Սոցիալական ցանցերում հոկտեմբերի 27-ից տարածվում են գովազդային տեսանյութեր, որոնցում խոստանում են «ընդամենը 72 ժամում» կամ «մեկ գիշերում» տանը բուժել լսողության խնդիրներն ու թոքերի հիվանդությունները։
«Ավելի քան 85 000 մարդ, այդ թվում` իմ ծանոթներից մեկը, արդեն ազատվել է լսողության քրոնիկ խնդիրներից և վերադարձրել իր առողջությունը։ Այս մեթոդը ոչ միայն օգնում է վերականգնել լսողությունը, այլև նպաստում է լսողական համակարգի բնականոն աշխատանքին՝ վերացնելով խնդիրների իրական պատճառը»,- ասում է «բժիշկ Արմեն Սարգսյանը»:
Տարածվող գովազդային տեսանյութերում առաջարկում են անվճար դիտել բնական միջոցների բաղադրատոմսերը, սակայն ի վերջո օգտատերերին ուղղորդում են դեպի կասկածելի կայքեր՝ շուկայականից թանկ գներով միջոցներ վաճառելու նպատակով։
Իրականում տարածվող տեսանյութերն ամբողջությամբ կեղծ են և ստեղծվել են դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով։
Արսեն Թորոսյանի կերպարը, պակիստանյան եթերն ու շուկայականից թանկ միջոցը
Լսողության վերականգնում խոստացող տեսանյութերից մեկում իբրև «բժիշկ Արմեն Սարգսյանը» հարցազրույց է տալիս լրագրողին։ Սակայն այս բժիշկի կերպարը ստեղծվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի արտաքինի հիման վրա: Իսկ լրագրողի կադրերը վերցվել ու խմբագրվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական թողարկման եթերներից:

Տեսանյութն ուղղորդում է mx-wyndralex[.]world կայք, որտեղ տեղադրված է մոտ 15-րոպեանոց մեկ այլ «հարցազրույց»: Այդտեղ լրագրողի կադրերը վերցրել են պակիստանյան հեռուստաընկերության լրատվական թողարկումից, իսկ կեղծ բժիշկ Արմեն Սարգսյանն այդտեղ ներկայացվում է որպես «օտորինոլարինգոլոգ Ադրբեջանից»: Տեսանյութի տակ առկա են նաև գոհունակություն հայտնող կեղծ օգտահաշիվների մեկնաբանություններ:
«Հարցազրույցում» օգտագործվել են նաև այլ հայտնի դեմքերի կադրեր: Օրինակ՝ որպես բժշկին «շնորհակալություն հայտնողներից» ցուցադրվում է արվեստագետ
Կեղծ «հարցազրույցում» օգտագործվել են նաև այլ հայտնի անձանց կադրեր։ Օրինակ՝ բժշկին իբր շնորհակալություն հայտնող անձանցից մեկը արվեստագետ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է, որի մասնակցությամբ կադրերը վերցվել են «Nur TV»-ի եթերից։ Մեկ այլ դրվագում օգտագործվել են իսպաներենով տեսանյութից վերցված կադրեր, որոնցում իրականում ներկայացվում է Ասիայի և Աֆրիկայի մշակույթներին նվիրված նոր փոդքասթ։
Տեսանյութի ավարտից հետո հայտնվում է «Prosluh» ականջի խնամքի միջոցի գովազդը, որն առաջարկվում է ձեռք բերել իբր «50% զեղչով»՝ 9900 դրամով։ Մինչդեռ առցանց առևտրային հարթակներում նույն միջոցը վաճառվում է շուրջ 900-2300 դրամով։ Կայքում տեղադրված է նաև անձնական տվյալների լրացման դաշտ, որի միջոցով օգտատերերին առաջարկվում է պատվիրել միջոցը և կազմակերպել առաքումը։

Ալեքսանդր Մյասնիկովի կերպարը, վրացական հեռուստաընկերությունն ու ադրբեջանցի տնտեսագետը
Թոքերի հիվանդությունների մասին տեսանյութում օգտագործվել են ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կադրերը «Россия-1» հեռուստաալիքի «Доктор Мясников» հաղորդումից, իսկ որպես «հայ լրագրողուհի» ներկայացվել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական թողարկման հաղորդավարուհին՝ հեռուստաալիքի տարբերանշանով։
Տեսանյութն ուղղորդում է net-qulvynth[.]bond կայք, որտեղ տեղադրված է 19 րոպեանոց «հարցազրույց»․ այստեղ Մյասնիկովը ներկայացվում է որպես «արցախցի թոքաբույժ»։ Այստեղ ևս օգտագործվել են հայտնի դեմքերի կադրեր, օրինակ՝ ադրբեջանցի տնտեսագետ Վահիդ Մահարրամլին, ում դրվագները վերցվել են նրա հարցազրույցներից։

Ավարտից հետո տեսանելի է դառնում «50% զեղչով»՝ 9900 դրամով, վաճառվող «Сила Пчелы» սննդային հավելումը: Առևտրային առցանց հարթակներում դրա գինը տատանվում է 1500-2800 դրամի սահմաններում:

Միանման գովազդներն ու ֆեյսբուքյան էջերը
Ֆեյսբուքյան տեսանյութերը տարածվում և գովազդվում են Wanda Dunn և Healing Secrets էջերով: Դրանք աչքի են ընկնում իրենց հրապարակումների միանմանությամբ:

Երկու էջերում էլ նշված են կասկածելի դոմենային անուններով կայքեր և էլեկտրոնային փոստի հասցեներ։ Meta Ad Library-ի տվյալներով՝ Wanda Dunn էջում տեղադրված է 13 միանման գովազդ, իսկ Healing Secrets էջում՝ 9։

Այսպիսով, «հրաշագործ բուժումների» մասին տարածվող տեսանյութերը արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիքներ են։ Դրանցում օգտագործվում են հանրային դեմքերի դիփֆեյքեր՝ օգտատերերի վստահությունը շահելու և նրանց կասկածելի կայքեր ուղղորդելու համար, որտեղ առաջարկվում են չհիմնավորված բուժիչ ազդեցությամբ միջոցներ՝ շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Տես նաև՝ «Հրաշագործ» բաղադրատոմսերից մինչև թանկ հավելումներ. ԱԲ-ով կեղծ գովազդներ Ֆեյսբուքում:
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











