Նոր Նորքի ղեկավարը հանդիպել է Բուչայի քաղաքապետին, մարդասիրական օգնություն փոխանցել Ուկրաինային

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։
«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ ենք աջակցելու Բուչային և պատերազմական գործողությունների արդյունքում տուժած մյուս համայնքներին»,- ընդգծել է Տիգրան Տեր-Մարգարյանը, փոխանցում է Նոր Նորքի Ֆեյսբուքի էջը։
Նշվում է, որ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Բուչայի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
«Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին»,- ասված է հաղորդագրությունում։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Ուկրաինայիում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպել է նաև Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչներին։
Տեղադրություն
Civilnet










