Շենգենյան վիզան Հայաստանում՝ թղթի վրա «դյուրին», իրականում՝ դժվար կամ անհնար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սաթեն Գրիգորյանը ցանկանում էր այս տարվա հունիսին Գերմանիա գնալ՝ իր սիրելի ռոք խմբի համերգին։ Փետրվարին դիմել է Գերմանիայի դեսպանատուն՝ հանդիպման օր ամրագրելու համար. համերգի օրը մոտենում էր, սակայն դեսպանատնից արձագանք այդպես էլ չկար։ Համերգին գնալը ձախողվել է, ու նա որոշել է այլ դեսպանատուն դիմել՝ արձակուրդը որևէ եվրոպական երկրում անցկացնելու համար։
Դիմել է զբոսաշրջային գործակալության, որտեղից առաջարկել են Իսպանիայի դեսպանատուն դիմել՝ վստահեցնելով, որ համեմատաբար արագ և հեշտ կստացվի։ Գործակալությունը հանդիպման օր է ամրագրել նրա համար, թղթերը հանձնել է Իսպանիայի վիզաների կենտրոն։ Այստեղից թղթերը ուղարկվել են Մոսկվայում Իսպանիայի հյուպատոսություն, որտեղ էլ կայացվում են որոշումները։
«Շաբաթներ շարունակ անձնագրին սպասելուց հետո որոշեցի, որ այլևս չեմ ցանկանում այդ ամենի միջով անցնել և չեղարկեցի դիմումներս և՛ Իսպանիայի, և՛ Գերմանիայի հյուպատոսություններում»,- նշում է Սաթենը։

Մինչդեռ, միայն Իսպանիայից վիզա ստանալու համար արդեն իսկ ծախսել էր ընդհանուր 60 000 դրամ։
«20 000 դրամ վճարել եմ, որպեսզի տուրիստական ընկերությունը իմ համար օր ամրագրի, ևս 40 000 վճարել եմ արդեն վիզաների կենտրոնի ու դեսպանատան գումարի համար՝ չհաշված փաստաթղթերի թարգմանությունների համար արված ծախսերը»,- պատմում է Սաթեն Գրիգորյանը։
Սակայն Սաթեն Գրիգորյանը միակը չէ, որ բախվում է նման խնդիրների։ Օրական հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ սոցիալական ցանցերի տարբեր խմբերում ահազանգում են Շենգենյան վիզա ստանալու դժվարությունների, հանդիպման օր ամրագրելու անհնարինության և բազմատեսակ այլ խնդիրների մասին։
ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը
Հայաստանն ու ԵՄ-ն դեռևս 2012-ին կնքել են վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որը նախատեսում է «ավելի քիչ փաստաթղթեր, 35 եվրո վճար և տասը օրացույցային օր՝ վիզա ստանալու համար (միայն առանձին դեպքում ժամկետը կարող էր երկարաձգվել մինչև 30 օրացույցային օր)»: Այն ուժի մեջ է մտել 2014-ից։
Արդեն 2024-ի հուլիսի 17-ին Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։ Գործընթացը երկար ժամանակ ձգձգվում էր, քանի որ որոշ երկրներ դեմ էին։
Չնայած՝ հայտարարությունների մակարդակում թվում է, թե Հայաստանն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ, այնուամենայնիվ, գործնականում այլ պատկեր է։
Արդյոք հնարավո՞ր է առանց որևէ միջնորդի վիզայի օր ամրագրել դեսպանատանը
Չնայած Հայաստանի քաղաքացիների համար վիզայի համար սահմանված ցածր վճարին (35 եվրո), գործնականում մարդիկ հավելյալ մեծ գումարներ են ծախսում վիզան ստանալու համար։ Հաշվի առնելով մշտապես առկա բողոքները՝ #CivilNetCheck-ի լրագրողը ևս փորձել է վիզա ստանալու համար հանդիպման օր ամրագրել։
Փորձեցինք Իտալիայի դեսպանատանը օր ամրագրել։ Վերջինս համագործակցում է Միջազգային վիզա կենտրոնի հետ։ Առանց հավելյալ վճարի օր ամրագրելու համար պետք է գրանցվելուց հետո ամեն օր վիզա կենտրոնի էջը ստուգել։ Մի քանի օր շարունակ փորձելուց հետո, չշարունակեցինք, քանի որ ազատ ժամեր այդպես էլ չբացվեցին։

Իսպանիայի վիզա ստանալու համար ևս սովորական տարբերակով ազատ օր ամրագրելու հնարավորություն չկար։ Այս դեպքում ևս պետք էր պարբերաբար ստուգել կայքը, որ հնարավոր լինի օր ամրագրել կամ ընտրել վճարովի տարբերակը։

Այսպես, Լիտվայի դեսպանատնից Շենգենյան վիզա ստանալու համար քաղաքացին պետք է նախապես գրանցվի Լիտվայի՝ վիզաները սպասարկող միջազգային վիզա կենտրոնի էջում և հանդիպման օր ամրագրի։ Այս դեպքում ևս չհաջողվեց ինքնուրույն օր ամրագրել։

Զբոսաշրջային գործակալություններից մեկը մեզ առաջարկեց Լիտվայի դեսպանատանը 30 000 դրամով օր ամրագրել՝ նշելով, որ համագործակցում են անհատի հետ, որը բոտի (ավտոմատացված ծրագրային համակարգ) միջոցով կարողանում է օր ամրագրել։
Ինչ վերաբերում է Հունաստանի դեսպանատանը, ապա վերջինս էլ վիզաների տրամադրումը կազմակերպում է վիզա կենտրոնի միջոցով։ Ինքնուրույն ամրագրման փորձ արած քաղաքացիները, սակայն, պնդում են, որ հնարավոր չէ օր ամրագրել։ Մնում է վճարովի ծառայությունից օգտվել։

Զբոսաշրջային գործակալություններից մեկն առաջարկեց Հունաստանի դեսպանատանը սովորական տարբերակով օր ամրագրել 25 000 դրամի դիմաց։ Նաև նշեց, որ արդեն փաստաթղթերը հանձնելիս վիզա կենտրոնում պետք է մոտ 35 000 դրամ վճարենք, այսինքն՝ ընդհանուր մոտ 60 000 դրամ։ Հարցին, թե ինչպես են սովորական տարբերակով օր ամրագրելու, եթե մեզ մոտ չի ստացվում, չմանրամասնեցին։
Սովորական տարբերակով օր ամրագրելու անհնարինության դեպքում մի շարք դեսպատների համար հնարավոր է վիզա կենտրոնում հավելյալ վճարի դիմաց արտահերթ տարբերակով օր ամրագրել։ Այս ծառայությունների գները տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցող միջազգային վիզա կենտրոններում տարբեր են։ Օրինակ՝ Իսպանիայի հյուպատոսությունում արտահերթ տարբերակով հանդիպման օր ամրագրելու համար պետք է վճարել հավելյալ 20 000 դրամ, Հունաստանի դեպքում՝ մոտ 15 000 դրամ (35 եվրո), Իտալիայի դեպքում՝ 20 000 դրամ և այլն։
Ի պատասխան #CivilNetCheck-ի հարցմանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնեցին, որ նման դեպքերում ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն, սակայն կարող է գանձվել հավելյալ գումար ծառայությունների համար, որոնք կապված չեն վիզայի տրամադրման հետ, ինչպես, օրինակ, փաստաթղթերի տեղափոխումը հյուպատոսություն, անհատական սպասասրահ և այլն։
2024-ից Բուլղարիան մասնակի միացել է Շենգենյան գոտուն, ինչը նշանակում է, որ Բուլղարիան ևս կարող է Շենգենյան վիզա տրամադրել։ Ներկայում Հայաստանի քաղաքացիները դժվարությունների չեն բախվում Բուլղարիայի դեսպանատնից վիզա ստանալու հարցում, բայց երկիր մուտք գործելուն պես հաճախ արգելվում է Հայաստանի քաղաքացիների մուտքը, նրանք հայտնվում են մեկուսարաններում։
Հավելյալ դժվարություններ՝ վիզայի համար հանդիպման օր ամրագրելու հետ կապված
Մի շարք դեսպանատներ փոխել են վիզայի համար հանդիպման օր ամրագրելու համակարգը, սակայն դրանից հետո հավելյալ դժվարություններ են առաջացել։
Սոցցանցերի խմբերում քաղաքացիները ամիսներ շարունակ հրապարակումներ են անում՝ հասկանալու համար, թե Գերմանիայի դեսպանատանը որ ամսին հերթագրվածների հերթն է հասել։ Այսինքն, Գերմանիա մեկնելը Հայաստանի քաղաքացիները պետք է 6-7 ամիս շուտ ծրագրեն։

Ե՛վ Լեհաստանի, և՛ Չեխիայի դեսպանատները խաղարկության միջոցով են ընտրում դիմողներին, որոնք կկարողանան դեսպանատանը հանդիպման օր ստանալ և հանձնել փաստաթղթերը։ Այսինքն, որևէ հստակություն չկա. միայն հաջողակները կկարողանան փաստաթղթերը հանձնելու հնարավորություն ունենալ, որից հետո դեսպանատունը կորոշի՝ տրամադրում է վիզա, թե ոչ։
#CivilNetCheck-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայտնել է, որ այսուհետ զբոսաշրջային գործակալությունները չեն կարողանա չեխական վիզաների դիմաց գումար աշխատել։
«Մենք վերացնում ենք տարբեր «ծառայությունների» համար գումար գանձելու հնարավորությունը»,- ասել է դեսպանը:
Չնայած դրան, համացանցում հանդիպեցինք գովազդների, որտեղ զբոսաշրջային գործակալությունները խոստանում էին աջակցել չեխական վիզա ստանալու հարցում։

Դիմեցինք նման գործակալություններից մեկին, պահանջեցին 20 000 դրամ միայն օր ամրագրելու համար։ Ասացին, որ մինչև նոյեմբեր պարբերաբար կդիմեն մեր անունով՝ վստահեցնելով, որ հաջողված փորձեր են ունեցել և մի քանի անգամ դիմելուց հետո կկարողանան օր ամրագրել։ Ամբողջ փաթեթը, որի մեջ մտնում էր նաև փաստաթղթերի պատրաստումը, արժեր 40 000 դրամ։
Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպման օր ամրագրելու համար անհրաժեշտ է նամակ գրել համապատասխան էլփոստին, բայց հայտնի չէ, թե երբ պատասխան կստանաք։ Այսինքն՝ նման դեպքերում Հայաստանի քաղաքացին հնարավորություն չունի իրեն հարմար օր ու ժամ ընտրել՝ փաստաթղթերը հանձնելու համար, այլ պետք է նամակ գրի թռիչքից ամիսներ առաջ ու սպասի, թե երբ դեսպանատունը հանդիպման կկանչի։
Զբոսաշրջային կազմակերպություններից մեկը հստակ օր չնշեց, բայց երաշխավորեց, որ մինչև նոյեմբեր 30 000 դրամի դիմաց Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպման օր կամրագրի մեզ համար։
Ինչո՞վ են պայմանավորված դեսպանատներում մեծ թվով հերթերը
ԵՄ Խորհրդի կանոնակարգի 7-րդ հոդվածում նշվում է․ «Անդամ պետությունները պետք է համոզված լինեն, որ հանրությանը առաջարկվող ծառայությունների որակը բարձր է և համապատասխանում է պատշաճ վարչարարության նորմերին։ Նրանք պետք է հատկացնեն համապատասխան թվով վերապատրաստված անձնակազմ, ինչպես նաև բավարար ռեսուրսներ, որպեսզի հնարավորինս հեշտացնեն վիզայի դիմելու գործընթացը։ Անդամ պետությունները պետք է ապահովեն, որ «մեկ կանգառի» սկզբունքը կիրառվի բոլոր դիմողների նկատմամբ»։
Ամիսներ առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով դեսպանատներում մեծ թվով հերթերին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ համավարակի ժամանակ դեսպանատներում անձնակազմը կրճատվել էր, այնինչ քովիդից հետո վիզաների համար դիմողների թիվը մեծացել է։ Վիզայի համար դիմողների թիվն իսկապես մեծացել է։ Հատկանշական է, որ մեծացել է նաև մերժում ստացածների թիվը։

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև վստահեցրել էր, որ դեսպանատներն ամեն ինչ անում են՝ վերադառնալու մինչքովիդյան իրավիճակին։
Ի՞նչ քայլեր են իրականացվում
Բավականին ժամանակ է անցել համավարակից։ ԵՄ պատվիրակության ղեկավարին ուղղված հարցման մեջ խնդրել էինք պատասխանել՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել դեսպանատները մինչքովիդյան իրավիճակին վերադառնալու համար։ Ի պատասխան՝ պատվիրակությունից հայտնեցին, որ «հանձնաժողովը պարբերաբար կոչ է անում անդամ պետությունների՝ վիզաներով զբաղվող համապատասխան կառույցներին բարելավել իրենց գործառնական կարողությունները և լուծել այդ խնդիրը՝ ավելի շատ հանդիպման օրեր նշանակելով»։
Իսկ արտաքին գործերի նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ վիզաների հետ կապված խնդիրը «հյուպատոսական ուղղությամբ շփումների մշտական օրակարգային հարց է, որը բարձրացվում է յուրաքանչյուր պատեհ առիթով»։
Այսպիսով, ԵՄ երկիր մեկնել ծրագրող ՀՀ քաղաքացինները, չնայած թղթի վրա ամրագրված դյուրին ընթացակարգերին և ցածր վճարներին, բախվում են բազմաթիվ խնդիրների, ընդհուպ՝ նվաստացման վիզա ստանալու համար։ Գործընթացները փաստացի այնպես են կազմակերպված, որ անձն ինքնուրույն չի կարող հանդիպման օր ամրագրել։
Փաստերի ստուգում
Հասանելի է
english
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck









