Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են գրառումներ, որոնք հայտնում են հայտնի քաղաքական գործիչների հետ իբր տեղի ունեցած դժբախտ պատահարների կամ նրանց առողջական խնդիրների մասին։
«Սիրտը չդիմացավ։ Քիչ առաջ ցավալի լուր ստացանք Իշխան Սաղաթելյանից»,- նշված է գրառումներից մեկում։

Սակայն այս գրառումները կեղծ են և դրանց միակ նպատակը սենսացիոն վերնագրերով օգտատերերի ուշադրությունը գրավելն ու դիտումներ ապահովելն է։
Քաղաքական գործիչների առողջական վիճակի հետ կապված կեղծ գրառումները
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ գրառումը տարածվում է նրա լուսանկարի և սրտի ռիթմը պատկերող գրաֆիկի ուղեկցությամբ։ Գրառմանը կցված հոդվածում, սակայն, որևէ տեղեկություն չկա նրա առողջական վիճակի մասին։ Նշվում է միայն, որ նա վերջին շրջանում պասիվ է քաղաքական դաշտում, քանի որ զբաղված է նոր քաղաքական դաշինքի ձևավորմամբ։
«Նա պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ ոչ թե որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, այլ որպես անկախ գործիչ, որը վայելում է բնակչության աջակցությունը»,- ասվում է հոդվածում։
Մեկ այլ գրառման մեջ պնդում է արվում, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կաթված է ստացել, ինչի պատճառով էլ նրա ելույթը չեղարկվել է։
Հոդվածը, որը կցված է գրառմանը, հրապարակվել է հուլիսի 15-ին, որտեղ նշվում է, թե միջադեպը տեղի է ունեցել հենց այդ օրը։
«Ելույթի վայր մուտք գործելու թույլտվություն ստացած ականատեսները պնդում են, որ Էրդողանը կուրծքը բռնել էր, գունատվել, տատանվել և կորցրել էր հավասարակշռությունը», - ասվում է հոդվածում։

Իրականում նման միջադեպ գրանցվել է 2023-ին, երբ Էրդողանի մասնակցությամբ հեռարձակվող ուղիղ եթերը հանկարծակի ընդհատվել էր, իսկ դրանից հետո ժամանակավորապես դադարեցվել էր նրա նախընտրական քարոզարշավը։ Հուլիսի 15-ից մինչ օրս բաց աղբյուրներում Էրդողանի՝ կաթված ստանալու վերաբերյալ որևէ պաշտոնական կամ վստահելի տեղեկատվություն չի արձանագրվել։
Վթարների, դժբախտ պատահարների հետ կապված գրառումներ
Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են նաև կեղծ գրառումներ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ իբր տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին։
«Հրատապ․ դժբախտ դեպք Սամվել Բաբայանի հետ» վերտառությամբ գրառումները ուղեկցվում են նրա լուսանկարով և վառվող մոմի պատկերով, ինչը տպավորություն է ստեղծում, թե հենց Բաբայանի հետ է տեղի ունեցել դժբախտ պատահար։
Սակայն հղումով անցնելիս պարզվում է, որ, ինչպես Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ հոդվածում, այս դեպքում ևս որևէ դժբախտ դեպքի մասին խոսք չկա։ Հոդվածում նշվում է, թե Բաբայանը վերջին շրջանում պասիվ է քաղաքական դաշտում, քանի որ պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ նոր թափով։

«Վթարի է ենթարկվել Արփինե Հովհանիսյանը։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է մեկ այլ գրառման մեջ։
Այն տարածվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարով, որոնք, կարծես, հուղարկավորթյանն են մասնակցում։
Գրառմանը կցված հոդվածում ներկայացվում են նաև մանրամասներ. «Վթարը տեղի է ունեցել կեսօրին՝ Արտաշատի և Մասիսի միջև ընկած հատվածում»։

Այս դեպքում ևս տեղեկատվության բաց աղբյուրներում որևէ լուր չկա Արփինե Հովհանիսյանի մասնակցությամբ վթարի մասին։
Բոլոր գրառումներին կցված է arm.arminfonews.ru կայքը, որտեղ հրապարակված կեղծ լուրերին #CivilNetCheck-ը հաճախ է անդրադառնում։
Նմանատիպ անհիմն, սենսացիոն ձևակերպումների միջոցով գրառումների հիմնական նպատակը կցված կայքերի այցելություններն ապահովելն ու գովազդից եկամուտ ստանալն է։
Թեև ֆեյսբուքյան գրառումները հայերեն են, սակայն կցված կայքերում հոդվածները ռուսերենով են։ Ենթադրաբար դրա նպատակը ռուսախոս լսարանին ևս թիրախավորելն ոււ ավելի մեծ թվով դիտումներ հավաքելն է։
Նման դեպքերում հաճախ օգտագործվում են «բոլորը շոկի մեջ են», «շտապ», «վերջապես լավ լուր» և նմանատիպ այլ ձևակերպումներ։
Civilnet
CivilNetCheck











