Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, որն անհետ կորած է համարվում մայիսի 4-ից։ Ներքին գործերի նախարարության հիմնական վարկածն այն է, որ երեխան ընկել է Մարմարիկ գետը։
Միաժամանակ, այս օրերին սոցիալական ցանցերում տարածվում են անհիմն և հորինված պնդումներ երեխայի անհետացման մասին՝ դիտելիությունը բարձրացնելու նպատակով։
#CivilNetCheck-ը հավաքել է տարածվող պնդումները, որոնք հերքվել են պետական մարմինների և երեխայի ընտանիքի կողմից։
Սենսացիոն գրառումներ՝ առանց բովանդակության
Մինչ փրկարարները շարունակում են որոնումները, ֆեյսբուքյան էջերում տարածվում են սենսացիոն ձևակերպումներով վերնագտրեր՝ «Տիգրանի մայրը վերջապես խոսեց․ ինչ է նա պատմել», «Էսի մի հատ լավ նորությունա․․․Էքստրասենս Վան Հարությունյանը` Տիգրանի որոնման մասին»։ Սակայն երբ սեղմում ենք կցված հղմանը, վերնագրով խոստացված տեղեկությունները բացակայում են։

Որոշ լրատվամիջոցներ ևս մոլորեցնող վերնագրերով լուրեր են տարածում։ Օրինակ՝ «Գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկի ոտք, գլուխ» վերնագրից տպավորություն է ստեղծվում, թե երեխային պատկանող իրեր են դուրս բերվել։ Հոդվածում, սակայն, ընդամենը նշվում է, որ ջրասուզակները ամեն ինչ հանում են գետից։
«Գետից ինչ գտնում ենք՝ հանում ենք, կոշիկ, շոր, տիկնիկի գլուխ, ոտք, ցույց ենք տալիս հարազատներին»,- ասում է ջրասուզակը։

Երեխային գնչուներն են գողացել
Սոցցանցերում տարածվում են գրառումներ՝ պնդմամբ, թե երեխային գնչուներն են առևանգել։ ««Իմ աչքով եմ տեսել՝ Գնչուները տարան»․ գյուղացին վերջապես խախտեց լռությունը Տիգրանի գործով»,- նշվում է գրառման մեջ։ Դրա հոդվածը ռուսերեն լեզվով է, որտեղ հստակ չի խոսվում Տիգրանի մասին, այլ առանց նույնականացվող տվյալների՝ անուն, դեպքի վայր և այլն, մի քանի երեխաների անհետացման դեպքերի մասին է պատմվում։

Մինչդեռ, հոդվածին կցված տեսանյութում մեկնաբանը հայերենով պնդում է, թե երեխայի անհետացման օրը հարևանները գյուղում տեսել են սև մեքենա, որի մեջ գտնվել են գնչուական արտաքինով անձինք։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ այդ վարկածը ստուգվել է և կապ չունի երեխայի անհետացման հետ։
Անհետացման մեջ կասկածվում է հարևանուհին, երեխային գողացողը նրան փնտրողների մեջ է
Տարածվում են հրապարակումներ, թե Տիգրանի անհետացման մեջ մեղավոր է հարևաններից մեկը։ Մի դեպքում նշվում է, թե այս վարկածը հայտնել է էքստրասենսը, մեկ այլ դեպքում՝ արհեստական բանականությունը։
Գրառումներից մեկը տարածվում է էքստրասենս Լուսյա Հակոբյանի և հարևանուհու լուսանկարներով՝ ակնարկելով, թե հարևանուհին կապ ունի անհետացման հետ։ Գրառման մեջ նշված է.««Ես ասում եմ՝ Ժուլյետին բռնեք»․ Լուսիա Հակոփանի հայտարարությունը ցնցեց բոլորին։ Ի՞նչ կապ ունի նա փոքրիկի անհետացման հետ»։

Մինչդեռ Լուսյա Հակոբյանը նման հայտարարություն չի արել, ավելին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ հորդորելով անհիմն լուրեր չտարածել երեխայի անհետացման հետ կապված։
Իսկ ՆԳՆ-ից պարբերաբար նշում են, որ առաջ քաշված բոլոր վարկածները ստուգվում են․ «Զրույցներ են տարվել ավելի քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ»։
Էքստրասենսը տեսել է, թե որտեղ է պահվում Տիգրանը
Մի շարք Ֆեյսբուքյան էջեր տարածում են գրառումներ՝ պնդմամբ, թե էքստրասենսները հստակ նշել են երեխայի գտնվելու վայրը։ Տարբեր գրառումների համաձայն՝ երեխան գտնվում է հին շինության ներսում, նկուղում կամ գետի հակառակ կողմում։
Այս դեպքում ևս հրապարակմանը կցված հոդվածը ռուսերենով է։ Ըստ հոդվածի՝ կամավորները հետևել են էքստրասենսի խոսքերին, գտել նկարագրած շինությունը և այնտեղ հայտնաբերել են երեխայի իրեր։

Երեխայի որոնումներին իսկապես մասնակցել են էքստրասենսներ։ Տիգրանի հարազատները, սակայն, հայտնել են որ նրանց նշած վայրերն արդեն ստուգվել են, բայց երեխան չի գտնվել։
«Ման եկան, իրենց ասած տեղերն էլ նայեցին։ Էքստրասենսերը ոչ գտան, ոչ էլ երևաց։ [...] Ասացին փոսի մեջ է, այդտեղ խողովակներ են գնում, ջրհոր կա, այդտեղ գնացել, նայել են, չի եղել»,- ասել է բարեկամուհին։
Երեխայի մայրն ինքնասպանության փորձ է արել
Ֆեյսբուքյան էջերը կեղծ գրառումներ են տարածել նաև այն մասին, թե անհետ կորած երեխայի մայրը փորձել է գցել իրեն կամրջից երեխայի ծննդյան օրը՝ մայիսի 9-ին։
Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը, սակայն, #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքել է այս լուրը։
Այսպիսով, ֆեյսբուքյան որոշ էջեր և սունկ կայքեր օգտվում են դժբախտ պատահարի թեմայից՝ տարածելով կեղծ և մոլորեցնող տեղեկություններ՝ կայքերի այցելությունները մեծացնելու և գովազդից եկամուտ ստանալու նպատակով։ Այդ կայքերը լի են անորակ գովազդով, իսկ հոդվածների մի մասը է ռուսերենով է, ինչը թույլ է տալիս թիրախավորել նաև ռուսախոս լսարանին։
Բացի այդ, որոշ ֆեյսբուքյան գրառումներին կցված են տելեգրամի հղումներ։ Մոլորեցնող գրառումները խայծ են, որոնց նպատակը տելեգրամյան էջերի հետևորդների թիվը մեծացնելն է։
CivilNetCheck
Civilnet











