Nissan-ը մեքենաներ չի նվիրում․ զգուշացեք կեղծ խաղարկություններից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ՝ իբրև Nissan ընկերությունը բացման առթիվ մեքենաներ է նվիրում։
«Դուք պարզապես պետք է մուտքագրեք @, ապա սեղմեք ընդգծման կոճակը, և եթե այն կապույտ դառնա, դուք կմասնակցեք մրցույթին»,- նշված է գրառման մեջ։

Գրառումը հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ (share) ունի։ Մինչդեռ, սա հերթական խաբեությունն է, որտեղ օգտագործվում են հայտնի ընկերության անունը վստահություն ներշնչելու նպատակով։
Նվերի անվան տակ՝ վիրուսային ծրագրեր են տարածում
Գրառումը տարածվում է «MARCH, Club» անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է օրեր առաջ՝ 2025-ի հունիսի 19-ին։ Մեկնաբանություն գրելուց հետո ուղարկում են gassto.xys անվանումով կայքի հղումը՝ պահանջելով գրանցվել կայքում։

Այս կայքն իր հերթին վերահասցեագրում է (redirect) մեկ այլ կայք, որտեղ պահանջվում է որոշ ֆայլեր ներբեռնել։ Այն, սակայն, վիրուսային ծրագրեր պարունակող կայք է և ֆայլերը ներբեռնելու հետևանքով օգտատերերը կարող են վնասել համակարգիչը կամ ներբեռնել տեղեկություններ գողացող ծրագրեր (infostealer):

Nissan-ի հետ համագործակցող որևէ նոր ընկերություն վերջերս չի բացվել Հայաստանում։ Ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը «Մուրան» ՍՊԸ-ն է, որտեղից հերքում են կապը կեղծ էջի հետ։
Հայաստանում Nissan-ի պաշտոնական ներկայացուցչի կայքը nissan.am-ն է, ֆեյսբուքյան էջը՝ Nissan-ը։
Այսպիսով, Nissan-ի անունից նվերների վերաբերյալ տարածվող գրառումները կեղծ են։ Դրանց իրական նպատակը վնասաբեր հղումների միջոցով օգտատիրոջ տվյալներին հասանելիություն ստանալն է կամ վարակել նրանց համակարգիչները։
CivilNetCheck
Civilnet










