Սոցիալական ցանցերի տարբեր էջեր շարունակում են շահարկել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 2-ամյա Տիգրանի մահվան հանգամանքները։
Մայիսի 4-ից անհետ կորած Տիգրանի մարմինը հայտնաբերվեց շաբաթներ անց։ Որոնողական աշխատանքների ընթացքում, երբ երեխային ողջ գտնելու հույս կար դեռ, սոցիալական ցանցերում շրջանառվեցին կեղծ վարկածներ՝ դիտումներ ապահովելու նպատակով։ Դրանք չդադարեցին նույնիսկ երեխայի մարմինը հայտնաբերելուց հետո՝ այս անգամ արդեն մահվան «իրական պատճառների» վերաբերյալ։
«Դատաբժկական արդյունքները կեղծ են։ Վերջապես հրապարակվել է Տիգրանի մահվան իրական պատճառը»,- նշված է վերջին շրջանում տարածվող գրառումներից մեկում։
Մինչդեռ, երեխայի մահվան առթիվ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ Քննչական կոմիտեն սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
Սենսացիոն գրառումներ՝ երեխայի մահվան պատճառների հետ կապված
Երեխայի անհետացման հիմնական վարկածը Մարմարիկ գետն ընկնելն էր։ Նրա մարմինը հայտնաբերելուց հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Դրան զուգահեռ ֆեյսբուքյան բազմահազար հետևորդներ ունեցող էջերը տարածում են «Ո՞վ է իրականում մեղավոր Տիգրանի մահվան համար», «Քննությունը նոր փուլ է մտնում․ հարևանները պարզապես շոկի մեջ են», «Դատաբժկական արդյունքերը կեղծ են» վերտառությամբ գրառումներ։

Գրառումներին կցված կայքերում, սակայն, երեխայի մահվան պատճառների մասին նոր մանրամասներ չկան։ Օրինակ՝ «Ո՞վ է իրականում մեղավոր Տիգրանի մահվան համար» գրառմանը կցված է haylives.ru կայքի հղումը։ Թեև գրառումը և կցված հոդվածը տարածվում է 2-ամյա Տիգրանի լուսանկարով, սակայն, հոդվածում պատմվում է այլ Տիգրանի իբր անհետացման մասին։
Մեկ այլ՝ «Քննությունը նոր փուլ է մտնում․ հարևանները պարզապես շոկի մեջ են» վերտառությամբ գրառմանը կցված է arm.arminfonews.ru կայքի հղումը։ Թեև գրառումը հայերեն է, հոդվածը ռուսերենով է։ Հոդվածում քննության վերաբերյալ որևէ նոր մանրամասն չի ներկայացվում։ Նշվում է միայն, որ մի շարք անձինք արդեն հարցաքննվել են, այդ թվում՝ հարևանները։ Ընդ որում, ռուսերեն տեքստը մեծ հավանականությամբ գեներացված է արհեստական բանականության միջոցով։

«Դատաբժկական արդյունքերը կեղծ են» վերտառությամբ գրառմանը կցված yer.arminfonews.ru կայքի հոդվածը ևս ռուսերեն է։ Ըստ այդ հոդվածի՝ երեխայի ընտանիքը չի վստահել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և դրանք ուղարկել է Գերմանիա՝ կրկնակի փորձաքննության։
«Եզրակացության համաձայն՝ Տիգրանի մարմնում հայտնաբերվել են քիմիական նյութերի հետքեր, որոնք չեն հայտնաբերվել Հայաստանի դատաբժշկական կենտրոնում»,- նշված է հոդվածում։
Մինչդեռ, Քննչական կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնել են, որ դեռևս չեն ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, և քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում։
Այս դեպքում ևս, մեծ հավանականությամբ, ռուսերեն հոդվածը գեներացված է արհեստական բանականության միջոցով։

Նմանատիպ անհիմն գրառումների հիմնական նպատակը սենսացիոն ձևակերպումների միջոցով կցված կայքերի այցելություններն ապահովելն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Նման դեպքերում հաճախ օգտագործվում են «բոլորը շոկի մեջ են», «շտապ», «վերջապես լավ լուր» և նմանատիպ այլ ձևակերպումներ։
#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է 2-ամյա Տիգրանի ողբերգական դեպքը շահարկող գրառումներին։
Civilnet
CivilNetCheck











