվարձը վճարել անկանխիկ եղանակով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը 2023-ի ապրիլին փոխքաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր, թե միասնական տոմսային համակարգը ներդրման փուլում է։

«MAN-երում որոշ քաղաքացիներ արդեն կարող են նկատել, փորձնական հիմա ներդրված է, և այնտեղ չորս վճարման ձևերով հնարավոր է լինելու վճարում կատարել՝ բանկային քարտով, հեռախոսով, QR կոդով, հատուկ հետագայում թողարկվելու են նաև տրանսպորտային քարտեր Երևան քաղաքում տրանսպորտից օգտվելու համար, և այս ռեֆորմն այս պահի դրությամբ իր փորձնական փուլում է»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ մինչև 2023-ի վերջ ամբողջապես ներդրված է լինելու միասնական տոմսային համկարգի հնարավորությունը և՛ հասարակական տրանսպորտում՝ ավտոբուսներում, և՛ մետրոյում։

Համակարգը, սակայն, ամբողջությամբ չի գործում։ Ներկայում

վճարման չորս եղանակներից միայն երկուսն են գործում՝ «Թել-Սել» տերմինալներից և հավելվածից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմսերը։

Գարեգին Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող նոր ճանապարհը դեռևս չի կառուցվել

Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված փողոցներից մեկը՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Արմենակյան փողոցը բեռնաթափելու համար Գարեգին Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող նոր ճանապարհ էր նախատեսվում կառուցել:

Երևանի քաղաքապետարանը խոստանում էր նախագծի շինարարական փուլը սկսել հունիսին, իսկ արդեն տարեվերջին քաղաքացիները պետք է կարողանային երթևեկել նոր ճանապարհով։

Մայիսին պարզվեց, սակայն, որ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին հայտեր չէին ստացվել։ Այնուամենայնիվ, քաղաքապետարանից դարձյալ խոստացել էին մինչև տարեվերջ հասցնել իրականացնել ծրագիրը։

Քաղաքապետարանը նախատեսում էր նաև մինչև տարեվերջ կառուցել երկրորդ այլընտրանքային ճանապարհը. Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից ճանապարհ պետք է կառուցվեր դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսվում է նաև ուղեանց ունենալ:

Այս ճանապարհը ևս չկառուցվեց 2023-ին։

Լաստանավային հաղորդակցություն հաստատվեց, հետո դադարեցվեց՝ նորից վերսկսելու խոստումով

Լարսի անցակետում խցանումները շարունակվում են։ Կառավարությունը խոստացել էր այլընտրանք ստեղծել մշտապես ծանրաբեռնված Վերին Լարսի անցակետին, այլընտրանքը պետք է լիներ լաստանավային բեռնափոխադրումը։ 

#CivilnetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է թեմային` գրելով կառավարության՝ լաստանավային հաղորդակցություն հաստատելու տարիներ տևող խոստման մասին։

Կառավարությունը փորձում էր Վրաստանի Փոթիի և Ռուսաստանի Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումներ կազմակերպել։  Այս ծրագիրը, սակայն, չհաջողեց, քանի որ Վրաստանի Փոթիի նավահանգստի օպերատոր APM հոլանդական ընկերությունը չէր թույլատրում ռուսական նավերի մուտքը նավահանգիստ։

Ի վերջո, 2023-ի ապրիլից սկսեցին լաստանավային բեռնափոխադրումներ իրականացվել ոչ թե Փոթիի, այլ Բաթումիի նավահանգստից դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղություններով։ 

Բեռնափոխադրումներն իրականացվում էին պետության սուբսիդավորմամբ, սակայն, ծովային ճանապարհով բեռնափոխադրումները գործեցին մինչև 2023-ի օգոստոս։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նշել էր, որ այս պահին ֆինանսավորման խնդիր են լուծում, որպեսզի վերսկսվի հաղորդակցությունը։ 

Շուռնուխում 2021-ից սկսած նոր թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել

2020-ի դեկտեմբերին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 13 տուն սահմանազատման արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառավարությունը երկու ամիս անց՝ 2021-ի փետրվարին, հաստատեց Շուռնուխում պետական ֆինանսավորմամբ մինչև 2021-ի տարեվերջ 13 ընտանիքների համար նոր տներ կառուցելու ծրագիրը։

2022-ին արդեն Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն էր խոստանում, որ մինչև 2022-ի առաջին կիսամյակի վերջը տները պատրաստ կլինեն։

2023-ին դարձյալ նույն Արմեն Ղուլարյանը խոստացավ այս անգամ արդեն մինչև 2023-ի առաջին կիսամյակի ավարտը տների կառուցումն ավարտել։

Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են թաղամասի կառուցման աշխատանքները։ Ըստ պատասխանի՝  բնակելի 13 տների և անասնագոմերի շինարարական աշխատանքներն ավարտվել են։ 

Թաղամասի բարեկարգման աշխատանքները (ճանապարհների և մայթերի ասֆալտապատում), ինչպես նաև 13 տների ջրամատակարարման աշխատանքներն ավարտական փուլում են։ 

«Ներկայում ընթանում են տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրասնուցման գծի տեղափոխման և բնակելի տների էլեկտրասնուցման գործընթացները»,- ասված է պատասխանում։ 

Պետական կառույցները ԱՊՊԱ ծառայություններ այլևս պետք է ձեռք բերեին միայն մրցույթով

Կառավարության 2023-ի մարտի 30-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Այլևս որևէ պետական հիմնարկ չունի որևէ խոչընդոտ ավտոմեքենաների ավահովագրությունն իրականացնել բացառապես մրցույթային կարգով, և ես հույս ունեմ, որ մենք այս թեման մեկընդմիշտ փակեցինք։ Այլևս որևէ պետական գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի, իսկ մրցույթը շատ պարզ է․ ով նվազագույն գին առաջարկեց, ըստ էության, նա էլ հաղթելու է»։

#CivilnetCheck-ը, ուսումնասիրելով պետական գնումների պայմանագրերը, պարզեց, որ իր հեճուկս Փաշինյանի հորդորի, մի շարք գերատեսչություններ, պետական և համայնքային հիմնարկներ շարունակել են ԱՊՊԱ պայմանագիր կնքել ոչ թե մրցույթային, այլ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերով։

էկրանապատկերը՝ պետական գնումների էլեկտրոնային armeps համակարգից

Խոշոր գործարքներից մեկն, օրինակ, ներքին գործերի նախարարության կնքած պայմանագիրն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերության հետ։ 

էկրանապատկերը՝ պետական գնումների էլեկտրոնային armeps համակարգից

«Չոր նավահանգստի» շինարարական աշխատանքների մեկնարկը տեղափոխվեց 2024 թվական

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023-ի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ կարծում է՝ մինչև տարեվերջ կգտնվի գործընկերը, որի հետ միասին պետք է կառուցեն Գյումրու «չոր նավահանգիստը»։

Նախարարը, մասնավորապես, նշել էր․ «Այդ ծրագրի ամբողջական կամ խորը տեխնիկատնտեսական վերլուծության մրցույթ է հայտարարված, և կառավարությունը, Հանրային ներդրումային կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ արդեն տվել է նախնական համաձայնությունը՝ անցնել այդ փուլին, մոտակա 6 ամիսների ընթացքում կանցնենք խորը տեխնիկատնտեսական վերլուծության փուլը, որը ցույց կտա մեր նախնական հաշվարկների իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը, որի արդյունքում Հանրային ներդրումային կոմիտեն կկայացնի վերջնական որոշում, որից հետո կանցնենք արդեն մրցույթային գործընթացներին։ Ես կարծում եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կունենանք մեր գործընկերոջը ում հետ միասին պետք է արդեն կառուցենք չոր նավահանգիստը»։

Տարվա վերջում արդեն՝ դեկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Քերոբյանը հայտարարել էր, որ գրեթե ավարտվել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Եթե նախագծի վերջնական հաստատումը ստացվի Հանրային ներդրումային կոմիտեի կողմից, ապա 6-9 ամսվա ընթացքում կսկսվի շինարարական աշխատանքների փուլը։

Այսպիսով, ստացվում է, որ տեխնիկատնտեսական հիմնավորումը ավելի երկար է տևել, և մինչ օրս ամբողջովին ավարտված չէ, իսկ մրցույթային գործընթացին անցնելը ձգձգվում է։

Վարչապետը խոստանում է Երևանում տարեկան 700 վերալակ փոխարինել, քաղաքապետարանը՝ 500

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Երևանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։

Ամիսներ անց Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր, որ 2023-ին Երևանում շուրջ 500 վերելակ է փոխարինվելու։ Մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2023-ի ընթացքում Երևանում փոխարինվել է 510 վերելակ։

250 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներից և ոչ մեկը չփոխարինվեց էլեկտրական ավտոբուսներով

Այս տարվա օգոստոսի 21-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինայանն առաջարկել էր արագացնել էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը, որով պլանավորում էին գործարկել շուրջ 250 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով։

#CivilnetCheck-ը խնդրել էր քաղաքապետարանին հայտնել, թե ինչ փուլում է գտնվում «Հայգեր»-ները էլեկտրական ավտոբուսներով փոխարինելու ծրագիրը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 2023թ. սկզբից մինչև օրս «Հայգեր» մակնիշի ոչ մի ավտոբուս չի փոխարինվել էլեկտրական ավտոբուսով:

Դավիթ Բեկի միջնամասում գտնվող այգին դեռ նորոգում են, իսկ հիմնանորոգված մանկապարտեզների թիվն ավելի քիչ էր

Կառավարության ապրիլի 13-ի նիստին այդ ժամանակ դեռևս փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն ասել էր, որ Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգին հիմնանորոգվելու է այս տարի։

Քաղաքապետարանից #CivilnetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այգու հիմնանորոգման աշխատանքները գտնվում են շինարարության նախնական փուլում։ Իրականացվել է հողային աշխատանքների 50%-ը և բետոնապատման աշխատանքների 40%-ը։

Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նաև հայտարարել էր․ «Այս տարի մենք Երևան քաղաքում հիմնանորոգված հանձնելու ենք 22 մանկապարտեզ»։ 

Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանում, սակայն, նշվում է․ «2021-2023թթ. հիմնանորոգվել է 17 մանկապարտեզ, որից 10-ի մեկնարկը տրվել է 2022թ․ և ավարտվել է 2023թ., իսկ 7-ի մեկնարկը ներդրումային ծրագրերով տրվել է 2021թ. և ավարտվել 2023թ.»։ 

Լրատվամիջոցների սին կանխատեսումները 

Տարվա ընթացքում լրատվամիջոցները ևս հանդես էին գալիս տարբեր կանխատեսումներով և գույժերով, որոնք սակայն այդպես էլ իրականություն չդարձան։ 

Hraparak.am-ի տեղեկություններն այն մասին, որ գլխավոր դատախազը հնարավոր է՝ Ազգային ժողով միջնորդություն ներկայացնի ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանին ու Գուրգեն Մելիքյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, չիրականացան։

Factor.am-ի, Ժողովուրդ թերթի աղբյուրները ևս սխալվեցին։ Մամուլը գրում էր, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվելու է արդարադատության փոխնախարար, չնայած դրան, նախկին մարզպետը սկզբում նշանակվեց վարչապետի օգնական, ապա՝ վարչապետի մամուլի քարտուղար։

«Ժողովուրդ» օրաթերթը հունիսին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն են, և որ նրանք շուտով հրաժեշտ կտան պաշտոնին։

Այդուհանդերձ, Քերոբյանն ու Ավանեսյանը այս տարի պաշտոնանկ չարվեցին։

Hraparak.am-ը մարտին գրել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնից ազատելու հարցն արդեն որոշված է, ըստ կայքի աղբյուրների՝ նրան այդ պաշտոնում փոխարինելու էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչը ևս տեղի չունեցավ։ 

Բացի այդ, Hraparak.am-ը Երևանի ավագանու ընտրություններից առաջ գրել էր, որ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «չիստկա» իրականացնել կառավարությունում։

Ըստ կայքի աղբյուրի՝ պաշտոնին հրաժեշտ էին տալու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Երևանի ավագանու ընտրությունները կայացան սեպտեմբերի 17-ին, ընտրություններից ամիսներ անց նախարարները հրաժեշտ չեն տվել իրենց պաշտոններին։

Հուսանք՝ գոնե 2024-ին պաշտոնյաները կկատարեն իրենց խոստումները, իսկ լրատվամիջոցները զերծ կմնան չճշտված, բամբասանքի ժանրից տեղեկություններ տարածելուց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում