Գլխավոր Լրահոս

«Սաս»-ի և «Երևան Սիթի»-ի անունից վիրուսային գրառումներ են տարածվում

«Սաս»-ի և «Երևան Սիթի»-ի անունից վիրուսային գրառումներ են տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սաս» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունները ծննդյան առթիվ նվերներ և կանխիկ գումար են տալիս։

«SAS սուպերմարկետի ծննդյան օրը նշելու համար բոլոր նրանք, ովքեր մեր էջում կգրանցեն «Շնորհավոր ծնունդդ» մինչև 2025-ի հունիսի 18-ը, կստանան բացառիկ նվեր-տոպրակ, կանխիկ գումար և վաուչերներ»,- նշված է գրառումներից մեկում։

«Երևան Սիթիի» անունից տարածվող գրառման մեջ էլ խոստանում են նվերներ այն օգտատերերին, որոնք ճիշտ կգուշակեն պատկերի թիվը։ 

Այս գրառումները հարյուրավոր տարածումներ (share) ունեն։ Մինչդեռ, սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում են հայտնի սուպերմակետների անունները վստահություն ներշնչելու նպատակով։

Էկրանապատկերը՝ սուպերմարկետների անունից գրառումներ տարածող էջերից

Ինչպե՞ս են տարածվում գրառումները, ո՞րն է դրանց նպատակը

Գրառումները տարածվում են «SAS.Supermarkets.» և «Yerevan City Supermakets.» անվանումներով ֆեյսբուքյան էջերով։ 

Գրառումների տակ մեկնաբանություն գրելուց հետո օգտատերերին ուղարկում են հղում, որից հետո իբր գումարը ստանալու համար պահանջում են գրանցվել կայքում։ 

Երկու կայքերի հասցեներն էլ միանման են, և երկուսն էլ ստեղծվել են անվճար կայքեր ստեղծելու միևնույն հավելվածով։

Էկրանապատկերը՝ «Սաս» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից ուղարկված կայքերից

Ե՛վ «SAS.Supermarkets.», և՛ «Yerevan City Supermakets.» անվանումներով ֆեյսբուքյան էջերի ուղարկած հղումները տանում են մեկ ուրիշ՝ luxcgo.com անվանումով կայք, որն իր հերթին պահանջում է որոշ ֆայլեր ներբեռնել։ Այն, սակայն, վիրուսային ծրագրեր պարունակող կայք է և ֆայլերը ներբեռնելու հետևանքով օգտատերերը կարող են վնասել համակարգիչը կամ ներբեռնել տեղեկություններ գողացող ծրագրեր (infostealer):

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան էջերի ուղարկած կայքից և դրա վիրուսային լինելու վերաբերյալ տեղեկությունները

«Սաս» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Sas Supermarkets-ն է, «Երևան Սիթինը»՝ Yerevan City Supermarkets-ը, որոնց էլ փորձել են նմանակել կեղծ էջերը։

Էկրանապատկերում՝ «Սաս» սուպերմարկետների ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջը և կեղծ էջը

Իսկ կեղծ գրառումներին կցված լուսանկարները վերցված են համացանցից։ 

«Երևան Սիթիի» անունից նախկինում ևս կեղծ գրառումներ են տարածվել, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Ընկերությունն իր պաշտոնական էջում հրապարակում է արել՝ հորդորելով խաղարկությունների և գործող ակցիաների մասին տեղեկանալ միայն պաշտոնական էջերից:

Այսպիսով, «Սաս» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից տարածվող գրառումները՝ նվերների վերաբերյալ, կեղծ են։ Դրանց իրական նպատակը վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ տվյալներին հասանելիություն ստանալն է կամ վարակել նրանց համակարգիչները։


Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում