Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է գովազդային տեսանյութ, որտեղ հայտնի հայ հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն իբր բացահայտում է իր «հաջողության գաղտնիքը» և խորհուրդ է տալիս ներդրում կատարել կասկածելի հարթակում։
Հայաստանյան օգտատերերին կեղծ էջերի միջոցով թիրախավորող գովազդային տեսանյութում «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի հաղորդավարուհին ռուսերենով իբր հաղորդում է, թե Գարիկ Մարտիրոսյանը բացահայտել է հեշտ գումար աշխատելու հարթակ։
Այնուհետև տեսանյութում հայտնվում է Գարիկ Մարտիրոսյանի հարցազրույցից հատված, որտեղ նրա ձայնը պատմում է «WhatsApp AI» անվամբ ներդրումային հարթակի մասին, որի օգնությամբ նա իբր հարստացել է։ Տեսանյութին կից հղումը տանում է նշված հարթակ։

Կեղծ տեսանյութերում ձայները սինթեզված են արհեստական բանականությամբ
Իրականում տարածվող տեսանյութերն ամբողջությամբ կեղծ են և ստեղծվել են դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով։ Ներդրումային հարթակը ևս կեղծ է։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսանյութում օգտագործվել են «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Երկիրն այսօր» հաղորդման եթերից հաղորդավարուհի Ինեսա Սուքիասյանի պատկերն ու սինթեզված ձայնը՝ ռուսերեն խոսքի գեներացման համար։
Նույն կերպ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ կադրերը վերցված են 2023-ի փետրվարին նրա տված հարցազրույցից, որտեղ նա չէր խոսել որևէ ներդրումային հարթակի մասին։
Սա տարածված խարդախության սխեմա է, երբ նախ հաղորդավարի սինթեզված ձայնի միջոցով հայտարարվում է ցնցող լուր հայտնի անձի մասին, այնուհետև արդեն հայտնի մարդու ձայնի և պատկերի կեղծման միջոցով խորհուրդ է տրվում օգտվել ներդրումային հարթակից կամ գումարի հետվերադարձի ծառայությունից։
Տես՝ Հայտնի անձանց և լրագրողների դիփֆեյքերով կրկին խարդախություն է տարածվում
«WhatsApp AI» անվամբ հարթակը ներկայանում է որպես նորարական ներդրումային հարթակ՝ արհեստական բանականության հիման վրա գործող։ Կայքը խոստանում է ամսական մինչև 14,000 եվրո եկամուտ, բացի այդ շտապեցնող տեքստերի միջոցով՝ «մնացել է ընդամենը 12,582 տեղ 100,000-ից», «անցագիրը վավեր է 24 ժամ դրդում են արագ գործելու»։
Ըստ տվյալների՝ կայքի դոմեյնը գրանցվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ 2025-ին ապրիլի 23-ին, անանուն ծառայության միջոցով, իսկ հետքերը տանում են դեպի Ուկրաինա։

Հարթակում պահանջվում է մուտքագրել անձնական տվյալներ, այդ թվում՝ հեռախոսահամար, անուն և էլեկտրոնային հասցե։ Տվյալները տրամադրելուց հետո շուտով խարդախները զանգահարում են նշված հեռախոսահամարին և փորձում զոհերից գումար կորզել՝ ներդումային հարթակի «հաշվեհամարը լիցքավորելու» կամ այլ պատրվակներով։

Նմանատիպ խարդախությունների տարածման նպատակով խարդախներն ավելի վաղ օգտագործել են նաև 1in.am-ի հաղորդավարի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների, ինչպես նաև գործարար Ռուբեն Վարդանյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ հայտնի անձանց դիփֆեյքերը։
Ֆինանսական խարդախությունների թիրախում հայտնվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում չսեղմել կասկածելի գովազդների հղումներին, չտրամադրել անձնական տվյալներ կասկածելի կայքերին և չփոխանցել գումարներ անհայտ ներդրումային ընկերություններին։
CivilNetCheck
Civilnet











