ԲՏԱ նախարարը չի հայտարարել, թե Հայաստանում տիեզերանավ կարտադրվի

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Մի շարք լրատվամիջոցներ մարտի 6-ին գրել են, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանն իբր հայտարարել է, որ Հայաստանում «օդանավեր ու տիեզերանավեր կարտադրվեն»:
Տեղեկությունը տարածել են News.am, Mediahub.am, Hraparak.am, Blognews.am, Operativ.am և մի շարք այլ կայքեր` ներկայացնելով որպես նախարարի կողմից կառավարության նիստի ընթացքում հնչեցված հայտարարություն:

#CivilNetCheck-ը պարզել է, որ լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածել՝ նախարարին վերագրելով հայտարարություն, որը նա չի արել։
Ի՞նչ է իրականում ասել Մխիթար Հայրապետյանը
Կառավարության մարտի 6-ի նիստի ժամանակ ԲՏԱ նախարարը ներկայացրել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում իրականացվող քայլերը: Հայրապետյանը հայտնել է, որ 2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենքը, որը կներառի ընդլայնված ոլորտային դասակարգիչներ:
Նախարարը մանրամասն ներկայացրել է տնտեսական գործունեությունների այն տեսակները, որոնք այսուհետ կհամարվեն բարձր տեխնոլոգիական և հնարավորություն կունենան օգտվելու պետական աջակցության ծրագրերից:
Այդ ցանկի մեջ իրոք նշվել է «օդանավերի, տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն» տնտեսական դասակարգիչը, սակայն դա արվել է միջազգային ստանդարտների համաձայն գործունեության տեսակների թվարկման համատեքստում:
«Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, այսինքն՝ հիմնականում գործունեության դասական դասակարգիչը, որի մեջ հիմնականում մտնում էին ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է, մենք փորձել ենք նաև միջազգային փորձը և ստանդարտները հաշվի առնելով, առաջին անգամ նաև ձևակերպել, սահմանել բարձր տեխնոլոգիաները», - նշել է նախարարը կառավարության նիստի ժամանակ և այնուհետև թվարկել այդ դասակարգիչները։
Նա թվարկել է տասնյակ ուղղությունների դասակարգիչներ, որոնց թվում են՝ «ավտոմեքենաների և դրանց շարժիչների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն», «օդանավերի, տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն», «օդանավերի, տիեզերանավերի, այլ թռչող սարքերի համար մասերի արտադրություն», «մարտական մեքենաների արտադրություն» և այլն:
Այսպիսով, լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր նախարարը հայտարարել է Հայաստանում «օդանավերի ու տիեզերանավերի արտադրության» մասին, իրականությանը չի համապատասխանում: Նա պարզապես թվարկել է այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք այսուհետ կդասակարգվեն որպես բարձր տեխնոլոգիական և կարող են օգտվել պետական աջակցության ծրագրերից:
Փաստերի ստուգում
CivilNetCheck
Civilnet










