«Քարֆուրը» մրցույթով մեքենա չի խաղարկում. գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Քարֆուր» սուպերմարկետի անունից՝ իբրև ընկերությունը մեքենա է նվիրում գրառման մեջ նշված թիվը ճիշտ գուշակողներին։
Գրառումը տարածվում է «Carrefour Fans» անվանումով ֆեյսբուքյան էջով։ Նույն էջը նախկինում կեղծ գրառումեր էր տարածել այն մասին, թե «Քարֆուր» սուպերմակետը հեռուստացույցներ է նվիրում, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Ֆեյսբուքյան այս էջը որևէ կապ չունի «Քարֆուր» սուպերմարկետների հետ, որի պաշտոնական էջի անունն է Carrefour Armenia:
Մրցանակը ստանալու համար գրառման հեղինակները պահանջում են տարածել գրառումը 10-15 ֆեյսբուքյան խմբերում՝ նպատակ ունենալով մեծացնել գրառման դիտելիությունը և նոր մարդկանց ներգրավել։ Գրառումը արդեն իսկ մեծ տարածում է ստացել օգտատերերի շրջանում, որոնք նույնիսկ բջջային հեռախոսի համարներն են գրում մեկնաբանություններում։
«Carrefour Fans»-ից նշում է, թե իրենց թիմը ստուգելու է, թե որքան է մասնակիցը տարածել գրառումը, բայց անկախ այն հանգամանքից՝ քանի ֆեյսբուքյան խմբում կտարածվի գրառումը, միևնույն է, բոլոր մասնակիցներին ուղարկում են նույն հղումը, պահանջում այցելել հղումով և գրանցվել կայքում։

«Carrefour Fans»-ի կցած հղումը տանում է ֆիշինգային կայք, որը մասնակիցների տվյալներն է կորզում։ Կեղծ էջից ուղարկված հղումը ֆոնային տարբերակով այլ ծրագրեր է ներբեռնում համակարգչում։

Այսպիսով, «Քարֆուր» սուպերմարկետը մեքենա չի խաղարկում, սուպերմարկետի անունից կեղծ գրառումներ տարածող էջի նպատակը օգտատերերի տվյալները հավաքելն է։
CivilNetCheck
Civilnet










