Գլխավոր Լրահոս

Բժշկությո՞ւն, թե՞ խաբեություն. կաթնափուշի «բուժիչ» թուրմի միֆը

Բժշկությո՞ւն, թե՞ խաբեություն. կաթնափուշի «բուժիչ» թուրմի միֆը

Հայկ Հովհաննիսյան

Սոցցանցերում լայն տարածում է ստացել տեսանյութ, որտեղ «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնի տնօրեն Մարիամ Վահանյանը պատմում է կաթնափուշի թուրմի ենթադրյալ «բուժիչ» հատկությունների և դրա պատրաստման բաղադրատոմսի մասին։Ըստ Վահանյանի՝ իր բաղադրատոմսով պատրաստված կաթնափուշի թուրմը օրգանիզմից հեռացնում է ծանր մետաղները, վերացնում բորբոքումները, ոչնչացնում ուռուցքային բջիջները և այլն:

Տեսանյութը (արխիվ) Facebook-ում ունի ավելի քան 100 000 դիտում, 800 մեկնաբանություն և 2 500 հավանում: #CivilNetCheck-ը պարզել է, որ տեսանյութը պարունակում է մի շարք անհիմն և սխալ պնդումներ։

«Բուժիչ» թուրմի բաղադրատոմսը՝ ըստ Վահանյանի

Տեսանյութում ԲԿ-ի տնօրենը ներկայացնում է կաթնափուշի թուրմ պատրաստելու երկու եղանակ: Առաջինը՝ բույսի ծաղկի մի քանի գլխիկ եռացրած ջրով 20 րոպե թրմելն է, իսկ երկրորդը՝ ջրի փոխարեն ձիթապտղի յուղի մեջ 40 օր պահելը: Նա պնդում է, թե թուրմը ամեն առավոտ խմելով մարդը կբուժվի բազմաթիվ հիվանդություններից։

«Այն ուռուցքային բջիջները վերացնում է, ամբողջ օրգան-համակարգերի վիճակը կարգավորում է, դիմադրողականությունը բարձրացնում է, նյութափոխանակությունը լավացնում է: [….] Այն հեռացնում է օրգանիզմից ծանր մետաղները, կարգավորում է ստամոքս-աղիքային տրակտի վիճակը, բորբոքումները վերացնում»,- ասում է տիկին Վահանյանը։

Տեսանյութում ներկայացվածը կաթնափուշ չէ

Պարզվում է՝ Մարիամ Վահանյանի հրապարակած տեսանյութում ցուցադրված բույսը իրականում ոչ թե կաթնափուշ (Silybum marianum) է, այլ կաղշնակ (Onopordum acanthium), որը Հայաստանում տարածված մոլախոտ է։

Սա փաստում են ինչպես տեսանյութի կադրերի հակադարձ որոնումը և բույսերի ճանաչման ծառայությունները, այնպես էլ բուսաբանական շտեմարանների միջոցով վիզուալ համեմատությունը։ Չնայած այս երկու բույսերը նույն ընտանիքին են պատկանում և արտաքնապես նման են՝ տարբեր բաղադրիչներ և նյութեր են պարունակում։

Պնդումներն անհիմն են և սխալ

Տեսանյութում հնչող պնդումները, թե կաթնափուշից կամ տեսանյութում ցուցադրվող կաղշնակից պատրաստված թուրմերը օրգանիզմը կարող են բուժել բազմաթիվ հիվանդություններից, անհիմն են։ 

Գիտական որոշ հետազոտություններում իսկապես նշվում է կաթնափուշի կամ կաղշնակի օգտակար հատկությունների՝ հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցության մասին։ Սակայն պնդումները, թե դրանք մարդու օրգանիզմից «հեռացնում են ծանր մետաղները», «կարգավորում է ստամոքս-աղիքային տրակտի վիճակը» կամ «վերացնում ուռուցքային բջիջները», չեն հաստատվում հավաստի հետազոտություններով:

Նախ՝ հետազոտություններում և գիտափորձերում կիրառվել են այս բույսերում առկա նյութերից լուծիչների միջոցով պատրաստված լուծամզվածքներ (էքստրակտներ), այլ ոչ թե բույսի ծաղկի գլխիկներից պատրաստված թուրմեր։ Կաթնափուշի և կաղշնակում առկա գործող նյութերը, առանց հատուկ մշակման, վատ են լուծվում ջրում և ունեն ցածր բիոհասանելիություն։ 

Նույն տեսանյութում Վահանյանը խոսում է նաև կաթնափուշի և ձիթապտղի յուղի խառնուրդի՝ օրգանիզմից ծանր մետաղները հեռացնելու ունակության մասին։ Սա ևս չի հաստատվում հետազոտություններով: Նույնը վերաբերում է նաև կաղշնակի և ձիթապտղի յուղի խառնուրդին։

Հարկ է նշել, որ տեսանյութում հանդես եկող կլինիկայի տնօրենը Facebook-ում ունի 130 000 հետևորդ: Նա գրեթե ամեն շաբաթ հրապարակում է նմանատիպ տեսանյութեր, որոնցում ներկայացնում է ավանդական բժշկության «դեղատոմսեր» և բուժման կասկածելի մեթոդներ:

Այսպիսով, տեսանյութում ներկայացված տեղեկությունները անհիմն են։ Անգամ ավանդական բժշկության համատեքստում ԲԿ-ի տնօրենի դեղատոմսը սխալ է, և տեսանյութում ցուցադրված բույսը կաթնափուշ չէ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում