«Կեղծ իրավաբանները» խաբում են արդեն խաբված քաղաքացիներին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում կրկին ակտիվորեն տարածվում են թիրախային գովազդներ, որոնք առաջարկում են «անվճար իրավաբանական օգնություն» և խոստանում վերադարձնել առցանց ներդրումներում կորցրած գումարները։
Վերջին շրջանում ֆեյսբուքյան մի շարք էջեր՝ NewSkill Pro, Vector protection, Digital Proof, Law Firm Global, Legal Forum, Back legal և այլն, ակտիվ գովազդներ են տարածում՝ հատուկ թիրախավորելով նաև հայաստանցի օգտատերերին։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա խարդախության սխեմա է, որը հատկապես թիրախավորում է ներդրումային հարթակներով հետաքրքրված և արդեն իսկ ֆինանսական խաբեության զոհ դարձած քաղաքացիներին։
Ինչպե՞ս է գործում խաբեությունը
Կեղծ գովազդին սեղմելուց հետո օգտատերերին առաջարկվում է լրացնել հայտ՝ տրամադրելով անձնական տվյալներ, ներառյալ հեռախոսահամար, անուն, էլփոստ և ներդրման պատմության մանրամասներ։ Հարցաթերթում պահանջվում է նշել, թե որքան գումար է կորցվել և ինչ ժամանակահատվածում։

Հայտը լրացնելուց հետո զանգ է գալիս արտերկրից. զանգահարողը ներկայանում է որպես իրավաբան կամ «ֆինանսական գործերի փորձագետ»։ Նա վստահեցնում է, որ կարող է օգնել վերադարձնել կորցրած գումարն ամբողջությամբ անվճար կամ առանց կանխավճարի՝ պահանջելով միայն վերադարձված գումարի մի փոքր տոկոսը հետագայում։
Խարդախները կարող են ներկայանալ տարբեր կերպարներով՝ իրավաբանական ընկերության ներկայացուցիչ, «կիբերոստիկանության» և Ինտերպոլի գործակալ, բանկային մենեջեր կամ միջազգային կազմակերպության աշխատակից։ Այս ամենը արվում է զոհերի մոտ վստահություն ձեռք բերելու նպատակով։
Վերադարձի խաբեություն՝ «հետաքննությունից» մինչև վճարման պահանջ
Հաղորդակցության առաջին փուլում «իրավաբանները» պահանջում են փաստաթղթեր, որոնք ապացուցում են գումարի կորուստը՝ բանկային փոխանցումներ, նամակագրություն, անձնագրի պատճեն։ Մի քանի օր անց նրանք հայտնում են, թե իբր գտել են կորցրած գումարը «օֆշորներում»՝ հաճախ պնդելով, որ այն նույնիսկ աճել է։
Այս փուլում խարդախները ցույց են տալիս կեղծված էկրանապատկերներ՝ որպես ապացույց, որ գումարն արդեն պատրաստ է փոխանցման։ Սակայն կորցված գումարի փոխանցման «վերջնական հաստատման», «փաստաթղթերի վավերացման», «ցանցային վճար» կամ այլ հորինված պատրվակով խարդախները պահանջում են նախապես գումար վճարել։
Այս տեսակի խարդախությունը հայտնի է որպես «վերադարձի խաբեություն» (recovery scam)։ Խարդախները թիրախավորում են այն անձանց, որոնք արդեն կորցրել են գումար և բնականաբար ուզում են այն հետ ստանալ, ինչը նրանց դարձնում է ավելի խոցելի։
#CivilNetCheck-ը Meta-ի հետ համագործակցությամբ աշխատում է սահմանափակել նմանատիպ գովազդները, սակայն խարդախները մշտապես ստեղծում են նոր էջեր՝ արգելափակումները շրջանցելու նպատակով։
Օրերս #CivilNetCheck-ը անդրադարձել էր նմանատիպ խարդախությունների, որտեղ, սակայն, օգտագործվում էր արհեստական բանականությամբ գեներացված կեղծ տեսանյութ և ոստիկանության անունից խոստանում օգնել քաղաքացիներին վերադարձնել առցանց ներդրումներում կորցրած գումարները։
Տես՝ Սոցցանցերում ոստիկանության անունից տարածվող գովազդը կեղծ է
CivilNetCheck
Civilnet










