Գլխավոր Լրահոս

Լիմոնը, սոդայի և լիմոնի խառնուրդը քաղցկեղի բջիջները չեն վերացնում․ գրառումն անհիմն է

Լիմոնը, սոդայի և լիմոնի խառնուրդը քաղցկեղի բջիջները չեն վերացնում․ գրառումն անհիմն է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Համացանցում և սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում «այս բույսը, միրգը կամ բանջարեղենը կբուժի ձեր հիվանդությունները» պնդումներով հոդվածներ և գրառումներ։ Այս պնդումները հաճախ հիմնված չեն լինում որևէ գիտական ապացույցի վրա, սակայն, սովորաբար, այսպիսի նյութերը մեծ տարածում եմ ստանում հանրության շրջանում։

Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջը տարածում է գրառում՝ լիմոնի՝ 12 տեսակի քաղցկեղի բջիջներ վերացնելու վերաբերյալ։

Գրառման մեջ նաև նշվում է, թի կերակրի սոդայի և լիմոնի խառնուրդը տարեկան 1 000 մարդու կյանք է փրկում։

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։ 

Արդյոք սոդայի և լիմոնի խառնուրդը վերացնո՞ւմ է քաղցկեղի բջիջները

#CivilNetCheck-ին չհաջողվեց գտնել որևէ հետազոտություն՝ սոդայի և լիմոնի խառնուրդի՝ քաղցկեղը բուժելու կամ քաղցկեղի բջիջները վերացնելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, կան տարբեր հետազոտություններ առանձին սոդայի և լիմոնի ազդեցության մասին։

Սոդայով հնարավոր չէ բուժել քաղցկեղը: Սակայն որոշ հետազոտություններ ենթադրում են, որ այն կարող է ունենալ հակաուռուցքային ազդեցություն։

Քաղցկեղը՝ ըստ դրա տեսակի և օրգանիզմում զարգացվածության աստիճանի, հիմնականում բուժվում է վիրահատությունների, քիմիական կամ ճառագայթային թերապիայի միջոցով։

Էկրանապատկերը՝ անհիմն լուրը տարածող ֆեյսբուքյան էջին կցված հոդվածի տեսանյութից

Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ սոդայով քաղցկեղը բուժող անձինք հաճախորդներին ստիպել են հրաժարվել հիվանդանոցային բուժումից։ Նրանց արգելվել է առողջապահական ծառայություններ մատուցել՝ անհատների առողջության վրա վնասակար ազդեցություն ունենալու հիմքով։

Նշենք, որ COVID-19-ի բռնկման ժամանակ լուրեր էին տարածվում, որ սոդայի և լիմոնի խառնուրդը կանխում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը, ինչը ևս հերքվել է։

Լիմոնը մի շարք օգտակար հատկություններ ունի, բայց չի բուժում քաղցկեղը

Չնայած գրառման մեջ նշվում է, որ «20-ից ավելի հետազոտություններ պարզել են՝ լիմոնը վերացնում է 12 տեսակի քաղցկեղի բջիջներ», սակայն գրառմանը կցված հոդվածում որևէ հետազոտության հղում չի արվում։

Որոշ հետազոտություններում և գիտական հոդվածներում իսկապես նշվում է լիմոնի և այլ ցիտրուսների մեջ պարունակվող նյութերի՝ քաղցկեղի դեմ պայքարում որոշակի դրական ազդեցության մասին, սակայն դա չի նշանակում, որ միայն ցիտրուսներ օգտագործելով հնարավոր է բուժել քաղցկեղը։

«Կիտրոններով քաղցկեղի բուժման հույսը հիմնականում հիմնված է լիմոնեն կոչվող մի մոլեկուլի վրա։ Լիմոնենը գտնվում է կիտրոնների և այլ ցիտրուսային մրգերի կեղևների յուղերում։ Այն կարող է ազդել բջիջների աճի վրա լաբորատոր պայմաններում, այդ իսկ պատճառով ուսումնասիրվել է՝ պարզելու, արդյոք այն կարող է օգնել քաղցկեղի բուժմանը։ Սակայն, չկա կայուն ապացույց, որ լիմոնեն օգտագործող քաղցկեղ ունեցող մարդիկ՝ լինի այն հավելանյութերի տեսքով, թե ցիտրուսային մրգեր ուտելով, ավելի լավ արդյունքներ են ունենում կամ ավելի հավանական է, որ կբուժվեն»,- նշում է  ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի հոդվածում։

Այլ երկրներում ևս մեծ տարածում են ունեցել լիմոնով քաղցկեղը բուժելու վերաբերյալ պնդումները։ Արկանզասի բժշկական գիտությունների համալսարանը, փաստերի ստուգմամբ զբաղվող ամերիկյան Snopes.com-ը և այլ կայքեր հերքել են լուրը։

Ինչպես է տարածվում կեղծ տեղեկությունը

Գրառումը տարածվում է «Լրատվություն/News» ֆեյսբուքյան էջով, սակայն նույն գրառումը պարբերաբար տարածվել է 2018-ից սկսած։

Գրառմանը կցված հոդվածում «Ժամանց և Տեղեկատվություն» յութուբյան ալիքի տեսանյութն է, որտեղ նույնպես նշվում է լիմոնի և սոդայի միջոցով քաղցկեղի բջիջները վերացնելու մասին։

Հատկանշական է, որ յութուբի ալիքում նշվում է, որ հոլովակներն ունեն ճանաչողական բնույթ, լուրջ առողջական խնդիրների դեպքում պետք է դիմել բժշկի։

Էկրանապատկերը՝ «Ժամանց և Տեղեկատվություն» յութուբյան էջից

Այսպիսով, տարածվող գրառումը, թե լիմոնը կամ կերակրի սոդայի ու լիմոնի խառնուրդը կարող են վերացնել քաղցկեղի բջիջները կամ բուժել քաղցկեղը, անհիմն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում