Idram-ն ու IDBank-ը կարծիք թողնելու կամ հարցմանը մասնակցելու համար գումար չեն տալիս

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ Idram-ի և IDBank-ի անունից, որտեղ առաջարկվում է թողնել կարծիք կամ մասնակցել հարցմանը և դրա դիմաց գումար ստանալ։ Այս գրառումներն իրականում խաբեություն են։
Առաջին անգամը չէ, որ Idram-ի կամ IDBank-ի անունն օգտագործվում է զեղծարարություն իրականացնելու համար։
Idram-ի անունից տարածվող գրառման մասին
Տարածվող գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Դուք ապրում եք Հայաստանում և դուք օգտվում եք Իդրամ բանկի՞ց: Թողեք կարծիք մեր բանկի մասին և ստացեք 20 000 դրամ»։
Գրառումը տարածվում է նոյեմբերի 13-ին ստեղծված Armenian Fire ֆեյսբուքյան էջով։

Էջում չկա որևէ ակտիվություն, չկան նաև հետևորդներ (follow) կամ հավանողներ (like), ինչը ցույց է տալիս, որ էջը ստեղծվել է բացառապես Idram-ի վերաբերյալ գովազդային գրառումը տարածելու նպատակով։
Գրառման մեջ նշվում է, որ հարցմանը կարող են մասնակցել Idram բանկի հաճախորդները, այնինչ այդպիսի անվանումով բանկ չկա Հայաստանում. գործում է IDBank-ը, որը Idram ընկերության հետ ID Group-ի մաս է կազմում։
Հարցմանը մասնակցելու համար կցված հղումով այցելելու դեպքում էջը տանում է IDBank-ի դոմեյնը նմանակող idbank-arm.com անվանումով կայք, որը տվյալներ կորզող ֆիշինգային կայք է։ Իսկ IDBank-ի իրական կայքը idbank.am-ն է։

IDBank-ի անունից տարածվող գրառման մասին
Սոցցանցերով տարածվող մյուս գրառման մեջ վստահություն ներշչնելու համար օգտագործվում է նաև երգիչ Արամ MP3-ի լուսանկարը, որն իսկապես հանդիպում է IDBank-ի գովազդներում, բայց որևէ առնչություն չունի այս գրառման հետ։
«Օգտվու՞մ ես RocketLine-ից։ Անցիր հարցում, ստացիր 20 000 դրամ»,- նշված է գրառման մեջ։ Գրառմանը կցված հղումը տանում է IDBank-ի դոմեյնը նմանակող idbanks.shop կայք, որը ևս տվյալներ կորզող ֆիշինգային կայք է։

#CivilNetCheck-ի հետ զրույցում IDBank-ից հերքում են կապը IDBank-ի կամ Idram-ի անունից տարածվող կեղծ հարցումների և կարծիք թողնելու դիմաց գումար առաջարկող կայքերի հետ։
Ի դեպ, IDBank-ի անունից նմանատիպ գրառումներ էին տարածվում նաև ամիսներ առաջ, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին, ինչպես նաև զգուշանալ անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց։ Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր տվյալները կամ կասկածներ ունեք, պետք է դիմեք ձեր բանկին պաշտոնական հեռախոսահամարով։
CivilNetCheck
Civilnet










